ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Ո՞վ է ասել, որ աշխարհը Հայաստանով է ապրում»

«Ո՞վ է ասել, որ աշխարհը Հայաստանով է ապրում»
13.07.2018 | 00:17

Այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիայի, չարաշահումների ու ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքում հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել և վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ: Սակայն բյուջե փաստացի վերականգնված է 800 միլիոն դրամ: Տնտեսական ցուցանիշներն այս օրերին, չգիտես ինչու, չափվում են թալանված միջոցների վերադարձով, հավանաբար այն պատճառով, որ հանրությունն այս երկու ամսվա ընթացքում տեսնում է միայն ԱԱԾ-ի գործողությունները: Սակայն թալանված միջոցների վերադարձով տնտեսություն չես պահի: Տնտեսական զարգացման ի՞նչ դինամիկա կա, վարչապետը խոստացել էր, որ ներդրումային բում կլինի, դրա միտումները կա՞ն, այս հարցերն ուղղեցինք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ:

-Օբյեկտիվ գնահատելով իրավիճակը, պետք է ասել, որ եթե ներդրումներ անել ցանկացողներ էլ կան, իրական արդյունքներ այս կարճ ժամանակամիջոցում հազիվ թե երևան,- ասաց պատգամավորը։- Վիճակագրական տվյալներով եթե խոսենք, նման հիմքեր չկան: Նպատակ չունեմ որևէ մեկի հայտարարությունը կասկածի տակ դնելու, չեմ էլ ժխտում, որ Հայաստանի հանդեպ կա լուրջ հետաքրքրվածություն, բայց հետաքրքրվելը մեկ բան է, իրական ներդրումներ անելը՝ լիովին այլ: Ներդրումները, նախ, ժամանակ են պահանջում:
-Տնտեսական զարգացման կոնկրետ ծրագիր կամ դրա տեսլականը այսօր կա՞:
-Կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ իմ վերապահումներն ունեմ: Այդ ծրագրում թեպետ առաջնային էր համարվել երեք ոլորտ, բայց որդեգրած քաղաքականությունը հազիվ թե որևէ օտարերկրյա ներդրողի հետաքրքրությունը կշարժի: Այդ ծրագրային փաստաթուղթը չէր կարող որևէ ներդրողի համար դառնալ հիմք: Հաջորդ էական խնդիրը. արտգործնախարարությունից կրճատվեց տնտեսական դիվանագիտության սեկտորը: Պարզվեց, որ արտգործնախարարությունն այդ ոլորտի հետ ընդհանրապես կապ չունի, հետևաբար ուզում եմ հասկանալ` օտարերկրյա ներդրողը ո՞ր խողովակներով պետք է հետաքրքրվի ու հասկանա, թե ինչ ենք ուզում անել: Ո՞վ է ասել, որ աշխարհը Հայաստանով է ապրում, իսկ երկրագունդը Հայաստանի շուրջն է պտտվում: Գուցե հիմա Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է, քան նախկինում, բայց դա պայմանավորված չէ տնտեսական նոր հնարավորություններով, այլ քաղաքակիրթ իշխանափոխությամբ, հանրային կյանքի ժողովրդավարացմամբ: Ընդամենը այդքանը: Տնտեսական քաղաքականությունը, ներդրումներ բերելը կոնկրետ աշխատանք են, պոտենցիալ ներդրողի հետ կոնկրետ մարդ պետք է աշխատի: Ես նման աշխատանք չեմ տեսնում:
-Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց, թե մեր երկրում փող կա, պարզապես այնտեղ չէ, որտեղ պետք է լիներ: Ակնարկը վերաբերում էր թալանված միջոցներին: Հիմա այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն ամեն օր մի բացահայտում է անում: Հնարավո՞ր է տնտեսություն զարգացնել թալանված միջոցներով:
-Կարճաժամկետ հատվածում գուցե որոշակի հնարավորություններ ստեղծվեն, օրինակ, գումարների մի մասն օգտագործվի սահմանամերձ շրջաններում ինչ-ինչ խնդիրների լուծման համար: Դա ընդամենը մեկ ակտով իրականացվող գործողություն է, որովհետև հաջորդ տարի նման գումարներ չեն լինելու:

Բոլորն աշխատում են օրինական դաշտում, հետևաբար, թաքցրած գումարներ չեն լինելու: Այսինքն, էականը տնտեսական քաղաքականության տևական, անշրջելի նախադրյալներ ստեղծելն է` բյուջետային եկամուտներ ապահովելու նպատակ: Տնտեսության զարգացումը նշանակում է համակարգ: Ես մեր տնտեսությունից քիչ թե շատ հասկացող մարդ եմ ու ենթադրում եմ՝ կա համակարգ, որը խթանում է հավելյալ արժեք ստեղծելը, ինչն էլ բերում է հարկային եկամուտների ավելացման: Սա նշանակում է տնտեսական քաղաքականություն: Իսկ գողացված միջոցները վերադարձնելը շատ կարևոր է, պետք է հետ բերել, բայց կարծել, թե դրանով մինչև 2020-25 թթ. տնտեսական քաղաքականություն կարելի է իրականացնել, միամտություն է:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ