ԼՂՀ-ի վիճվարչության տվյալներով` Արցախում 2017-ի 1-ին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 111,5 %: Իսկ Հայաստանի ֆինանսների նախարարն այսօր հայտարարել է. «Մենք առայժմ գնում ենք 3,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշի սցենարով»: Հետաքրքիր համեմատություն է ստացվում. հայկական երկու պետությունները տնտեսական լիովին այլ ուղիով են ընթանում: Հայաստանում մի կերպ կարողանում են աճ ապահովել, իսկ Ղարաբաղում եռամսյակում 11 տոկոս աճ է գրանցվում: Ինչպե՞ս, Ղարաբաղին չի խանգարում կոնֆլիկտ ունենալը, ինչը, հայաստանյան գործիչների պնդմամբ, մշտապես Հայաստանին տնտեսապես խանգարում է: Ավելին, շատերը պնդում են, որ դրսից մասնագետներ պետք է բերել, որ տնտեսական դաշտն «ախտորոշի» ու բուժումներ նշանակի: Բայց «դրսի» մասնագետները, անշուշտ, թանկ հաճույք են, նրանց պետք է բարձր վարձատրել:
Հաշվի առնելով Ղարաբաղի տնտեսական աճի միտումները, Հայաստանի իշխանությունները պետք է ԼՂՀ-ից «մարդ» կանչեն: Համ էժան կլինի, համ հեշտ: Մնում է, որ նա, Հայաստան տեղափոխվելով` չվերափոխվի, չձուլվի հայաստանյան իրականությանը և չդառնա, ֆինանսների նախարարի խոսքով, «սցենարի» սպասարկուն:
Այդուհանդերձ, լուրջ հարց է ծագում` ինչպես է պատերազմի էպիկենտրոնում` թեժ կետում, տնտեսությունը զարգանում, իսկ Հայաստանի տնտեսությունն ավելի շատ է զգում պատերազմի «շորշոփները»: Թե՞ խնդիրը, այնուամենայնիվ, հակամարտություն, փակ սահմաններ ունենալու մեջ չէ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ