ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Թրամփն ամեն ինչ անելու է, որ Իսրայելն առավել հզոր գերտերություն լինի»

«Թրամփն ամեն ինչ անելու է, որ Իսրայելն առավել հզոր գերտերություն լինի»
08.12.2017 | 02:01

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հայտարարությամբ կրկին աշխարհն իրար է խառնել: ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք: Աշխարհի արձագանքը չուշացավ, արաբական, ԵՄ երկրներն իրենց անհամաձայնությունն են արդեն հայտնել: Պաշտոնական Երևանը ևս արձագանքել է: «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։ Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»,- ասված է արտգործնախարարության հայտարարությունում: Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «Իրատեսն» այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց:

-Ի՞նչ կարող է աշխարհում փոխել ԱՄՆ-ի նախագահի այս որոշումը:
-Թրամփը մի քանի սկզբունքներով է առաջնորդվել, երբ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել: Նախ դա իր նախընտրական խոստումն էր: Ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ Թրամփը Իսրայելի վարչապետի հետ էր հանդիպել և խոստացել ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ու իրենց դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Նա իր խոստումը կատարեց: Դեռևս 1995-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը միաձայն ընդունել էր մի օրենք, որը կոչվում է «Երուսաղեմի ակտ», դրա նպատակն էր դիմել Միացյալ Նահանգների նախագահին, որ իրենց դեսպանատունը տեղափոխեն Երուսաղեմ և այն Իսրայելի մայրաքաղաք ճանաչեն: Այս օրենքը ոչ մի վարչակազմ և ոչ մի նախագահ ինտերպրետացիայի չէր ենթարկել, այսինքն, օրենքն ընդունվել էր, բայց նախագահներին իրավունք էր տրվել ամեն վեց ամիսը մեկ շրջանցել այդ պարտավորությունը, եթե այն կսպառնար ԱՄՆ-ի և տարածաշրջանային անվտանգությանը: Թրամփն առաջինն էր, որ Կոնգրեսի ընդունած օրենքին տվեց իրավական ուժ: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը կարող է իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել: Այս փաստը կարևոր է մի քանի պատճառներով. նախ՝ Երուսաղեմի կարգավիճակը կռվախնձոր է Պաղեստինի և Իսրայելի միջև: Սա չափազանց կարևոր մեսիջ է ողջ աշխարհին ու ցույց է տալիս, որ Թրամփն անվերապահորեն աջակցում է իր թիվ մեկ գործընկերոջը, դաշնակցին` Իսրայելին: ԱՄՆ-ի նախագահն ամեն ինչ անելու է, որ Իսրայելն առավել հզոր, կայուն, զարգացած տարածաշրջանային գերտերություն լինի, որովհետև նրանք ունեն ընդհանուր շահեր:
-Արդեն արաբական աշխարհը մեծ դժգոհությամբ է ընդունել այս փաստը, սա ինչպե՞ս կանդրադառնա ամերիկյան քաղաքականության վրա:
-Ոչ միայն արաբական աշխարհում դժգոհություններ կան, խոսել են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի առաջնորդները, որոնք նույն բանն են ասում, թե սա կխանգարի արաբա-իսրայելական կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացին: Սա իրավիճակը բարդացնում է: Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Իսրայելը, բնականաբար, հաշվարկել են, թե ինչ հետևանքներ կարող են լինել իրենց համար, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից: Այդ հաշվարկները հանգեցրել են այն եզրակացության, որ պետք է ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Սա բացառիկ, համարձակ քայլ է ԱՄՆ-ի կողմից: Սա նախագահի պաշտոնում Թրամփի ամենախիզախ որոշումն է, որովհետև նա հստակ պատկերացնում է, թե ինչ հետևանքներ կարող է այն ունենալ տարածաշրջանի ու հենց Իսրայելի համար:
-Եթե ողջ աշխարհը դեմ է այդ որոշմանը, միայն ԱՄՆ-ի ճանաչումն ի՞նչ կփոխի Երուսաղեմի կյանքում:
-Տեսակետ է հնչում, թե ԱՄՆ-ի ճանաչումից հետո հնարավոր է այլ պետություններ ևս Երուսաղեմը ճանաչեն: Թրամփի հիմնավորումն էլ այն է, թե այսքան ժամանակ խուսափել են ճանաչումից, քանի որ ընթացել են բանակցություններ, և ճանաչումը կխանգարեր այդ գործընթացին: Իրականում բանակցություններն արդյունք չեն տվել, և այդ պատճառով մերժել ճանաչումը տրամաբանական չէ: Թրամփը հենց այս սկզբունքով է առաջնորդվել ու ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:
-Որոշ վերլուծաբաններ Երուսաղեմի և Ղարաբաղի ճանաչման հարցում ընդհանրություններ են տեսնում: Դուք նման եզրեր տեսնու՞մ եք:
-Բացարձակ նմանություն չկա, դրանք երկու տարբեր գործընթացներ են, կոնֆլիկտներ, որոնք ունեն տարբեր պատմություն, էություն: Ընդհանուր շատ քիչ եզրեր ունեն: Երուսաղեմի դեպքում տարածքային ամբողջականության կամ ազգերի ինքնորոշման խնդիր չկա, գոյություն ունեն պատմական իրողություններ, որոնք հաշվի առնելով էլ Թրամփը կոնկրետ քայլ է կատարել, իսրայելամետ որոշում է ընդունել: Սա Լեռնային Ղարաբաղի հետ որևէ աղերս չունի, դրանք տարբեր կոնֆլիկտներ են՝ տարբեր պատմություն ու բնույթ ունեցող:


Հեռախոսազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ