Իշխանությունը հստակ հաշվարկներով է առաջ գնում, իսկ ընդդիմությունը կողքից դիտորդի դերում է: Առաջիկա բոլոր փոփոխությունները տեղի են ունենալու իշխանության ճամբարում: 2018-ի երկու կարևոր իրադարձություններն անցնելու են գերազանցապես իշխանության սցենարով: Նախագահի և վարչապետի պաշտոնում կրկին լինելու են հանրապետականի կարկառուն դեմքերը, իսկ գործընթացների վրա հակազդելու հնարավորություն և ներուժ ընդդիմությունը չունի: Ասել է` գործոն չի կարող լինել, և իշխանությունն էլ գործում է ազատ ու առանց խոչընդոտների: Ավելին, երբեմն տպավորությունն այնպիսին է, որ իշխանությանն ավելի շատ մտահոգում են իր ներքին խժդժոցները, քան ընդդիմության գործողություններն ու «սպառնալիքները»:
Իսկ այս իրավիճակում իշխանությունը ժամանակ չի կորցնում և արդեն «նախընտրական» արշավ է սկսել: «Սերժ Սարգսյանը ամենաներքևի օղակից սկսեց: Հեռվից է գալիս»,- ասաց ՀՀԿ-ական մեր աղբյուրը` նկատի ունենալով ՏԻՄ-երի հետ հանդիպումը: Նույն աղբյուրի դիտարկմամբ` նախագահը փորձում է կառավարման ստորին օղակի ներկայացուցիչներին հստակ հասկացնել, թե ապագայում իրենք ում հետ են գործ ունենալու, ում են հաշվետու լինելու: «Իշխանությունն ինչու՞ է սկսում ներքևից, եթե ամեն ինչ վերևում է որոշվում» դիտարկմանը մեր աղբյուրը հակադարձեց. «Նախապատրաստում է բոլորին, իսկ ամենաներքևի օղակից է սկսում, որպեսզի ամեն ինչ հարթ ու սահուն, առանց ցնցման ընթանա»:
Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ չնայած Սերժ Սարգսյանը «քարոզարշավի» մեկնարկ է տվել, սակայն նրա թիմում դեռ մեծ անորոշություն կա. ոչ ոք չգիտի, թե ինչ քայլերով է նա առաջ գնում, ինչ մտադրություններ ունի ապագա նախագահի կամ վարչապետի առնչությամբ. այս թեմաներով նա կես խոսք անգամ չի ասել թիմակիցներին: Բոլորը սպասում են, թե որն է լինելու հաջորդ քարոզարշավային քայլը: Սրան զուգահեռ, հակառակ զարգացումն է տեղի ունենում, «բնականորեն» հարթվում է ապագա վարչապետի ճանապարհը, որպեսզի ոչ ոք հանկարծակիի չգա, թե ինչպես ստացվեց, որ երկրի ղեկը կրկին մնաց Սերժ Սարգսյանի ձեռքում: Այսպես որ, առաջիկայում Սերժ Սարգսյանը, հավանաբար, հաջորդ թիրախային խմբին կհանդիպի, իսկ ՏԻՄ-երից մեկ աստիճան վերև մարզպետներն են:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ