ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Եթե որևէ մեկը փողոցներ չի փակել կամ գործադուլ ու դասադուլ չի արել, դա դեռ չի նշանակում, որ նա դեմ է բարեփոխումներին»

«Եթե որևէ մեկը փողոցներ չի փակել կամ  գործադուլ ու դասադուլ չի արել, դա դեռ  չի նշանակում, որ նա դեմ է բարեփոխումներին»
08.06.2018 | 00:32

Իշխանափոխությունից հետո, երբ ՀՅԴ-ն նորից կառավարության մաս կազմեց, այդ քաղաքական ուժի ներսում տարաձայնությունների ալիք բարձրացավ: Արդեն գրել ենք, որ Սփյուռքի կառույցները դժգոհություն էին հայտնել հայաստանյան դաշնակցականների քաղաքական դիրքորոշումների առնչությամբ: Ճգնաժամը հաղթահարվե՞ց` հարցրինք ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ:


-Հաջորդ տարի կլրանա իմ կուսակցական ստաժի 30 տարին, ու ես 30 տարի լսում եմ, որ ՀՅԴ-ում կա ճգնաժամ,- ասաց պատգամավորը։- 30 տարի լսում եմ, որ դաշնակցությունում պառակտումներ կան, որ դաշնակցությունում թևերի կռիվ կա, նույնքան տարի էլ լսում եմ` իբր հազարավոր մարդիկ են կուսակցությունից դուրս գալիս: Ընդ որում, եթե, ըստ լուրերի, գումարեմ ՀՅԴ-ից դուրս եկող անձանց թիվը, հիմա Հայաստանում պետք է ունենայինք ոչ թե 7 հազար անդամ, այլ 20000:
-Բայց չեք ժխտի, չէ՞, որ Հրանտ Մարգարյանի հետ տարաձայնության պատճառով Աբո Պողիկյանը դուրս եկավ կուսակցությունից, որ Սփյուռքի կառույցների հետ էլ խնդիրներ կան:
-Սփյուռքի կառույցների հետ խնդիրները հայաստանյան որոշ լրատվամիջոցների, որոշակի շրջանակների անիրականանալի ցանկություններն են, որովհետև այդ խոսակցություններն էլ տասնամյակներ շարունակ լսում ենք, սակայն կյանքը ցույց է տալիս, որ նման իրողության հետ ՀՅԴ-ն երբևէ չի առնչվել: Չպետք է շփոթել կուսակցությունում եղած բանավեճը, խնդիրների մասին քննարկումները պառակտման կամ այլ տիպի խնդիրների հետ: ՀՅԴ-ն ավանդույթներ ունի, 128 տարվա կենսունակության կարևորագույն բաղադրիչներից մեկն էլ այն է, որ կուսակցությունում փակ թեմաներ չկան: Ցանկացած հարցի մասին կան քննարկումներ, ցանկացած խնդրի վերաբերյալ լինում են բուռն բանավեճեր, բայց դրանք նույն նպատակին ձգտող մարդկանց բանավեճեր են՝ տարբեր շեշտադրումներով, մոտեցումներով: Սա ոչ թե դաշնակցության թուլությունն է, այլ ուժը: Երանի հայաստանյան մյուս կուսակցություններում էլ նման քննարկումներ լինեին:
-Այդուհանդերձ, տարաձայնություններ կան:
-Տարաձայնություններ, բազմակարծություն կան, քանի դեռ ներսում խնդիրները քննարկվում են, իսկ երբ հարցի առնչությամբ կայացվում է կուսակցության որոշում, պետք է բոլորը ենթարկվեն դրան: Շատ դեպքեր են եղել, երբ քննարկման փուլում որևէ հարցի վերաբերյալ դեմ եմ արտահայտվել, սակայն որոշումը կայացվելուց հետո, լինելով այդ որոշման հարցում փոքրամասնություն, ակտիվորեն աշխատել եմ կայացված որոշումն իրագործելու ուղղությամբ: Կգա՞ հաշվետվության ժամանակը, ոչ թե կչարախնդամ, այլ փաստարկներ կներկայացնեմ, որ իմ մոտեցումները ճիշտ էին: Ասել է՝ ներկուսակցական քննարկումները չպետք է նույնացնել պառակտման կամ տարակարծությունների հետ: Չի կարող այնպես լինել, որ մի հարցի շուրջ 100 հոգի նույն կարծիքն ունենա: Համոզված եմ` եթե բոլորը կուսակցությունում նույն կարծիքն ունեն, ապա ոչ մեկն էլ կարծիք չունի:
-Տարօրինակ չէ՞, որ ով գալիս է իշխանության, ՀՅԴ-ն միշտ նրա կողքին է:
-ՀՅԴ-ն չէ, որ միշտ իշխանության կողքին է, իշխանությունն է ուզում, որ դաշնակցությունն իր կողքին լինի:
-Ինչո՞վ է պայմանավորված ՀՅԴ-ի հանդեպ այդ կայուն սերը:
-Պայմանավորված է այն բանով, որ քաղաքական փորձառություն ունեցող ուժի հետ համագործակցելու ցանկություն ունենում են նույնիսկ իրար հետ տարամետ ճամբարներում հայտնված ուժերը: Սա նշանակում է, որ ոչ թե ՀՅԴ-ն է սպասում, թե ով պետք է իշխանություն լինի, որ նրա կողքին կանգնի, այլ հակառակը՝ ով գալիս է իշխանության, անպայմանորեն փնտրում է դաշնակցության հետ համագործակցության հնարավորություն:
-Նոր իշխանությունը ցանկություն ունի կտրելու բոլոր թելերը «հին» Հայաստանի հետ, իսկ ՀՅԴ-ն «հին» Հայաստանը մարմնավորող ուժերից է:
-ՀՅԴ-ն հին, ներկա և ապագա Հայաստանի հետ ասոցացվող քաղաքական ուժ է: «Հին» կամ «նոր» Հայաստան ասելով անձա՞նց նկատի ունեք, թե՞ քաղաքական տեսլականը:
-Այդ հարցին նոր կառավարությունը պետք է պատասխանի, այդ թվում նաև կառավարության մաս կազմող ՀՅԴ-ն:
-Նոր իշխանության շատ գործիչների ելույթներ, գնահատականներ եմ լսել ու այնպես չէ, որ բոլորը նման կարծիք ունեն: Ինձ իրավիճակային մոտեցումները չեն հետաքրքրում, ոչ էլ քաղաքական ինքնադրսևորումները, այլ թրենդը: Եթե որևէ մեկը մեկ ամիս առաջ փողոցներ չի փակել կամ գործադուլ ու դասադուլ չի արել, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդը դեմ է բարեփոխումներին կամ այն տեսլականին, որի շուրջ հավաքվել են քաղաքական ուժերը: Ավելին, եթե որևէ մեկը, որպես քաղաքական պայքարի մեթոդ, դեմ է եղել փողոցներ փակելուն, դրանից մեխանիկորեն չի բխում, որ նա դեմ է Հայաստանի զարգացմանը: Իսկ եթե որևէ մեկն էլ փողոց է փակել, դրանից էլ չի բխում, որ նա նոր Հայաստանի տեսլական ունի և աշխատելու է այն իրականացնելու ուղղությամբ: Փողոց փակելը և հռետորաբանությունը որևէ կապ չունեն ազգի ու պետության զարգացման, դրա իրագործմանն ուղղված ջանքերի հետ:
-Նոր իշխանությունը նոր, թարմ դեմքեր է ասպարեզ բերել: ՀՅԴ-ն չի՞ ուզում թարմացնել իր շարքերը:
-Երբ խոսում ենք նորության, թարմության մասին, նախ պետք է հասկանանք, թե տվյալ մարդուց ինչ սպասելիքներ ունենք՝ արդյունավետ աշխատա՞նք, հմտություննե՞ր, թե՞ նայելու ենք միայն անձնագրային տվյալներին: Անպայմանորեն չի ենթադրվում, որ ամեն մի նոր մարդ պետք է արդյունավետ աշխատի, իսկ ամեն «հին» մարդ՝ վատ: Ինչ վերաբերում է թարմացումներին, ՀՅԴ ղեկավար մարմինների ընտրություններից հետո միշտ էլ նոր դեմքեր են ի հայտ գալիս: Վերջին ԳՄ-ի կազմը դիտարկեք` 2/3-ը նոր մարդիկ են: Իսկ եթե դիտարկենք կառավարությունում ՀՅԴ-ի առաջարկած կադրերին, մեր թարմացման կամ նորացման մեթոդաբանությունը շատ ավելի արդյունավետ է, քան այլ ուժերինը:
-ՀՅԴ-ի առնչությամբ մեկ այլ «մեղադրանք» էլ կա. տեսակետ է հնչում, որ եթե նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն չօգներ, դաշնակցությունը չէր կարող անգամ անցողիկ շեմը հաղթահարել: Այս իշխանությունը մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացնելու, ՀՅԴ-ն միայնակ կկարողանա՞ կրկին հայտնվել խորհրդարանում:
-Բոլորին կառաջարկեի ուշադրություն դարձնել այն փաստին, որ ՀՅԴ-ն առաջին անգամ ընտրությունների մասնակցել է 1999-ին, մինչ այդ դաշնակցությունն արգելված, փակված կուսակցություն էր: 1999-2017-ի խորհրդարանական բոլոր ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն հանդես է եկել առանձին և այն բացառիկ քաղաքական ուժերից է, որ բոլոր գումարման խորհրդարաններում խմբակցություն է ունեցել: Այնպես որ, հաջորդ ընտրություններում էլ ՀՅԴ-ն ներկայանալու է առանձին ու կհավաքի այնքան քվե, որքան թույլ կտա նրա ունեցած հասարակական վստահությունը:
-Խնդիրների լուծման՝ նոր իշխանության որդեգրած մոտեցումն ինչպե՞ս եք գնահատում:
-Երեք-չորս շաբաթվա աշխատանքին դժվար է գնահատական տալ:
-Բայց այս ընթացքում ակնհայտ է մեկ բան, որ մեր երկրի բոլոր խնդիրներով զբաղվում է ԱԱԾ-ը:
-Կարծում եմ` առաջիկայում հնարավորություն կունենանք ավելի հանգամանալի անդրադառնալու նոր կառավարության գործունեությանը, մեթոդաբանությանը: Նախարարներ կան, որ երկու-երեք շաբաթ են աշխատել, ու այդ ամենը գնահատել ֆեյսբուքյան կամ լրատվամիջոցների հրապարակումներով, կոռեկտ չէ: Ժամանակ ու հնարավորություն կունենանք թե՛ խորհուրդ տալու, թե՛ քննադատելու, թե՛ գնահատելու:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ