ԱԺ-ի հերթական քառօրյան, որը մեկնարկեց այսօր, շատ պատգամավորների համար կարող է լինել վերջինը։ Նախընտրական քարոզչության ընթացքում հազիվ թե մի նիստ էլ լինի։ Սա էր հավանաբար պատճառը, որ ոմանց նյարդերը տեղի էին տվել, ոմանք էլ զբաղված էին դասական պոպուլիզմով, որ արդարացվի ցուցակում իրենց լինելու հանգամանքը։ Ամենաջղայինը Գուրգեն Արսենյանն էր, որը, մամուլի հրապարակումների համաձայն, այնքան է վրդովվել իշխանությունների վերաբերմունքից, որ իրեն ցուցակում «անցողիկ տեղ» չեն տվել կամ էլ դիվանագիտական աշխատանք, որ որոշել է բիզնեսը «արտահանել»։
Խորհրդարանի միջանցքներում շառագունած աջուձախ անելուց, սրան նրան կպնելուց բացի, պատգամավորների հետ սեփական հավակնությունների մասին խոսող, պատգամավորական մայրամուտ ապրող Արսենյանի պոռթկումը դեռ առջևում էր։ ՎՊ-ի նախագահի թեկնածու ընտրելու քննարկումների ժամանակ Գուրգեն Արսենյանն ասաց, թե օդանավակայանում խիստ նեղվել է, որ իր հետ փորձել է «ոտք մեկնել» ԾԻԳ-ի մի ղեկավար՝ օգտվելով թանկ ծառայությունից։ Հասկանալի է, որ չինովնիկի եկամուտները պետք է ստուգել ու հասկանալ, թե այդ ինչպես է պաշտոնյայի ոչ բարձր աշխատավարձով նման շռայլություն իրեն թույլ տվել, բայց սա չի նշանակում, որ միլիարդատեր Արսենյանի ողջ եկամուտները միայն արդար ճանապարհով են գոյացել։
Խորհրդարանում ընտրությունների շեմին քննարկման թիվ մեկ հարցը, բնականաբար, ընտրակաշառքն էր։ Բայց վերջին միջադեպերին անդրադառնալով, ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը հայտարարեց, որ նոր ԸՕ-ն միմյանց կռվեցնելու մասին հրովարտակ է։ Հետո էլ Խոսրով Հարությունյանն ասաց, թե այս օրենսգրքի ամենամեծ առավելությունն այն է, որ բացառում է կարուսելը, հետևաբար՝ ընտրակաշառք բաժանելու որևէ շարժառիթ: «Բայց ինձ զարմացնում է այն, որ քաղաքական ուժերը ընտրակաշառքի մասին խոսում են կույսի, կուսական կեցվածքով: Գնացեք Գյումրիում հարցրեք՝ ով էր ընտրակաշառք բաժանում և ով էր բարձրացրել ընտրակաշառքի գինը: Գնացեք գյումրեցիներին հարցրեք ու կպարզվի, որ ընտրակաշառքն այնպես չի, որ միայն վերագրում են իշխանական ուժին: Բոլորը՝ առանց բացառության, այդ արատն օգտագործում են, եկեք դրա դեմն առնենք»,- հայտարարեց պատգամավորը, որին ընդդիմացավ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե առանց բացառության մի ասեք։ Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեցի՝ Գյումրիում ԲՀԿ՞-ն է բարձրացրել ընտրակաշառքի գինը։ «Գյումրիում մենք ընտրակաշառք չենք բաժանել։ Եթե բաժանեինք, տասն անգամ ավելի շատ ձայն կստանայինք»։ Խաչատրյանին անհանգստացնում է, որ դեռ ընտրական բուն գործընթացը չսկսած` ընտրակաշառք են բաժանում։ «Իսկ ԸՕ-ի փոփոխություններին մասնակցել է նաև ԲՀԿ-ն, սակայն այսօր դրան բացասական գնահատական է տալիս, ինչո՞ւ ժամանակին չեն կանխել սխալները»` դիտարկմանն էլ պատգամավորը հակադարձեց. «Մասնակցել ենք այնքանով, որքանով այս կանոնները մեզ պարտադրվել են»,-հայտարարեց ԲՀԿ-ականը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ