Այսօր ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կրկին ակնարկով է խոսել իշխանությունների հետ: Անդրադառնալով առաջիկայում ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը և վիզայի ռեժիմին, նա փաստել է. «Միգուցե դուք այդքան էլ բավարարված չլինեք որոշակի արդյունքներով, ասենք՝ վիզայի մասով, բայց անկեղծ կլինեմ՝ նախապատրաստական աշխատանքներում Հայաստանի համար շատ կարևոր է, որ վիզայի խնդիրը լինի օրակարգում... բայց էլի եմ ուզում կրկնել՝ սկսեք ձեր ներքին նախապատրաստական աշխատանքներն այդ օրվա համար, պատրաստվեք, կատարեք ձեր տնային աշխատանքը և այդ օրը, հուսով եմ, կգա»:
ԵՄ պաշտոնյան վերստին Հայաստանի իշխանություններին հորդորում է իրենցից կախված նախապայմաններն իրականացնել, որպեսզի ԵՄ-ից ստանան առավելագույնը: Սակայն եթե Հայաստանի իշխանությունները սկսեն իրենց «տնային աշխատանքները» գերազանց կատարել հանուն ԵՄ-ի ու վիզայի ազատականացման, արդյոք մեկ այլ քաղաքական վեկտորի «հանձնարարությունից» երկուս չե՞ն ստանա: Կկարողանա՞ն արդյոք Հայաստանում իշխանությունները լինել միաժամանակ և ԵՄ-ի, և Ռուսաստանի աչքում գերազանցիկ: Արդյոք այս իշխանություններից նման մեծ «առաջադիմություն» պահանջելը հնարավո՞ր է: Որքան երևում է գործընթացներից, Հայաստանի ունակությունները դեռևս մեկ ուղղությամբ են ավելի լավ զարգանում, իսկ մյուս «առարկաների» գծով բավարար գնահատականն էլ նրանց գոհացնում է:
Այնպես որ, Սվիտալսկին շատ է գերագնահատում Հայաստանի իշխանությունների ունակությունները, մենք միջին կարգի «տնային աշխատանքի» հազիվ «ձգենք»: Չնայած դեսպանն իրատես է` նշելով, որ եթե ակնկալված աշխատանքն իրականացնեն, հույս ունի, որ ցանկալի արդյունք կլինի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ