Քարոզարշավը մեկնարկեց. քննադատություններն ու միմյանց վրա «ցեխ» շպրտելը դարձան օրինաչափ երևույթ։ Քաղաքական ուժերը հրապարակ են նետում գաղափարներ ու մտքեր, որոնք արագ որսում ու հակադարձում են մյուսները, բոլորը փորձում են «ջրից» չոր դուրս գալ և հասարակությանը ներկայանալ կուսական անաղարտությամբ։ Քարոզարշավի մեկնարկին ՀԱԿ ցուցակի հինգերորդ համար Արամ Մանուկյանը հայտարարել է, որի իրենց ցուցակն ամենաինտելեկտուալն է։ Այն, որ գործող խորհրդարանում ինտելեկտի պակասի խնդիր միշտ է եղել, անհերքելի է, բայց սա նաև նշանակում է, որ ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները հաշվի առնելով էլ է գործող պատգամավոր Մանուկյանը նման հայտարարություն անում։ Ի դեպ, այս խորհրդարանում Արամ Մանուկյանն այն եզակի պատգամավորն էր, որ պարբերաբար հայերեն ճիշտ խոսելու հորդոր էր անում գործընկերներին։ Այսուհանդերձ, «Իրատեսը» դիմեց ընդդիմադիր «Ազատ դեմոկրատների» ցուցակի երրորդ համար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ և իշխանական ուժի՝ ՀՀԿ-ի ցուցակի իններորդ համար ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ, հասկանալու, թե որքան են իրենք մրցունակ այս առումով։
ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆ
-Ձեր թիմի IQ-ն որքա՞ն է։
-Փաստ է, որ բոլոր թիմերում էլ կան ինտելեկտուալ մարդիկ, որոնց հարգում եմ։ Մեր մասով պետք է ասեմ, որ ոչ միայն ինտելեկտի, այլև պրոֆեսիոնալիզմի, հայրենասիրության առումով մենք չենք ամաչում մեր ցուցակի համար։ Իհարկե, ամեն մեկը կարող է գովել իրեն, բայց եթե համեմատելու մասին է խոսքը, մեր ցուցակը հենց այնպես չէ, որ մրցունակ ենք համարել, քանի որ և ծրագիրն է մարտունակ, և ցուցակն է այլընտրանք, որտեղ ընդգրկված մարդիկ երկրին ծառայելու մեծ ռեսուրս ունեն։
-Ինտելեկտուալների թեման «բացվել» է նաև այն պատճառով, որ հասարակությունը տեսնում է` խորհրդարանում իսկապես այս առումով լուրջ խնդիր կա։ Սա թափանցիկ ակնարկ չէ՞։
-Չգիտեմ` ում հետ են համեմատել ՀԱԿ-ի ցուցակը, եթե մեզ հետ, այդ պնդումն այնքան էլ իրական չէ։ Գուցե ՀՀԿ-ի հետ համեմատության մեջ ճիշտ լինի։ Այլապես նման բանը ասելով չէ։
-Եթե համեմատեք ձեր թիմը մյուսների հետ, դուք ինչո՞վ եք առանձնանում։
-Մեր թիմը ուժ է, մեր ծրագիրը՝ այլընտրանք ունեցող զարգացման ծրագիր։ Ահա և վերջ։
ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ
-Ընդդիմադիրների քննադատության հիմնական թիրախն իշխանությունն է։ Եթե ՀԱԿ-ի ներկայացուցչի խոսքը ձեր ցուցակին վերագրենք, կասե՞ք` ՀՀԿ-ն ինտելեկտի առումով մրցունակ է։
-Կարծում եմ, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերում էլ կան բարձր ինտելեկտով օժտված, սեփական հայացքներն ունեցող անհատներ։ Այսուհանդերձ, եթե համեստորեն ձևակերպեմ, մեր ցուցակն ամբողջությամբ չի զիջում որևէ քաղաքական ուժի, ամենաներկայանալին է, ամենաինտելեկտուալը, որքան գիտեմ` նաև ամենաերիտասարդը։
-Գուցե գործող խորհրդարանի պատկերը, որտեղ ՀՀԿ-ն մեծամասնություն է, հաշվի առնելո՞վ են պնդում, որ ինտելեկտի դեֆիցիտ կա։
-ՀՀԿ-ն ներառում է հասարակության բոլոր շերտերը, և այսքանով ամեն ինչ ասված է։ Բայց մեր խմբակցության միջին վիճակագրական IQ-ն հաշվի առնելով, վստահաբար կարող եմ պնդել, որ մյուս խմբակցությունների IQ-ին չի զիջում։ Սա միայն իմ կարծիքը չէ, եթե չեզոք անձն էլ համեմատական վերլուծություն անի, նույն եզրահանգման կգա։
-Մյուս ութից ո՞ւմ եք համարում ինտելեկտուալ մրցակից։
-Երկրորդեմ` բոլորն էլ ունեն բարձր ինտելեկտով անհատներ, ու սա մեր քաղաքական դաշտին միայն պատիվ է բերում։ Սակայն ինտելեկտի առկայությունն իր հետ նաև պետք է բերի որոշակի համեստություն, ինչպես նաև հարգել ու գնահատել դիմացինին, չտառապել ինքնասիրահարվածությամբ։
-Հասարակության ընկալմամբ, ՀՀԿ-ն ավելի շատ նույնացվում է ոչ ինտելեկտուալ զանգվածի հետ։ Հաշվի առնելով նաև, թե այսօր հատկապես տարածքային ցուցակներում ովքեր են նորից առաջադրված, կարծես նույն պատկերն ենք ստանում։ Սա հանրության շրջանում հերթական հիասթափության առիթ չի՞ դառնա։
-Հասարակությունն իր գնահատականը կտա ապրիլի 2-ին` ընտրության մասնակցելով։ Սա` մեկ։ Երկրորդ. համակարծիք չեմ Ձեզ հետ, իշխող կուսակցությունն արտացոլում է հասարակության բոլոր շերտերը, և եթե ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժ համոզված է, որ ինքը կամ իր ցուցակն ամենաինտելեկտուալն են, սա չի խոսում նրա համեստության մասին։ Ինտելեկտով օժտված լինելը նշանակում է լինել համեստ։ Կարող եմ նաև վստահեցնել, որ մեր համապետական ցուցակը միջին վիճակագրական ցուցանիշով որևէ մրցակից ուժի չի զիջում։
Ճեպազրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ