ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Մանվել Գրիգորյանը՝ Կարեն Կարապետյանի մասին. «Արցախի հարցում նա կյանքում մեկ քայլ հետ չի գնա»

Մանվել Գրիգորյանը՝ Կարեն Կարապետյանի մասին. «Արցախի հարցում նա կյանքում մեկ քայլ հետ չի գնա»
07.03.2018 | 18:36

ՀՀԿ-ն սկսել է վարչապետ Կարեն Կարապետյանի հեռացման գործընթացը, որը բավական տհաճ է: Երբ ՀՀԿ-ն Կարապետյանին վարչապետ նշանակեց, ողջ թիմը լծվեց նրա հմայքներն ի ցույց դնելուն: Իսկ այսօր երեկվա «երգիչները» նրան վարկաբեկում ու նսեմացնում են: Պատճառը շատ ակնհայտ է. վարչապետի իրենց թեկնածուի համար տեղ են բացում: Գործի են դրվում ամենազզվելի մեթոդները: Հրապարակավ կասկածի տակ են դնում ժամանակին իրենց «փառաբանված» պաշտոնյայի՝ անվտանգությունից «գլուխ չհանելու», Արցախից բան չհասկանալու հանգամանքը:


Նախ` ամենամեծ հարվածը ուղիղ թիկունքին հասցրեց գեներալ Մանվել Գրիգորյանը. «Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից, նա լավ վարչապետ է, բայց Արցախից բան չգիտի: Այսօրվա դրությամբ Սերժ Սարգսյանից ավելի լավ թեկնածու չկա»: Սա հետաքրքիր է նաև այն առումով, որ Կարապետյանը, լինելով հենց Արցախից, փաստորեն, ավելի վատ գիտի իր հայրենիքը, քան, ասենք, Մանվել Գրիգորյանը: Բայց խնդիրը դա չէ, այլ Գրիգորյանի այն հիմնավորումը, թե այսօրվա դրությամբ Սերժ Սարգսյանից ավելի լավ թեկնածու չկա: Ահա այս միտքը հանրությանը հասկացնելու համար արդարացվում են բոլոր միջոցները: Անգամ նույն թիմի մարդու, տվյալ դեպքում` վարչապետի նսեմացումը: Իշխանության ներքին ինտրիգներն այսքան բացահայտ երբեք հասարակությանն ի ցույց չէին դրվել, ամեն ինչ ներսում եփվում-որոշվում էր, հետո հասարակությանը մատուցվում որպես կայացած իրողություն, ինչի հետ արտաքուստ համաձայն են բոլոր հանրապետականները: Սակայն Կարեն Կարապետյանի հանգամանքն այլ է:


Այսօր էլ Գալուստ Սահակյանն է շարունակել Մանվել Գրիգորյանի միտքը: «Մանվել Գրիգորյանն իրոք ընդունում է Սերժ Սարգսյանին, և մի մտածեք, որ ինչ-որ մեկին շատ վատ բան է ասում: Այ եթե մեկ անգամ դուք ձեր աչքերով պատերազմ տեսած լինեիք, կհասկանայիք, թե Մանվել Գրիգորյանն ինչից է խոսում, ինչի հետևանքով է այդպես խոսում»,- ասել է պատգամավորը: Այսինքն, ըստ Սահակյանի, լիովին նորմալ է, որ Գրիգորյանը կասկածի տակ է դնում Կարապետյանի Արցախից բան հասկանալու կարողությունը, ավելին, ոչ մի վատ բան չկա նման բան ասելու մեջ: Եվ եթե նա պատերազմ է տեսել, ուրեմն նրա ցանկացած խոսք ճշմարի՞տ է: Իսկ ով ասաց, որ Մանվել Գրիգորյանի «պատերազմ տեսած աչքերը» միշտ իրականությունն են տեսնում: Իսկ ստորև ասված մի՞տքը:


Երբ Կարեն Կարապետյանը վարչապետ էր նշանակվել, նույն Մանվել Գրիգորյանը հայտարարել էր. «Ճանաչելով Կարեն Կարապետյանին, գիտեմ, որ եկել ա աշխատելու, նա ոչ փողի կարիք ունի, ոչ ցուցադրելու: Կարեն Կարապետյանը շատ հայրենասեր տղա ա, արցախցի ա: Նա Արցախի հարցում կյանքում մեկ քայլ հետ չի գնա: Ներդրումներ ա անում Արցախում, ինչ հնարավոր է, անում է Արցախի համար»: Ամիսներ հետո պարզվում է, որ, ըստ այս պարոնի, Կարեն Կարապետյանն Արցախից ինչ գիտի:


Այս ամենի ողբերգությունն այն է, որ եթե ինչ-որ պահի հայտնվի մեկ այլ հզոր կերպար, որը կթելադրի իր դիրքորոշումը այս ՀՀԿ-ականներին, նրանք կարող են շատ հեշտությամբ ու թեթևությամբ Սերժ Սարգսյանի թերություններն ու բացթողումները հրապարակ նետել, մեղադրել այս կամ այն հարցից գլուխ չհանելու մեջ: Իշխանությանն այսպիսի «ծառայություններ» մատուցողները նման են խորտակվող նավը առաջինը լքողներին, երբ իշխանության այս կամ այն թևը, թիմը կամ կենտրոնը թուլանում է, առաջինը իրենք են լքում նրան: Ի դեպ, իշխանության կենտրոններն էլ շատ լավ գիտեն նրանց «ունակությունները», դրա համար նրանց միշտ «օգտագործում են» ինչ-որ մեկին փչացնելու գործը գլուխ բերելու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ