ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ա՛յ քեզ կոռեկտություն

Ա՛յ քեզ  կոռեկտություն
12.09.2017 | 00:55

Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը, որն իրեն ընդդիմադիր է համարում, չի կարող իշխանության առաջին դեմքերին գնահատական տալ, որովհետև նրա համար առաջնայինը ընկեր-խնամի-բարեկամական կապերն են: Ի՞նչ անենք, որ անունով ընդդիմադիր են:
«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը սովորություն ունի գալու աշխատանքի միայն ԱԺ նստաշրջանների բացման առաջին օրը: Երեկ էլ ներկայացավ և սեփական «ոճին ու փորձին համապատասխան» խոսեց լրագրողների հետ: ԲՀԿ ղեկավարը չցանկացավ գնահատական տալ Կարեն Կարապետյանի կառավարության մեկամյա գործունեությանը, և պատճառը շատ պարզ է. «Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, ինքը ներկայացրել է ծրագիրը, աշխատում է անել: Էսօր ընկերն ընկերոջ մասին կարծիք ասելը, դա ես կոռեկտ չեմ համարում»: Փաստորեն, քաղաքական գնահատական հնչեցնելը, ըստ Ծառուկյանի, կոռեկտ չէ, իսկ ժողովրդի «գլուխը յուղելը», թե ընդդիմադիր ենք ու ձեր դարդուցավով ենք տապակվում, կոռեկտ է:


Իսկ ումի՞ց է քաղաքական այս ուժի ղեկավարը պահանջելու, որ ժողովրդի վիճակը բարելավվի` ընկերոջի՞ց, թե՞ երկրի գործադիր մարմնի ղեկավարից: Եթե վարչապետն ու ընկերը նույն մարդն են, նշանակում է մեր երկրում ոչ հոգս կա, ոչ էլ խնդիր, որովհետև դրանց մասին բարձրաձայնելը կոռեկտ չէ, ընկերը կարող է լավ չընդունել: Ի վերջո, ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարն ու՞մ է ընդդիմադիր, եթե երբեք չի քննադատում երկրի ղեկավարին ու վարչապետին: Աբսուրդն էլ այն է, որ Ծառուկյանն ընկերոջը քննադատելը կոռեկտ չի համարում, բայց շատ նորմալ է վերաբերվում, երբ դա անում են իր քաղաքական ուժի ներկայացուցիչները: Փաստորեն, երկակի ստանդարտը տեղավորվում է կոռեկտության սահմաններում:


Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը վերջին տարիներին մշտապես այս երկվության մեջ է եղել: Նրա ընկեր Կարեն Կարապետյանից առաջ էլ կառավարության ղեկին էր խնամի Հովիկ Աբրահամյանը, ու էլի կոռեկտ չէր խնամուն մի թթու, կծու խոսք ասելը: ՈՒղղակի մնում է հասկանալ` իշխանական այսքան «մեծ շրջապատ» ունեցող Գագիկ Ծառուկյանի ինչի՞ն է պետք ընդդիմադիր լինելը: Ա՛յ քեզ կոռեկտություն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ