Մինչ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, թե Հայաստանը «Նովգորոդի վեչեն չէ», որ ով բարձր գոռար, նա էլ իշխանություն ունենար, Նիկոլ Փաշինյանը սեփական քաղաքական քարտեզն է պատրաստվում ներկայացնելու և պայքարելու այս իշխանությունների դեմ: «Հիմնական մարտահրավերն այն է, որ ՀՀ քաղաքացիները կարողանան կազմակերպվել և պարտադրել Սերժ Սարգսյանին, որ նա կատարի իր իսկ առաջադրած պայմանագրի պայմանները»,- այսօր հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը քաղաքական պարտության մասին իր թիմակիցների տեսակետի ճիշտ հակառակն է փաստում: Ըստ պատգամավորի, գործողության բացակայությունն արդեն իսկ ժողովրդին առաջնորդում է դեպի պարտություն, իսկ գործողության ստեղծումը հաղթանակի հնարավորություն է տալիս:
Այսօր այնպիսի դասավորություն է քաղաքական ներկապնակում, որ ցանկացած պարագայում դժվար է ակնկալել քաղաքական հաղթանակ: Հավասարապես ճիշտ են և Նիկոլ Փաշինյանը, և նրա կարծիքին ոչ համամիտ ելքականները: Փաշինյանն իրավացի է, որ գործողությամբ պետք է հասնել հաղթանակի, ձեռքերը ծալած չպետք է նստել ու սպասել, թե երբ մեծամասնությունն իր թեկնածուին կներկայացնի խորհրդարան, իրենք էլ մի քանի խրոխտ ելույթ կունենան, արդյունքում մեծամասնության քվեարկությամբ ընտրվելու է ՀՀԿ-ի թեկնածուն: Այսինքն, քաղաքական պայքարի սահմաններն այս առումով խիստ կանխատեսելի են և ոչ մի փոփոխություն, բեկում չեն բերում: Այսուհանդերձ, «Ելքի» մի հատվածը, որը փողոցային պայքարին դեմ է, իրավացի է այն առումով, որ ռեալ է գնահատում իր ներուժը, շատ լավ գիտի, որ եթե փողոց դուրս գան, համակիրների քիչ բանակ կհետևի իրենց, իմա՝ այդ ներուժով չեն կարող իրավիճակ փոխել: Իսկ քանի դեռ նրանք իրենց ուժերի վրա վստահ չեն, հասարակությունը երբեք չի հավատա նման ընդդիմադիր ուժին:
Այս երկսայրի իրականության մեջ, թերևս, դժվար է ճիշտ ու սխալ համարել որևէ կողմին: Նիկոլ Փաշինյանը գուցե հավատում է, որ բողոքներով, հանրահավաքներով հնարավոր կլինի հասարակական ընդվզման մեծ ալիք բարձրացնել և իշխանությանը որոշակի քայլեր պարտադրել: Նա գուցե այդ տեսլականին հավատում է, բայց իրականությունը ցույց է տալիս, որ նա նույնիսկ իր թիմի ներսում չկարողացավ համակիրներ ձեռք բերել, իսկ նման պարագայում բավական դժվար է ժողովրդին համոզել, որ իր սկսած գործը հաջողելու է: Չնայած սկզբունքի առումով Փաշինյանը ճիշտ է. հասարակության համախմբված պայքարը կարող է սասանել ցանկացած իշխանության հիմքերը:
Առավել պրագմատիկ է Էդմոն Մարուքյանի թևը: Նրանք կոնկրետ հաշվարկներ են արել ու հասկացել. խորհրդարանում իրենց կարգավիճակն ավելի ապահով է ու, այսպես ասած, անվնաս՝ առնվազն քաղաքացիներից կշտամբանք չեն ստանա, թե բերեցին հրապարակ, բայց ոչինչ չարեցին: Սակայն այդ վիճակը, հատկապես ընդդիմության դեպքում, ճահճային է: Որքան կարող է ընդդիմությունն իր փոքրաթիվ անդամներով այս կամ այն օրենքի դեմ խոսել, բայց այդպես էլ իրական հաջողություն չունենալ: Հետո՞: Եթե միայն սա է ընդդիմության գործառույթը, այն էլ խորհրդարանական երկրում, ուրեմն մարուքյանական թևը ճիշտ է:
Ստացվում է, որ այս ընթացքում խորհրդարանում պայքար տվող «Ելքը» չի կարողացել որևէ բան փոխել իշխանական վերադասավորությունների մեջ, այսուհետ էլ հազիվ թե կարողանա: Այսինքն, սպառվել է այս հարթակն այդ առումով: Հիմա հերթը փողոցինն է, չնայած այս դեպքում «Ելքը» միայնակ թողեց իր անդամին, բայց եթե Նիկոլ Փաշինյանը իսկապես ճիշտ է իր համոզմունքներում, կհաղթի՝ անկախ այն հանգամանքից, որ չունի անգամ իր թիմակիցների աջակցությունը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ