ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Շնորհավոր ծնունդդ, պոետ

Շնորհավոր ծնունդդ, պոետ
21.12.2018 | 02:24

Սենեկա Կրտսերն ասում էր. «Նրանց մահը, ովքեր ստեղծում են անմահ գործեր, միշտ անժամանակ Է»։ Այդ անժամանակ մահով հավերժ ապրողներից մեկն էլ ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆՆ է: Բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, առակագիր… Թերևս, սկզբում պետք է նշեի նրա բարձրագույն կոչումը՝ հայրենասեր հայ մարդ:
Դեկտեմբերի 18-ին բանաստեղծի ծննդյան օրն էր, նա կդառնար, ներեցեք, դարձավ 69 տարեկան։ Դարձավ, որովհետև պոետները չեն մեռնում:
Ղուկաս Սիրունյանը ծնվել է 1949 թ. դեկտեմբերի 18-ին՝ ՈՒջանում…


«1915
Այս թվականը չեմ տեսել,
բայց նա է տեսնում ինձ
ամեն օր, ժամ ու վայրկյան
և երբ ասես, որտեղ պատահի,
անպատճառ պիտի
իմ ու հացի արանքում,
իմ ու երգի արանքում,
իմ ու կնոջ արանքում
բսցնի մի թուրք,
որին հնարավոր չէ քշել,
հանդուրժել` առավել ևս»։


Այս բանաստեղծությունը կարդալուց հետո զգում ես, որ նա իր ողջ գիտակցական կյանքն ապրել է անցյալում՝ Արևմտյան Հայաստանում, ապրել է առավելապես 1915 թ., ամենաշատը՝ այդ տարվա ապրիլի 24-ին, թեև իր երկրային կյանքում ամենաշատն ատել է այդ թվականի այդ օրը։ Որովհետև այդ օրն է նրան կտրել իր համար այնքան կարևորից՝ հայրենիքից, այդ օրն է պատճառ եղել, որ նա ծնվի ոչ թե Սասունում, այլ ՈՒջանում, պապի կառուցած տան մռայլ գերանների հայացքի ներքո: Այդ օրն է նրանից խլել դափի ձայնն առաջինը Սասունում լսելու իրավունքը: Այդ օրը շատ բան է խլել նրանից, այդ օրը նրան էլ է խլել իրենից…


Ղուկաս Սիրունյանը 1967-1971 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, ավարտելուց հետո տևական ժամանակ հայոց լեզու և գրականություն դասավանդել Սևանի Գեղամավան գյուղի դպրոցում: 1972-1978 թվականներին աշխատել է «Աշտարակ» թերթի խմբագրությունում, 1978-1989 թվականներին եղել է համբավավոր «Գարուն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչը։ 1989-1992 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի ֆոնդում, 1992-1993 թվականներին ստանձնել է ռադիոհեռուստապետկոմի մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրի բարդ ու պատասխանատու պաշտոնը: 1993-1994 թթ. աշխատել է «Ազատամարտ» թերթում: Երկու տարի անց՝ 1996 թ. աշխատանքի է անցել Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթում, որտեղ աշխատել է մինչև 1997 թ.: Նույն թվականից մինչև 1998 թ. զբաղեցրել է «Պարտեզ» մանկական ամսագրի գլխավոր խմբագրի աթոռը։ 1998-2010 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության գլխավոր խմբագիր։


1988 թ. «Աստղածաղիկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։ 2007 թ. «ՈՒշացած կապիկներ» վեպի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակի: Իսկ 2011 թ. «Տառափնջիկ» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի և այլն:
Ղուկաս Սիրունյանը բազմաժանր գրող էր, գրել է բոլորի համար, առավելապես՝ ամենարժանավորների. նա պաշտում էր մանկագրությունը: Նրա գործերը թարգմանվել են մի քանի լեզուներով։ Նաև կինոսցենարների հեղինակ է։ Կյանք է տվել է 23 գրքի, մի մասն էլ՝ անտիպ, սպասում է տպարան մտնելու բաղձալի օրվան: Գրողների միության անդամ էր, գրողների տան գործադիր տնօրեն, Հայոց բանակի պահեստազորի փոխգնդապետ:


Նա ամբողջ կյանքում ապրեց հայի ու հայ գրողի պատիվը սրտում, մի ամբողջ կյանք, որին մահն անժամանակ այցի եկավ, երբ բանաստեղծն ընդամենը 67 գարուն էր ապրել, երբ չէր էլ հասցրել 67-րդ տարին մի կարգին մաշել։ 2017 թ. հուլիսի 2-ին նա հրաժեշտ տվեց երկրային կյանքին՝ բոլորի հուշերում հավերժ մնալով 67 տարեկան: Նա գնաց երկինք` իր պապերի մոտ, որոնց չէր տեսել, բայց շատ լավ էր ճանաչում, ամեն օր բարևում ու հետները հաց էր ուտում, մտածում ու… ապրում։
Պոետները չեն մեռնում, շնորհավոր ծնունդդ, պոետ:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ