Սերժ Սարգսյանը հավատարիմ է իր խոսքերին։ Նա մնում է քաղաքականությունում և ապահովելու է անվտանգության բաղադրիչը։ Սա է փաստում նաև նրա այսօրվա ելույթը «Ազգ-բանակ» համաժողովում։ Նա խոսում է բացառապես անվտանգության խնդիրներից ու այսօրվանից ստանձնում իր այդ դերակատարումը։ Իսկ ինչպիսի՞ն կլինի նրա կարգավիճակն այս համատեքստում։ Ելույթի ողջ տրամաբանությունը հուշում է, որ դա կարծես պաշտպանության նախարարի խոսք է։ Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ արդյոք մտնո՞ւմ է նախարարի կարգավիճակը, դժվար է ասել։ Նա հավատացնում է, որ իր ապագայի հարցում ոչինչ նախապես չի պլանավորում։ Ինչևէ։
Անդրադառնալով ելույթին, պետք է ասել, որ Սերժ Սարգսյանը խոսում է հայրենասիրությունից, երկրի տիրոջ զգացումից, մարդու հիմնարար ազատություններից... Սակայն այս ամենը հենց այնպես չի լինում կամ հենց այնպես այդպիսի հասարակություն չի դաստիարակվում։
Անկախության այս տարիներին հասարակությանը քաղաքական էլիտան լիովին այլ բան է մատուցել, այլ արժեքներ են առաջնային համարվել, այլ բարքեր են կարևորվել։ «Ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը օրինակն է»,- ասում է Սերժ Սարգսյանը: Իսկ ի՞նչ օրինակ ունի երիտասարդությունը, ովքեր ու ինչ մակարդակի, արժեքների ու որակի մարդիկ են նրան իշխում ու նրա ճակատագիրը որոշում։ Ովքեր են բարեկեցիկ կյանքով ապրում ու ինչ շռայլություններ են իրենց թույլ տալիս բնակչության 30 տոկոս աղքատության ֆոնին։ Իրական հայրենասերներն այսօր որտե՞ղ են, ինչ պայմաններով են ապրում։ Ով դարձավ հերոս ու ում տրվեց առավելություն։ Որքան է խեղվել արժեհամակարգը։ Արդյոք հայրենասիրական դաստիարակությունի՞ց պետք է խոսել այսօր հանրության հետ, գուցե իշխանական էլիտայում տիրոջ զգացումի առաջին «դասընթա՞ցը» պետք է անցկացնել, հետո միայն իրավունք ունենալ դրա մասին հասարակության հետ խոսել։ Հասարակությունը ապրիլյան քառօրյային ապացուցեց, որ նա այդ դասերի կարիքը չունի, դրա պակասը եղել է լիովին այլ տեղ։
Այնպես որ, Սերժ Սարգսյանի դիտարկումները տեղին են, բայց թիրախները՝ ոչ։ Հարկավոր է խոսքերն ուղղել ճիշտ հասցեատիրոջը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ