ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ռոբերտ Քոչարյանը կրկին «խոսեց»

Ռոբերտ Քոչարյանը կրկին «խոսեց»
13.03.2018 | 02:31

Երեկ Ռոբերտ Քոչարյանը խոսեց, բայց սեփական գրասենյակի ղեկավարի շուրթերով: Վիկտոր Սողոմոնյանը Քոչարյանի կյանքն ու գործունեությունը պատկերող անձնական կայքում ինքնահարցազրույց է տվել՝ երեք հարց՝ երեք պատասխանով (չնայած այս դեպքում դժվար է երեք պատասխան ասելը):


Ըստ թեմաների, կարելի է ասել, թե ինչն է այս պահին Ռոբերտ Քոչարյանի ուշադրության տիրույթում: Նախ` երկրի նախագահ՝ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը: Դժվար չէր կանխատեսել, որ բոլոր պետական տոներից, միջոցառումներից մշտապես բացակայող Քոչարյանը չի լինելու նաև Սարգսյանի երդմնակալությանը: Ամեն անգամ նույն պատճառաբանությունն է ներկայացվում` Քոչարյանին կրեատիվությունը միշտ էլ պակասել է: «Ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը, ըստ նախապես ծրագրված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում»,- տեղեկացնում է գրասենյակի ղեկավարը: Հայտնի ֆիլմի հանգույն. «Հնձածդ խոտ չի՞»: Նույնն է, թե` աֆրիկաներում որսով չե՞ս զբաղվում:
Խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում այս իշխանության հետ որևէ միջոցառման ներկայանալ, քանի դեռ չեն «ընդունել» իրեն, չեն տվել այն, ինչ ինքն է ուզում: Քանի դեռ այսպիսի կայուն ու անփոփոխ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի համար, նա չի երևա ոչ մի տեղ:


Երկրորդ հարցն ու պատասխանն ամենաէականն են: Քոչարյանի ցավոտ թեման է: Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին: Սա չէր կարող չխոցել Քոչարյանին, և նա ոչ թե խոսում է խնդրից, այլ հակահարձակման է անցնում: «Իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանին: Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»,- ասում է Սողոմոնյանը:


Ռոբերտ Քոչարյանը կես խոսք չի ասում վերջին շրջանում անգամ ՀՀԿ-ից հնչող ճակատային մեղադրանքների մասին, չի ասում, թե ինչու, օրինակ, ՀՀԿ-ն ուղիղ ասաց. «Դուք, արտակարգ դրություն հայտարարելը հիմնավորելով, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը: Բոլոր վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննության փաստաթղթերը նայեցինք, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, ինչը ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»: Այս հարցին, բնականաբար, պատասխան չունի նա:


Երրորդ հարցը` հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը, հետաքրքրական է այն առումով, որ քաղաքական օրակարգի այս «մեռած» հարցի առնչությամբ նորից Քոչարյանից պատասխան է ակնկալվում: Այս էջը այսօրվա իշխանությունը փակել է, իսկ Քոչարյանն արտերկրում եղած օրերին հիշել է, որ այդ մասին դեռ տարիներ առաջ՝ 2008-2009-ին կարծիք է հայտնել: Միով բանիվ, անիմաստ հարցուպատասխան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4010

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ