ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Մեր «Իսկանդերները» խաղալիք են դառնում

Մեր «Իսկանդերները» խաղալիք են դառնում
04.10.2017 | 17:41

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր բավական բուռն քննարկվեց խորհրդարանում: «Ելքը» գրեթե ողջ խմբակցությամբ քննադատության տարափ տեղաց: Հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ միացյալ զորքերի կազմը որոշում են լիազոր մարմինները, որը երկու երկրների պաշտպանության նախարարություններն են: Նրանք մշակում, համաձայնեցնում և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների հաստատմանն են ներկայացնում միացյալ խմբավորման կիրառման պլանավորման առաջարկությունները, փաստաթղթերի ցանկը և բովանդակությունը, դրանց մշակման և գործունեության մեջ դնելու կարգը: Միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի հետ: «Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին»,- հավելեց փոխնախարարը:

Սակայն ընդդիմադիրների մտահոգությունը շատ մեծ էր. նրանք այս համաձայնագրի տակ տեսնում են երկրում Ռուսաստանի ազդեցության ավելի մեծացում: «Թող ինձ ներեն զեկուցողները, բայց ինձ համար՝ որպես մարդու, այդ համաձայնագիրը նույնիսկ վիրավորական է: Լավ, ո՞նց կարելի է էսքան սեփական ուժերին չվստահել: Ի վերջո, գիտե՞ք ինչու մեզ հետ միասին երրորդ կողմ չկա, որ ՌԴ հետ այս պայմանագիրն ստորագրի: Որովհետև նույն ղազախները, ղրղզները, նույն Բելառուսն իրենց ինքնիշխանությունն ավելի բարձր են դասում, համարում են, որ իրենց չփորձված բանակներն այդ գործընթացը կարող են տանել: Տպավորություն ունեմ, որ ինչ-որ գաղտնի փաստաթուղթ էլ կա, որի ենթատեքստում համապատասխան իրավիճակում ՀՀ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը կարող է դառնալ ՌԴ նախագահ Պուտինը: Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանի մաս կազմող Չեչնիան շատ ավելի ազատ է, քան մենք»,- ասաց «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը: «Շատ ուրախացաք, չէ՞, իսկանդերների վրա: Այո, Ռուսաստանն արդեն Թուրքիային վաճառում է C-400 համակարգեր, որով ձեր իսկանդերները կդառնան սովորական մի հատ խաղալիք: Եվ երբ պետք լինի՝ Ադրբեջանի օդում Ռուսաստանի տված C-400-ներով Թուրքիան կխփի էդ իսկանդերները... Սևրի պայմանագիրն էլ է պայմանագիր՝ կնքված ու ստորագրված, ո՞ւր է: Ես չեմ հասկանում՝ 1915 թիվ տեսած ժողովուրդն ուրիշի բանակի վրա էսքան հույս կդնի՞: Դուք պատմություն չգիտե՞ք, դուք բացատրեք, թե 15 թվին ռուսական բանակը Վանը գրավելուց հետո ինչո՞ւ նահանջեց: Արդյունքում էլի հարյուր հազարավոր մարդիկ կոտորածի զոհ դարձան: Սերժ Սարգսյանը և իր իշխանությունը տանուլ են տվել ՀՀ անվտանգության կարևորագույն կոմպոնենտները»,- շարունակեց քննադատությունը խմբակցության քարտուղար Նիկոլ Փաշինյանը:


Բանը հասավ նաև գաղտնի փաստաթղթերին: Երբ հարակից զեկուցող ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին Փաշինյանը հարցրեց, թե ինչ գաղտնի զորամիավորման մասին է խոսքը, զեկուցողն ասաց, որ մինչ այս ՌԴ զինված ուժերի և մեր զինված ուժերի միացյալ խմբավորում գործել է, բայց՝ գաղտնի: Կորյուն Նահապետյանն ասաց, որ 97-98-ին իրավական ակտ է եղել: «Դա մտահոգության առարկա է իսկապես: Բոլոր դեպքերում փաստ է, որ ժամանակին նման միացյալ խմբավորում կազմավորվել է, եղել են համապատասխան փաստաթղթեր: Իրավաբանական ուժի տեսակետից կարող ենք մտահոգություն հայտնել, թե ինչու է ժամանակին այդ տարբերակով դա եղել»,- նշեց Կորյուն Նահապետյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ