Ովքեր են պետական համակարգում հայտնվում, ու ինչ որակի կադրերն են դառնում որոշում կայացնողներ։ Քաղաքացիական ծառայողի չափորոշիչները հստակ են, սակայն միշտ չէ, որ դրանցով են առաջնորդվում գերատեսչությունները։ Հայաստանում 2002-ից հիմնադրված քաղաքացիական ծառայության խորհուրդը վերջերս լուծարվեց։ Այդ կառույցի առաջին և վերջին ղեկավար Մանվել Բադալյանը չի կարծում, որ այն աշխատանքը, որ իրենք էին կատարում, կարող են լիարժեքորեն իրականացնել նախարարությունները։ Ռիսկայնությունը շատ բարձր է։ Հիշեցնենք, որ այժմ յուրաքանչյուր նախարարություն ինքն է քաղաքացիական ծառայողների ատեստավորում անելու և ընտրելու սեփական կադրերին։
«Հաճախ գործադիր իշխանության սրտով չեն եղել այս կամ այն կադրային լուծումները։ Համապատասխան մարմինները մրցույթներում ունեցել են իրենց նախընտրած թեկնածուն, որը կարող էր և լինել պրոֆեսիոնալ ու գրագետ, բայց, ցավոք, լինում էին նաև այնպիսիներ, որոնք չէին համապատասխանում առաջարկվող պահանջներին»,- մեզ հետ զրույցում ասաց այսօր արդեն լիովին դասախոսական աշխատանքի անցած ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ հավելելով, որ կենտրոնացված համակարգի դեպքում ավելի հեշտ էր պահպանել չեզոքությունը։ Մինչդեռ այսօր, երբ յուրաքանչյուր նախարարություն ինքն է քաղծառայողի մրցույթ անցկացնում, ռիսկերը բավականին մեծ են, պետական ապարատում կարող են հայտնվել նաև հայտնի «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով։ Ի դեպ, մինչ ՔԾԽ-ի ստեղծումը ևս ամեն գերատեսչություն ընտրել է սեփական քաղծառայողներին։
Դիտարկմանը՝ եթե ձեր ղեկավարած կառույցը լուծարվեց, ու կառավարությունը նորից հին համակարգին անցավ, նշանակու՞մ է, որ այս տարիների ձեր աշխատանքն անտեղի էր, Մանվել Բադալյանը պատասխանեց. «Անտեղի չէր, հակառակը, ամրագրվեց մի մոտեցում, որ ինստիտուցիոնալ առումով խնդիրը լուծված է Հայաստանում, նշաձողերը սահմանված են, և նախարարությունները կարող են ավելի որակյալ ընտրություն անել, ավելի պատասխանատու լինել կադրերի ընտրության հարցում։ Ով շատ թե քիչ ծանոթ է համակարգի կայացման գործընթացին, այն բախումներին, վեճերին որոնք լինում էին տարբեր մարմինների, ամբիցիոզ ղեկավարների հետ, նրանք չեն կարող այդպիսի գնահատական տալ»։
2019-ի հունվարից քաղծառայողներ պետք է լինեն նաև ԱԺ-ի, ՍԴ-ի, ԲԴԽ-ի, դատական դեպարտամենտի, դատարանների, դատախազության, քննչական ծառայության, քննչական կոմիտեի աշխատակազմերը։ «Եթե քաղծառայության համակարգի գնահատականը բացասական լիներ, այսքան կառույցների աշխատակիցներ ևս չէին լինի քաղծառայողներ։ Իսկ ապակենտրոնացման դեպքում, եթե կադրերի ընտրության հարցում իրավասություն ունեցող անձինք առաջնորդվեն կուսակցական, թայֆայական մղումներով, ռիսկերը շատ մեծ են լինելու»,- ընդգծեց ոլորտի նախկին պատասխանատուն։
Հարցին՝ եթե այսօրվա կառավարության կազմը մասնագետի աչքով դիտարկեք, կա՞ն պաշտոնյաներ, որոնց ոչ մի կերպ չպետք է մոտ թողնել կառավարման օղակին, պատասխանը միանշանակ էր. «Այո, ավելի կոշտ ասեմ՝ կան մարդիկ, որոնք ոչ մի կերպ չէին կարող հաղթահարել այն պահանջները, որոնք տասնամյակներով պահպանել ենք՝ ի հեճուկս շատերի ցանկության»։ Մանվել Բադալյանին մեկ հարց էլ է այսօր շատ մտահոգում. «Երբեք չեմ ընդունել պոպուլիզմը և դեմագոգիան, ինչն այսօր շատ շատ է։ Որպես իր հայրենիքը սիրող անձի՝ սա ինձ շատ է մտահոգում»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ