ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«ՊՆ-ն պետք է նոր փաստաթղթով առաջնորդվի, նոր մարտավարություն մշակի»

«ՊՆ-ն պետք է նոր փաստաթղթով  առաջնորդվի, նոր մարտավարություն մշակի»
03.03.2017 | 00:27

Նախընտրական իրավիճակի թեժացմանը զուգահեռ սահմանային լարվածությունը ևս մեծացել է։ Մոտենում է ապրիլը, և հասարակության մեջ տագնապ կա, որ հնարավոր է կրկնվեն նախորդ տարվա ռազմական գործողությունները։ Արցախի հերոս, գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ «Իրատեսի» զրույցը սահմանային իրադրության մասին է։

-Ինչո՞ւ է սահմանային իրադրությունը կրկին սրվել։
-Ադրբեջանն իր հասարակության համար պետք է միշտ «տաք» պահի այն գաղափարը, թե հայերն իրենց հողերը գրավել են ու պետք է դրանք ազատագրել։ Սրա պատճառով գնալով մեծացնում են լարվածությունը, սակայն նրանք գիտեն, որ հայկական կողմն արժանի հակահարված է տալու։ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը ևս այնպիսին է, որ Ալիևին պետք է ներքին խռովությունները խլացնելու համար սահմանում միշտ լարվածություն պահպանել։ Այսուհանդերձ, կարծում եմ, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգ չկա։
-Եթե լայնամասշտաբ պատերազմի նպատակ չունեն, ինչո՞ւ են երբեմն-երբեմն դրությունն այդքան սրում, ո՞րն է նպատակը։
-Նրանց հիմնական նպատակը Ղարաբաղը Զանգեզուրով վերցնելն է։ Սակայն եթե դրան կարողանային հասնել, վաղուց արդեն այդ հողերն իրենցն էին։
-Մենք ունե՞նք դիմակայելու ներուժ։
-Հիմա ունենք «Իսկանդեր», որին ոչինչ չի կարող դիմակայել։ Դրանից առաջ էլ ունեինք հզոր զենքեր։ Այսինքն, մենք կարող ենք կես ժամում վերացնել Ադրբեջանը։ Իրենք էլ գիտեն մեր թույլ տեղը՝ ատոմակայանը։ Սակայն կա նաև քաղաքական դետալ։ Բոլոր «քամիները» փչում են Թուրքիայից, որը միշտ հայտարարում է, թե Հայաստանը պետք է իր ատոմակայանը փակի։ Սա թուրք-ադրբեջանական տանդեմի խաղերն են, որոնք ամեն կերպ փորձում են վերացնել Հայաստանը։ Իսկ մենք խուսափում ենք ծայրահեղ մոտեցումներից, «Իսկանդերի» կիրառումից՝ նպատակ ունենալով նրանց բան հասկացնել ոչ թե ռազմական ճանապարհով, այլ բանակցություններով։ Բայց Թուրքիան անընդհատ լարում է Ադրբեջանին։ Արդյունքում մենք մեր զինվորներին ենք կորցնում։ Չնայած պետք է ասել, որ Ադրբեջանի ներսում էլ բազմաթիվ խնդիրներ կան, տարբեր ազգությունների շարժումները։ Ադրբեջանում 10-ից ավելի ազգ կա, որոնք և՛ կրոնական, և՛ լեզվական տարաձայնություններ ունեն, ու սա սպառնալիք է հենց Ադրբեջանի համար։ Վերջին նշանակումն էլ ապացուցում է այդ երկրի ներքաղաքական իրավիճակի պայթյունավտանգ լինելը, Ալիևի կլանն ամեն ինչ իր ձեռքն է վերցրել։ Նրանք փորձում են իրենց անհաջողություններում մեզ մեղադրել։ Եթե նրանք իմանային, որ Հայաստանը, ինչպես անընդհատ հայտարարում են, քսան րոպեում կվերցնեն, կանեին, բայց ապրիլը ցույց տվեց, որ ոչինչ էլ չեն կարող։ Սակայն մենք շատ թույլ ենք քարոզչական տեսանկյունից։ Նրանք դիմում են դիվերսիաների, բայց աշխարհին մատուցում այնպես, թե դա հայկական կողմն իրականացրեց։
-Վերջերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ակնարկեց, որ անհրաժեշտության դեպքում «Իսկանդերը» կարող է և գործի դրվել։ Սա նախազգուշացո՞ւմ էր։
-Պետք է հասկանանք, որ Ադրբեջանը շատ զենք ունի, ու եթե մեկ ամիս էլ պատերազմ լինի, նա կարող է այդ առումով իրեն ապահովված զգալ։ Բայց մենք չունենք այդքան զինամթերք, որ ամիսներով պատերազմենք։ Դրա համար ասում ենք՝ ունենք «Իսկանդեր», որը կարող է հիմնահատակ քանդել այդ երկիրը։ Սա նախազգուշացում չէ, այլ ռազմական մարտավարություն։ Փաստ է, որ Ադրբեջանը և՛ հարուստ է, և՛ ռազմական տեսանկյունից հագեցած բոլոր զինամթերքներով, մյուս կողմից էլ Հայաստանը, չունենալով այդքան ներուժ, ունի հզոր ռազմական ոգի, որը քիչ զինամթերքով անգամ Ադրբեջանը կարող է ջնջել։ Սա հասկանում են նաև դրսում՝ Ռուսաստանում, Թուրքիայում և Արևմուտքում։ Սակայն դա չի խանգարում Թուրքիային ու Ադրբեջանին մեծ նպատակ դնել՝ Հայաստանը «մեջտեղից հանելով» հասնել մինչև Չինաստան։ Նրանց ծրագրերին բոլորն են տեղյակ ու բոլորն են հասկանում, թե ինչ վտանգ կարող է դա իր հետ բերել։ Ինչ վերաբերում է «Իսկանդերին», սա գերհզոր զենք է, և դրա կիրառումը Ադրբեջանի համար կարող է ծանր հետևանքներ ունենալ։
-Հայաստանի զինված ուժերը մշտապես պաշտպանական ռազմավարություն են որդեգրում և չեն պատասխանում հակառակորդին։ Դիվերսիոն վերջին գործողության կասեցումը, կարծես, այլ մարտավարության մասին է վկայում։
-Ես չեմ հասկանում պաշտոնական այն մարտավարությունը, տակտիկան, որ չպետք է հարձակվել։ Լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Սխալ է, որ հայկական կողմը պետք է միշտ պաշտպանվի։ Նրանք մեզ խփում են, մենք հայտարարում ենք, թե պահպանել ենք զինադադարը, պատասխան կրակ չենք բացել, կամ իրենք մեր զինվորներին սպանում են, մենք էլ թե` այսքան էլ մենք ենք հակառակորդի զինվորներից սպանել։ Այս ռազմավարությունը ես չեմ հասկանում։ Այնպես պիտի հակահարված տանք, որ մի քանի տարածք էլ վերցնենք, ջնջենք ու էլի իրենց ձեռքը տանք։ Ոչ թե սպասենք, որ մեզ խփեն, մեր տարածքները վերցնեն, մենք էլ ասենք, թե այդ տարածքները մեզ համար այդքան էլ էական չեն։
-Պաշտպանության գերատեսչության քաղաքականությունը պետք է փոխվի՞, անցնի հարձակողակա՞ն մարտավարության։
-Այո, նախարարությունը պետք է նոր փաստաթղթով առաջնորդվի, նոր մարտավարություն մշակի։ Ոչ թե մեր ջահել տղաներին կոտորեն, ու մեր գենոֆոնդն էլ կորցնենք։ Այն մարդիկ, ովքեր փորձ ունեն, պետք է պատրաստեն մեր մարտիկներին, ոչ թե ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ՝ բոլորը նստեցին ավտոբուս, գնացին, ու նրանք էլ պայթեցրին։ Տեսանք, թե այդ օրերին քանի ազատամարտիկ է պատրաստ իր կյանքը հայրենիքին տալու։ Սրա փոխարեն պետք է պատրաստել սահմանում կանգնած զինվորին, պետությունն էլ «կանաչ» լույս վառի ու ասի՝ Ադրբեջանի վերջը տալ։ Չէ, մեզ պետք չէ Բաքու հասնել, ոչ էլ նրանց տարածքներն են պետք։ Պարզապես չպետք է թողնել, որ Ադրբեջանն այսքան «երես առնի», մեր տղերքին սպանի ու մեր տարածքները վերցնի։ Թե չէ նստած սպասում ենք՝ Ադրբեջանն ինչ պիտի անի, որ պատասխանենք։ Շախմատի նման մի քայլ իրենք անեն, մենք էլ՝ հաջորդը։
-Այսուհանդերձ, հակամարտության լուծումը միայն ռազմական ճանապարհո՞վ է հնարավոր, թե՞ բանակցություններով կարելի է արդյունքի հասնել։
-Բանակցությունները թող ընթանան։ Տասը տարի առաջ այդ բանակցություններին լիովին կողմ էի, բայց հիմա, կարծես, այդ ամենը խաղ է հիշեցնում, կարծես նարդի, շաշկի կամ դոմինո են խաղում, մենք չենք հասկանում նրանք ինչ են ուզում, ինչ են անում։ Ադրբեջանը միայն հայտարարում է, թե Հայաստանը պետք է վերացնել, Հայաստանը մեր պապական հողն է, ու չգիտեմ էլ ինչ անհեթեթություններ։ Լսում ես այդ ամենն ու չես հասկանում, թե ում հետ ես բանակցությունների սեղանի շուրջ նստում։ Ոչ պետական լեզու ունեն, տասը-տասներեք լեզու ունեն, ոչ գիր, գրականություն, չորս անգամ իրենց պատմությունը փոխել են, այլ ազգերի ժառանգությունները սեփականացրել։ Ալիևն իր մեծ գումարները դնում է հզոր քարոզչության մեջ, որ ապացուցի՝ իբր աշխարհի սկիզբն ու վերջն Ադրբեջանում է։ Դրսից կաշառում, մարդիկ են բերում Ադրբեջան, որ հայտարարեն, թե իրենց գիրը, գրականությունը հայերն են գողացել։ Այսպիսի հիմքով Ալիևի կլանի հետ ի՞նչ բանակցություններ պետք է վարել։ Անհասկանալի բանակցություններ են։ Միակ «դրական» բանն այն է, որ միջազգային հանրությանը թվում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են։ Մենք էլ, որ չհակադրվենք միջազգային հանրությանը, շարունակում ենք այս ֆարսին մասնակցել։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ