ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

«Սարոյանի տուն-թանգարանում նորարարական մեթոդներով կներկայացվի հնարավորինս շատ բան»

«Սարոյանի տուն-թանգարանում նորարարական մեթոդներով կներկայացվի հնարավորինս շատ բան»
10.06.2016 | 08:39

«Իրատեսի» հյուրը «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի տնօրեն ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ է:
Ամիսներ առաջ անհանգստության ալիք բարձրացրած խնդիրը՝ կապված Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի առանձնատան ճակատագրի հետ, այժմ ստացել է բարեհաջող լուծում. «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր նախագահ Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ գնվել է այդ տունը, որը պատրաստվում են վերածելու տուն-թանգարանի:
«Saroyanhouse» նախագծի գործունեությանն է հիմնականում վերաբերում մեր զրույցը Հակոբ Հակոբյանի հետ, ինչպես նաև «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի աշխատանքներին առհասարակ:

«ԱՅՍՕՐ ՁԱՆՁՐԱԼԻ Է ԱՅՆՊԻՍԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԳՆԱԼԸ, ՈՐՏԵՂ ՉԻ ԶԳԱՑՎՈՒՄ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՇՈՒՆՉԸ»


-Հակոբ, ի՞նչ առաքելություն ունի Սարոյանասերների ակումբը:
-Սարոյանասերների ակումբը «Saroyanhouse» նախագծի մի փոքր մասն է ընդամենը: Այն հիմնականում հարթակ է հանդիսանալու, որտեղ պիտի հավաքվեն Սարոյանի հետ որևէ կերպ կապված կամ «Saroyanhouse» նախագծին նպաստել ցանկացող մարդիկ: Մտածում ենք նաև այլ հարթակների մասին: Կունենանք նախագծի կառավարման խորհուրդ, որում կընդգրկվեն ավելի ինտենսիվ աշխատող մարդիկ:
-Սարոյանի տունը տարիներ շարունակ պատկանել է մասնավոր անձանց, և այդ տան վրայից քիչ-քիչ ջնջվել է սարոյանական հետքը: Այդուհանդերձ, ի՞նչ է պահպանված հիմա այնտեղ, որը հիշեցնում է Սարոյանի մասին, այդ տանը նրա ապրած ժամանակների մասին: Ինչի՞ վրա պիտի հենվեք՝ վերականգնելու համար սարոյանական միջավայրի նկարագիրը:
-Այդ տունը իսկապես շատ փոփոխությունների է ենթարկվել: Բայց փա՜ռք Աստծո, հիմա մենք ունենք գոնե տունը, որի մի հատվածում կվերականգնվի սարոյանական մթնոլորտը՝ պահպանված հուշային նմուշներով: Մենք չենք մտածում, որ ամբողջ տունը պիտի լինի դասական տուն-թանգարանի նմանվող կառույց: Որպես «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի տնօրեն՝ ես կարծում եմ, որ այսօր ձանձրալի է այնպիսի տուն-թանգարաններ գնալը, որտեղ չի զգացվում նոր ժամանակի շունչը: Սարոյանն ինքը շատ ժողովրդային մարդ էր և նույնպիսի գրող: Երբ կարդում ես նրա գրվածքները, զգում ես, որ նա հեշտ կարդացվող հեղինակ է, բայց միաժամանակ կարողանում է տեղ հասցնել կարևոր ասելիքներ: Մենք ուզում ենք այս ամենն արտահայտված լինի նրա տուն-թանգարանում, որ նրա տունը լինի տուն-թանգարանային ձանձրույթից զերծ՝ իհարկե պահպանելով այն վիճակը, որը կհիշեցնի նրա ապրած և ստեղծագործած տարիների մթնոլորտի մասին: Շատ ուզում ենք, որ Սարոյանի տուն-թանգարանում նորարարական մեթոդներով ներկայացվի հնարավորինս շատ բան:

«ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԿԵՐՊ ԿԱՊ ՈՒՆԵՑՈՂ ՏՆԵՐԸ ՖՐԵԶՆՈՅՈՒՄ ԲԱՎԱԿԱՆ ՇԱՏ ԵՆ»


-Սարոյանասերների ակումբի հավաքի ժամանակ Ռազմիկ Դավոյանն առաջարկեց ձեռք բերել նաև Ամերիկայում Սարոյանի մոր գնած առաջին տունը, որը ևս պահպանվում է այսօր: Կա՞ այդպիսի նպատակ:
-Սարոյանի հետ այս կամ այն կերպ կապ ունեցող տները Ֆրեզնոյում բավական շատ են: Եվ եթե փորձենք բոլորը գնել, մենք կվերածվենք անշարժ գույքի գործակալության: Իհարկե, Սարոյանի մոր գնած այդ առաջին տան մասին կոնկրետ որոշում դեռ չենք կայացրել, բայց գուցե և երբևէ անդրադառնանք այդ հարցին: Այն տան վրա, որ հիմա գնել ենք, կա Ֆրեզնոյի քաղաքապետարանի ցուցանակը, որը հուշում է, թե Սարոյանի որ ստեղծագործություններն են գրվել այնտեղ: Այդ տարածքը պաշտոնապես գրանցված է որպես տեսարժան վայր: Սարոյանն իր կյանքի ընթացքում ամենաերկար ժամանակահատվածը՝ 17-18 տարի, ապրել է հենց այս տանը:
-Սա եղել է Սարոյանի վերջի՞ն տունը:
-Այո: Այստեղ նա ապրել է մինչև մահը:

«ԵՐԲ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՐԵՎԷ ԲԱՆ ԿԱՐԴԱԼ ԱՌՑԱՆՑ, ՊԻՏԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՆԵՆԱ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՅԵՐԵՆ»


-Մեր հանրությանը ծանոթացնենք Արթուր Ջանիբեկյանի անձին: Ո՞վ է նա և ինչպե՞ս կարողացավ հաջողեցնել Սարոյանի տունը գնելու գործարքը: Հարցս ունի ենթատեքստ. երբ առաջին աղմուկը բարձրացավ մեզանում Սարոյանի տունը կորցնելու հավանական վտանգի մասին, լրատվադաշտի ներկայացուցիչներին հորդորեցին չաղմկել, իրարանցում չառաջացնել՝ չխափանելու համար Սարոյանի տան ճակատագիրը դրական հանգուցալուծման հասցնելու գործընթացը: Ի՞նչ էր կատարվում իրականում «հետնաբեմում», ինչո՞ւ էր այդքան մանվածապատ Սարոյանի տան թեման:
-Արթուր Ջանիբեկյանը մոսկվաբնակ հայ գործարար է: Նա նաև բավական լուրջ պաշտոն է զբաղեցնում ռուսական մեդիադաշտում. համակարգում է ամենամեծ մեդիահոլդինգներից մեկի աշխատանքները: Իսկ մեզ հետ կապը պայմանավորված է նրա՝ «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի հիմնադիրը լինելու հանգամանքով: Հիմնադրամն ստեղծվել է 2013 թվականին: Նրա խնդիրն է վեր հանել այն ինտելեկտուալ պոտենցիալը, այն կապիտալը, որ կա հայ իրականության մեջ, և դարձնել այն ներկայանալի միջազգային մակարդակում: Այս նպատակին միտված արդեն մի շարք միջոցառումներ ենք իրականացրել: Դրանց թվում կարևոր էր «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությանը հատկացված օգնությունը, որի շնորհիվ հայերեն վիքիպեդիան ընդլայնվեց՝ հասնելով շուրջ երկու հարյուր հազար հոդված ունեցող վիքիպեդիայի: Արդյունքում մենք առաջ անցանք տարածաշրջանի այլ վիքիմեդիաներից, ունեցանք բավական հարուստ վիքիբառարան, վիքիդարան: Առհասարակ զարգացում ապրեցին բոլոր նախագծերը, որոնք պայմանավորված էին վիքիով: Այսպիսի խնդիր էր դրված. երբ որևէ մեկը ցանկանում է որևէ բան կարդալ առցանց, պիտի հնարավորություն ունենա կարդալու հայերեն: Հիմա երիտասարդ սերունդը նախընտրում է կարդալ առցանց: Եվ երբ առցանց չի գտնում իր որոնածը հայերեն, բնականաբար, կարդում է այլ լեզուներով: Սա մեզ կանգնեցնում է հայապահպանությանն սպառնացող վտանգի առջև: Եվ պարոն Ջանիբեկյանն առաջին հերթին ցանկացավ այս խնդիրը լուծել, ու խնդիրը լուծվեց: Այնուհետև մի շարք այլ նախագծեր իրականացվեցին: Հատկապես նշանակալից է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի իրականացրած՝ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, որի շրջանակներում հավաքվել և մեկ ամբողջական ձայնադարանում են ամփոփվել հայ ազգային երաժշտության ոսկե նմուշները՝ թվայնացված տարբերակով։ 600-ից ավելի հայկական ժողովրդական երգեր են ձայնագրվել Ավստրիայում, Կանադայում: Ամենաբարձր որակով մշակումներ են կատարվել, ու բացի այն, որ դրանք հիմա անվճար հասանելի են համացանցում բոլորին, նաև մեկական նմուշ պահվում է Տիեզերքում, բոլոր այն պահոցներում, որոնցում պահպանվում է համամարդկային մշակութային ժառանգությունն առհասարակ: Ինչ վերաբերում է Սարոյանի տունը գնելուն, ասեմ, որ երբ պարոն Ջանիբեկյանն իմացել էր, որ այդ տունը վաճառքի է հանվել, որոշում էր կայացրել անպայման ձեռք բերել այն: Իհարկե, այդ ժամանակ անշարժ գույքի գործակալներն արդեն գնել էին տունը: Մեր ներկայացուցիչը կապվեց գնողների հետ և առաջարկեց տունը վերավաճառել մեզ: Փա՜ռք Աստծո, մեր նպատակը կատարվեց, և նախորդ տարվա օգոստոս ամսին արդեն տունը գնել էինք: Ի սկզբանե հենց այն նպատակով էր գնվել, որ Սարոյանի տունը դառնա տուն-թանգարան, ոչ թե ինչ-որ մեկի մասնավոր սեփականություն: Հենց սրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ տունը գնեց ոչ թե որևէ անհատ, այլ «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամը: Հիմա աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, և հույս ունեմ, որ առաջիկայում մենք արդեն կխոսենք տուն-թանգարանի մասին, ոչ թե անշարժ գույքի:
-Ի՞նչ ժամկետներ է ենթադրում այդ առաջիկա ասվածը:
-Մենք փորձելու ենք հնարավորինս արագ ներկայանալի տեսքի բերել տունը, դարձնել թանգարան: Կփորձենք 2016 թվականի ընթացքում գործը գլուխ բերել: Բայց ինչքան խորանում ենք այս նախագծի մեջ, այնքան ավելի ենք հասկանում, որ Սարոյանն ինքը շատ ընդգրկուն է, և աշխատանքները պատշաճ ձևով կատարել-ավարտին հասցնելը բավական ժամանակ կպահանջի մեզնից: Իհարկե, ամեն բան կախված է կոնցեպտից: Եթե մենք մի քիչ մինիմալիստական խնդիրներ դնենք մեր առաջ, կարող եմ հաստատ ասել, որ այս տարի կհասցնենք բացել թանգարանը: Բայց եթե որոշենք կոնցեպտի որոշ փոփոխություններ անել, որոնք արդեն նախատեսված են և քննարկման փուլում են, գուցե և բացումը հետաձգվի մինչև հաջորդ տարի:

«ԱՐԹՈՒՐ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԳՈՒՑԵ ԵՎ ՇԱՏ ԲԱՆ Է ԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ ՉԷ ԽՈՍԵԼ»


-Ինչպես հասկանում եմ, Արթուր Ջանիբեկյանը նախանձախնդիր է առհասարակ հայապահպանության, հայրենաշինության հարցերում: Մեզ համար օրհասական այս ժամանակներում նա ինչ-որ մասնակցություն ցուցաբերո՞ւմ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին: Եվ նպատակահարմա՞ր է արդյոք այդ մասին բարձրաձայնել մեր հարցազրույցի շրջանակներում:
-Պարոն Ջանիբեկյանը մեծ աշխատանք է անում հայ ինտելեկտուալ, մշակութային ներուժը ներկայացնելու առումով: Բազմաթիվ արժեքավոր գրքեր են գնվել և հանձնվել ի պահ Մատենադարանին: Երևանում նրա աջակցությամբ կանգնեցվել են հետաքրքիր քանդակներ: Կան հայանպաստ այլ ծրագրեր, որոնք նախաձեռնում և իրականացնում է պարոն Ջանիբեկյանը: Շատերի կարծիքով՝ Արթուր Ջանիբեկյանը մոսկովյան, ռուսական իրականության մեջ կոտրեց հայի ընկալման կարծրատիպը: Սրանում համոզվելու համար բավական է միայն թերթել ադրբեջանական մամուլը, ընդամենը հետևել «Քոմեդի քլաբի» գործունեությանը վերաբերող նրա արձագանքներին: Իբրև «Քոմեդի Քլաբ Փրոդաքշըն»-ի հիմնադիր՝ Արթուր Ջանիբեկյանն այնպիսի գործունեություն է իրականացնում, որը լրջորեն անհանգստացնում է ադրբեջանցիներին: Ադրբեջանի արտաքին գործոց նախարարությունը մեծ միջոցներ է ծախսում Ռուսաստանում ադրբեջանական գործոնն ուժեղացնելու համար, բայց միայն «Քոմեդի քլաբը» բավական է, որ իրենք պարտված լինեն այդ մրցավազքում: Իսկ թե ինչ է անում Արթուր Ջանիբեկյանը ռազմական կոնֆլիկտի հետ կապված հարցերում, գուցե և շատ բան է անում, բայց այդ մասին պետք չէ խոսել:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ