Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այստեղով անցել է գերակա շահը

Այստեղով անցել է գերակա շահը
29.01.2016 | 13:28

«Գայլերը փարախում ձագեր են բերել, և դա մեր շների հեզությունից է»՝ սքանչելի տող է, չէ՞, Ռաֆայել Արամյանի պատմվածքից է՝ Անիի կործանման մասին: Մի քանի օր է՝ այդ տողը ռեֆրենի պես պտտվում է մտքումս՝ ինչ էլ գրեմ ու չեմ գրել մինչև հիմա, որովհետև, չգիտեմ ինչու, հավատում եմ, որ Անին ու Երևանը նույն ճակատագիրը չպիտի ունենան: Իսկ փաստերը վկայում են, որ Երևանը ևս նույն ճանապարհին է՝ չէ, դրսից չի գրավվում, ներսից է հանձնվում: Մենք ենք հանձնում, ինչպես՝ Անին: Արամի փողոցն ավերեցինք, բարեհաջող: Գերակա շահով: Սպանեք՝ չեմ հասկանում՝ ինչ է նշանակում գերակա շահ: Ո՞Ւմ շահն է, ինչո՞ւ, ի՞նչ սկզբունքով է գերակա: Ո՞վ է սահմանել այդ գերակայությունը: Պետությո՞ւնը: Այսինքն՝ մի քանի պաշտոնյաներ նստել ու որոշել են՝ ով որտեղ պիտի չապրի՞, ինչ պիտի քանդեն ու ինչ կառուցե՞ն: Իսկ ո՞վ է նրանց այդ իրավունքը տվել: Դեռ Հին Հռոմում սահմանվել էր, որ ոչ թե մարդիկ են օրենքների համար, այլ օրենքները՝ մարդկանց: Ինչո՞ւ է մեզ մոտ հակառակը: Ինչո՞ւ մենք թույլ ենք տալիս, որ հակառակը լինի: Լավ, քանդեք, քանդեք ամբողջը, Արամի փողոցը, Աբովյան փողոցը, Պուշկինի փողոցը, Թամանյանի կառուցածն էլ քանդեք՝ պատկերասրահից՝ Կառավարության շենքերը: Հանրապետության հրապարակն էլ ավերեք: Օպերան էլ քանդեք: Քանդեք հիմնահատակ ու շարեք ձեր դատարկ տուփերը, փողերը դիզեք ու նստեք վրան՝ հաշվելու, թե ինչ է մնացել քանդելու: Հետո՞: Ծախսելո՞ւ եք այդքանը: Հասցնելո՞ւ եք: Ձեր ժառանգները հասցնելո՞ւ են: Թե՞ փողը փող է սիրում ու այլևս ի վիճակի չեք կանգ առնել: Բաղրամյան ե՞րբ եք հասնելու: Լիքը շենքեր կան, որ պետք է քանդել: Գրողների միությունը, Սահմանադրական դատարանը, դեսպանատները, Ազգային ժողովի շենքը, նախագահականը՝ մինչև Կասյան: Քանդեք: Անպայման գիշերով: Դատարանն էլ է ձերը, բուլդոզերն էլ է ձերը, քաղաքապետարանն էլ է ձերը, վարձու ճարտարապետներն էլ են ձերը, ամեն ինչ ձերն է՝ քանդեք: Հանկարծ կանգ չառնեք: Հենց կանգ առաք, ձեզ են քանդելու՝ ձեր անհագ փողասիրության ու մանկուրտի հոգեբանության հետ: Ոչինչ չթողնեք, որ վկայի՝ այստեղ ձեզնից առաջ ինչ-որ մեկը եղել է, այդ ինչ-որ մեկը այնքան լկտի ու հիմար է եղել, որ շենքեր է կառուցել, պատմական ժառանգություն է թողել, պատմություն ու հիշողություն է թողել՝ առանց հասկանալու, որ գալու եք դուք ու ձեր շահը հռչակելու եք գերակա: Քանդեք: ՈՒրիշ ի՞նչ կարող եք անել, երբ գայլը փարախում ձագեր է բերել, ու դա մեր շների հեզությունից է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երևանը չի՞ հերիքի: Առաջ դեպի Հռոմ, ինչքան քանդելիք կա, որ տգետ իտալացիները պահում են՝ Կոլիզեյից սկսած մինչև Կապիտոլիում: Վատիկան, սուրբ Պետրոսի տաճար: Ինչո՞ւ կանգ առնել Երևանի նեղ սահմաններում: Միջազգային ասպարեզ դուրս եկեք, մի՞թե ձեր բարբարոսությունը միայն հայկական մասշտաբներ պիտի ունենա: Ազնիվ չէ՝ համաշխարհային հանրությունը ձեզ պիտի ճանաչի ու արժանին մատուցի, որ բացում եք իրենց աչքերը՝ նոր ու դատարկ տուփերի գերակա շահը հասկանալու համար: Հռոմն էլ աշխարհի վերջին քաղաքը չէ: Փարիզ կա, Բրյուսել, Ֆլորենցիա, Մադրիդ, Լոնդոն: Քանդեք՝ մինչև աշխարհի վերջը: Միևնույն է, դուք մանկուրտ եք, որ ոչ գիտակցություն ունի, ոչ հիշողություն, ոչ պատասխանատվություն՝ իր արածի ու չարածի համար: Իսկ այն մի քանի ռոմանտիկները, որ պայքարում են ձեր դեմ, աբորիգեններ են, որոնց տեղը ավերակների առաջ արցունք թափելն է, իսկ հետո մի մեծ ցուցանակ գրելն ու հեռանալը՝ «Այստեղով անցել է գերակա շահը, ինչպես մի ժամանակ թուրքը»:

Դիտվել է՝ 2082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ