ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Ստվերային պայմանավորվածության արդյունք էր «Ծառուկյան» դաշինքի ձախողումը»

«Ստվերային պայմանավորվածության արդյունք էր «Ծառուկյան» դաշինքի ձախողումը»
12.05.2017 | 00:48

Օրենքից բխող ընթացակարգերով ձևավորվեց նոր Ազգային ժողովը, սակայն մանդատների շուրջ գզվռտոցը դեռ շարունակվում է։ Հաջորդ շաբաթ մեկնարկելու է առաջին նիստը, ամեն ինչ կսկսվի նորից, ու բոլոր ինտրիգները նոր հարթակ կտեղափոխվեն։ Մինչ այդ ԳԽ պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ խնդրեցինք գնահատել այս և անցած տարիների, այդ թվում` Գերագույն խորհրդի պատգամավորների որակը։

-Համեմատենք` ինչպիսի՞ն էր Հայաստանի խորհրդարանը քսանյոթ տարի առաջ և ինչպիսին է այսօր։ Զարգացո՞ւմ, թե՞ հետընթաց է եղել։
-Գերագույն խորհուրդը, խոշոր հաշվով, «պերեստրոյկայի» կազմակերպիչների «պրոյեկտն» էր, Հայաստանում պետք է լիներ ոչ նոմենկլատուրային պատգամավորների խառնուրդ։ Այսինքն, պատվիրված, պլանավորված խորհրդարան էր, բայց դրական նշանով։ Ասել է՝ պետք է ապահովեր ժողովրդավարություն, մրցակցություն, նոր ծրագրեր, գաղափարներ և, ամենակարևորը, հնարավոր քաղաքացիական պատերազմը հանգցնող, քաղաքական հարթակ տեղափոխող խորհրդարան էր։ Այս ԱԺ-ն ևս պատվիրված է, բայց արդեն բացասական նշանով։ Սա ոչ ժողովրդավարական, ոչ մրցակցային խորհրդարան է։ Մենք ունենք քրեական, ֆինանսաօլիգարխիկ օրենսդիր մարմին, որը պետք է ապացուցի, որ դեմոկրատիան, ազատականությունը վատ բան են, հայկական պետականությունն անիրականանալի է, որովհետև հայ ժողովուրդը պետական ժողովուրդ չէ։ Կարելի է պարզապես խորհրդարան անցած պատգամավորների ցանկը նայել, և կհամոզվենք, որ հայ ժողովրդի «ընտրանին» քրեաօլիգարխիկ է։ Մենք ընդամենը պետք է ինչ-որ մեկի համար «սնուցող միջավայր» լինենք։ Այս նոր խորհրդարանը բոլոր նախորդներից տարբերվում է նաև մեկ բանով՝ գոյություն ունի ունեցվածքի ցենզ, այսինքն, ձայնը արժե մոտավորապես 25 դոլար։ Եթե դու ունես 250-300 հազար դոլար ընտրություններում ծախսելու համար, կարող ես դառնալ պատգամավոր։ Նույնիսկ «Ծառուկյան» դաշինքի հայտնի սկանդալից էլ պարզ էր, որ խորհրդարանի որակը շատ վատն է։
-«Ծառուկյան» դաշինքի սկանդալը նաև մարդկային որակների, արժեքների անկման մասին չի՞ վկայում։
-Այո, այդ սկանդալի արդյունքում երևացին մարդկային ցածր որակները, քաղաքականություն մտավ ստորաքարշությունը։ Այս դաշինքի սկանդալի ողջ էֆեկտն անշնորհակալությունն էր, այսինքն՝ «քցելը»։ Եթե քաղաքականության, իշխանության ձևավորման կանոնները խախտված են, ուրեմն խախտվել են նաև միջանձնային հարաբերությունների կանոնները։ Ասել է՝ կարելի է Ծառուկյանին «քցել», շնորհակալություն չասել ու խախտել պայմանավորվածությունը։ Բացի դրանից, այդ անձինք հրապարակավ ցուցադրեցին իրենց ստորաքարշությունը։ Սա ևս այս խորհրդարանի նորույթներից է։
-Դուք նշեցիք, որ Գագիկ Ծառուկյանին պետք է շնորհակալություն հայտնեին, բայց քաղաքականության նորմերը խախտել է նաև Ծառուկյանը։ Ինչպե՞ս կարող է կուսակցապետը հաշվի չառնել ընտրողների քվեները, միանձնյա որոշել` ով պիտի գնա խորհրդարան, ով՝ ոչ։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք ընտրություններ անում։
-Սա ընտրությունների վատ որակի մասին է հուշում։ Կուսակցությունների դաշինք պետք է լիներ արդարադատության նախարարության հաստատումով, այսինքն, գաղափարների վրա հիմնված ուժեր պետք է լինեն` համատեղ գործունեության ծրագրերով։ Այդ գործընթացները ներքևից պետք է զտվեին, կանոնակարգվեին, հայտնի լիներ` ովքեր ինչ ռեժիմով պետք է անցնեին խորհրդարան։ Պետք է կուսակցությունները թելադրեին անհատներին, բայց քանի որ մեզանում ողջ քարոզարշավն ապաքաղաքական էր, բնական է, որ Ծառուկյանը պետք է այդ կերպ վարվեր։ Ի դեպ, միայն ԲՀԿ ղեկավարը չէ, մյուս կուսակցությունների առաջնորդներն էլ միանձնյա, ստվերային որոշումներ են կայացնում։ Ստվերային պայմանավորվածության արդյունք էր «Ծառուկյան» դաշինքի ձախողումը։ Եթե դա լիներ հրապարակային, ապա այլ իրավիճակ կլիներ։ Քաղաքականության ոսկի կանոնը պարտադրում է հրապարակայնություն, մրցակցություն։
-Հաշվի առնելով մեր քաղաքականության «վայրի» կանոնները, ստվերային պայմանավորվածությունները, խորհրդարանական համակարգին անցնելը վտանգավո՞ր չէ, ովքե՞ր են որոշում մեր ապագան։
-Իհարկե, վտանգավոր է, թե ովքեր են որոշում ոչ միայն մեր ապագան, այլև ներկան։ Վտանգված է հայկական պետականությունը, հայ մարդու, պաշտոնյա մարդու նկարագիրը։ Սա վիրավորական է։ Այդ տիպի մարդիկ մեզ հայհոյում են։ Մեր վերնախավը, ընտրանին ընտրանի չէ, նրանք մեզ զրպարտում են։ Աշխարհը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած, որոնց դիմակայելու համար որակյալ, արդյունավետ կառավարում պետք է լինի։ Մեզ հարկավոր է անձնազոհ էլիտա, սակայն ունենք լյումպենացված քաղաքական էլիտա։
-Տպավորությունն այնպիսին է, որ մեզ բացարձակ չի հետաքրքրում, թե արտաքին ինչ մարտահրավերների առաջ ենք, քանի որ ընդդիմությունն ու իշխանությունն ընկղմված են ներքին խնդիրների մեջ՝ մանդատակռիվներ, պաշտոնների մրցավազք, բիզնես շահեր։ Այս խորհրդարանը նաև արտաքին կարևոր որոշումների մեջ մեծ դերակատարում պետք է ունենա, ի՞նչ է մեզ սպասում։
-Խորհրդարանն ինքը դարձել է վտանգների գեներատոր։ Պատգամավորները ոչ թե ներքին խնդիրներով են զբաղված, այլ ռազբորկաներով, որոնք շատ վտանգավոր են երկրի համար։ Փաստորեն, մենք հույսներս պետք է դնենք այն բանի վրա, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրոպան հայկական պետությունը վերացնելու ծրագիր չունեն։ Նրանք Հայաստանի, այսպես ասած, «սպոնսորներն» են, բայց եթե նրանցից մեկը ցանկանա վերացնել Հայաստանը, այս իշխանությունը դա հաջողությամբ կիրականացնի։
-Դուք իշխանության մասին եք միայն խոսում, իսկ ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը։
-Նրանք միասին են, երկրորդեմ` այս խորհրդարանն ամբողջովին «պրոյեկտ» է։
-Ելք կա՞։
-Այո։
-Ո՞րն է։
-Նոր ընտրություններ։
-Դա հավանակա՞ն է։
-Այս սոցիալ-տնտեսական ճգնաժամն անպայման կպայթի, իսկ դա նոր ընտրությունների առիթ կդառնա։
-Սոցիալական բունտի մասի՞ն եք ակնարկում։
-Ոչ, տնտեսական վիճակն առիթ է դառնալու։ Մենք դեռ վերջնակետին չենք հասել, դեռ կորցնելու բաներ ունենք։ Խոսքը Ղարաբաղի և անկախության մասին չէ։ Իսկ այս ներքին գզվռտոցը կհանգեցնի ինքնալուծարման, դա ինքնակործան գործելաոճ է։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ