Հերթական անգամ Հայաստանի գլխավոր դատախազը խորհրդարան եկավ պատգամավորին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու հարցով։ Ու ճակատագրի քմահաճույքով այդ գործը ստանձնեց այն նույն դատախազը, որը 2 տարի առաջ այս իշխանության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին էր նույն ջանասիրությամբ ու խիստ «ծանրակշիռ» իրավական հիմնավորումներով փորձում անձեռնմխելիությունից զրկել։ ԵՎ այս անգամ Արթուր Դավթյանն իսկապես մասնագիտական մեծ կորուստ ունեցավ, որովհետև ԲՀԿ-ի ողջ զայրույթը նրա գլխին կոտրվեց ու ոչ անհիմն։ Ակնհայտ քաղաքական այս հարցը որքան էլ դատախազը փորձեց իրավական հարթություն տեղափոխել ու հիմնավորել, համոզիչ չստացվեց։ Անգամ իրավական փաստարկներն էին բավական թույլ, պարզորոշ նկատվում էր քաղաքական հրահանգը։
Ծառուկյանն էլ խոսեց, պատգամավորների հարցերին չպատասխանեց, հայտարարեց, որ գնում է ԱԱԾ՝ նորից հարցաքննվելու, բայց ԱԺ_ից ոտքը դեռ դուրս չդրած ԱԱԾ-ն «շնորհքով» նրան բերման ենթարկեց։
Իսկ ԱԺ ամբիոնից վերջին անգամ որպես "անձեռնմխելի" պատգամավոր ինչի՞ց խոսեց Ծառուկյանը, գրեթե ամեն ինչից, բացի կարևորից՝ նա և իր թիմը պահանջելու՞ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ԲՀԿ-ն նման օրակարգ ունի՞։ ԲՀԿ խմբակցության անդամներն էլ ոչինչ չասացին այս հարցի առնչությամբ, փոխարենը նոր իշխանությանը հաճախ համեմատում էին նախկինների հետ։
88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունը գրեթե միաձայն՝ 87 կողմ ձայներով, անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին։ ԼՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, գրեթե այն հանգով, թե լավ եք անում, բայց ճիշտ ժամանակ չեք ընտրել, պիտի ավելի շուտ նախաձեռնեիք գործընթացը, քանի որ փաստերն ավելի վաղ էիք հայտնաբերել։
ԲՀԿ խմբակցությունն էլ բնականաբար չմասնակցեց քվեարկությանը։ Իսկ այս ընթացքում ԱԺ շենքի դիմաց Ծառուկյանի աջակիցներին կրկին բերման ենթարկեցին։ Օրվա խայտառակությունն էլ այն էր, որ Հայաստանի դրոշը տարբեր երկրներում բարձր պահած չեմպիոնին, որ Ադրբեջանի մարզիկին էր տապալել գետնին ու հաղթել, Հայաստանի պատիվը բարձր պահել, ոստիկանները «ասֆալտին փռեցին» ու բերման ենթարկեցին։ Եթե նա անգամ խախտում էր թույլ տվել, կարելի էր այլ մեթոդով դա հասկացնել, ոչ թե փոքրամարմին մարզիկի վրա 10-ից ավելի ոստիկան հարձակվեին, տապալեին գետնին, ձեռնաշղթաներ հագցնեին ու տանեին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ