ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Դու պրոբլեմ չունես»

«Դու պրոբլեմ չունես»
15.09.2017 | 09:21

Օրեր առաջ լրատվամիջոցները գրել էին, որ «Միռամ» ՍՊԸ-ն պատրաստվում է շահագործելու Լոռու մարզի Արդվին գյուղի ոսկու հանքը: Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020 թթ. նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: Այս որոշմանը դեմ են Արդվին գյուղի բնակիչները, նրանք անգամ ցույց էին կազմակերպել և նամակով դիմել վարչապետին:

«Մենք` Արդվին համայնքի բնակիչներս, դեմ ենք մեր համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը: Հանքերևակումը գտնվում է համայնքից ընդամենը 2 կմ բարձրության վրա: Այս տարածքում են գտնվում գյուղի խմելու և ոռոգման ջրի ակունքը և անասունների արոտավայրը: Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով»,- նշել էին գյուղացիները: Այս որոշմանը դեմ քվեարկեց նաև Արդվինի ավագանին, ըստ մամուլի տեղեկությունների, գյուղապետը նույնիսկ հրաժարականի դիմում է գրել, բայց ավագանին այն չի ընդունել:


Այս հանքի հավանական շահագործողը, ըստ մամուլի, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է, որը, բնականաբար, հերքեց տարածված տեղեկությունը: «Եթե ասում են, որ ես եմ 30 տոկոսի սեփականատերը, թող տան ինձ այդ սեփականությունը: Հանքի շահագործումը նորմալ բան է, բայց այն, որ դա ինձ հետ են կապում, անբարոյականություն է»,- հայտարարել էր պատգամավորը:


Սակայն այն տեսարանին, ինչին ականատես եղանք այս շաբաթ ԱԺ-ում, դժվար է որևէ որակում տալը: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը զրուցելով դուրս եկան դահլիճից: Չնկատելով լրագրողներին` նախարարը հետաքրքրվեց. «Հը, ի՞նչ կա Արդվինից»: Բացասական պատասխան լսելուց հետո ասաց. «Դու պրոբլեմ չունես, եթե խնդիրը գյուղապետն ա, ես կասեմ իրան, որ որոշումը փոխի»: Լրագրողների խեթ հայացքները որսալով` երկուսն էլ լռեցին: Եթե, ինչպես պնդում էր Վահրամ Բաղդասարյանը, շահագործողն ինքը չէ, ինչու՞ է նախարարն իրենից հետաքրքրվում զարգացումների մասին և «մխիթարում»` կանաչ լույս վառելով:
Իսկ որոշմանը դեմ գյուղացիները, ավագանին, գյուղապետը դաշնակցական նախարարին ընդհանրապես չեն հետաքրքրում, բոլոր խոչընդոտներն էլ պատրաստ է վերացնելու։ Այ, այսպես էլ կառավարում ու զարգացնում են իրենց վստահված ոլորտը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ