Մինչ Երևանի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնում վստահության քվեի համար, «Երկիր ծիրանին» դիմել է ԿԸՀ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Իսկ Տարոն Մարգարյանն ասում է. «Այսուհետ բոլորս միասին պետք է աշխատենք կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով, որ արդարացնենք մեր համաքաղաքացիների վստահությունը: Քաղաքացիներից ստացել ենք բազմաթիվ նոր առաջարկներ, մենք պետք է դրանք բազմակողմանի քննարկենք, անհրաժեշտության դեպքում դրանք դարձնենք ծրագրային առաջնահերթություններ ու, կյանքի կոչելով, ապահովենք Երևանի շարունակական զարգացումը»:
Խնդիրները լուծելու, նույնիսկ արտակարգ ռեժիմով աշխատելու համար Մարգարյանն ուներ բավական ժամանակ: Ինչու նախորդ հինգ տարիներին չեն իրականացվել այն աշխատանքներ, որոնք այսօր հրատապ, արտակարգ ռեժիմով լուծվելու անհրաժեշտությունն ունեն: Իսկ հետո նորընտիր քաղաքապետն ասում է, թե քաղաքացիների առաջարկություններն անհրաժեշտության դեպքում հաշվի կառնեն: Իրականում քաղաքային իշխանությունը միշտ ու ամեն պահի պետք է քաղաքացու հետ համագործակցության, շփման մեջ լինի ու հաշվի նստի նրա ցանկությունների հետ, ոչ թե անհրաժեշտության դեպքում: Իսկ փորձը ցույց է տալիս, որ մեզանում իշխանություն-հասարակություն կապը ընդհանրապես շատ թույլ է, չկա անմիջական շփում, քաղաքացու պահանջների, ցանկությունների հետ հաշվի նստելու պատրաստակամություն:
Այս մասին Տարոն Մարգարյանի թույլ ակնարկը հույս է արթնացնում, սակայն այն արագ կարող է մարել, եթե շարունակվի նախկին գործելակերպը, եթե քաղաքային իշխանությունը Երևանի հարցում որոշումներ կայացնի կաբինետներում նստած, առանց հանրային քննարկումների:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ