ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է

Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է
26.06.2025 | 10:17

Հայաստանի քննչական կոմիտեն այսօր առավոտյան ժամը 09:09- ին իր պաշտոնական կայքում հանդես եկավ շռնդալից վերնագրով տեղեկատվությամբ՝ ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

Եթե ընտրված նպատակին հասնելու մեթոդը մի կողմ թողնենք, ապա ինքնին հասկանալի է, որ խոսքը զավթված իշխանությունը զավթելու, ավելի ճիշտ, Հայաստանում տապալված սահմանադրական կարգը վերականգնելու մասին է: Բայց, ի վերջո, ճշմարտությո՞ւնն է ներկայացնում քննչական կոմիտեի վերոնշյալ հաղորդագրությունը, թե տեղեկություններ շինծու քրեական գործից կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, հանրային քրեական վարույթից…

Հնարավոր է, որ քննչական կոմիտեն ներկայացնում է իրականությունը:

Հնարավոր է, որ քննչական կոմիտեն ներկայացնում է իրականությունը, բայց չափազանցված կամ ծայրահեղ չափազանցված կերպով:

Հնարավոր է նաև, որ քննչական կոմիտեն մեր հանրությանը և արտաքին աշխարհին տեղեկություններ է հրամցնում ամբողջովին շինծու հանրային քրեական վարույթից կամ քրեական հետապնդումից, որն այս դեպքում արդեն պետք է համարել քրեականի անվան ներքո կամ քրեական պիտակավորմամբ քաղաքական հետապնդում:

Վերոնշյալ երեք տարբերակից յուրաքանչյուն էլ հնարավոր է, բայց անձամբ ես հակված եմ կարծելու, որ գործ ունենք տարբերակներից վերջին երկուսի, հատկապես, վերջինի հետ: Եվ ահա թե ինչու…

Համացանցն այսօր լայն հնարավորություններ է տալիս ամբողջ աշխարհում տեղի ունեցածի առումով հետաքրքրող տեղեկատվությունը փնտրելու, գտնելու: Հետևաբար համաշխարհային պատմության մեջ գտեք գեթ մեկ օրինակ այնպիսի ահաբեկչական գործողություններով իշխանությունը զավթելու կամ, թեկուզ, դրա փորձի, ինչպիսին ներկայացված է ՔԿ- ի այսօրվա հաղորդմամբ: Չե՛ք գտնի: Ակամա հիշեցի «Գրանդ Քենդի» ընկերության գովազդային կարգախոսը՝ «Մերն ուրիշ է»… Բայց այժմ սա դեռ մի կողմ թողնենք… ՔԿ- ի հաղորդագրությանը չհավատալու առաջին պատճառն այն է, որ տվյալ մարմինն իրականում քաղաքականապես անկախ չէ, թեև օրենսդրությամբ ու պաշտոնապես պետք է չեզոք և անկախ լինի քաղաքական առումով:

Ինչպես և ՆԳՆ-ն, ՆԳՆ ոստիկանությունը և իրավապահ այլ մարմիններ, քննչական կոմիտեն նույնպես գտնվում է Նիկոլ հայադավի գրպանում, իսկ ասվածի լավագույն ապացույցն այն է, որ Նիկոլը և իր ոհմակի (չարախմբի) անդամները, չնայած նրանց կողմից պետական դավաճանության և այլ հանցանքների վերաբերյալ մամուլում հրապարակված, ինչպես նաև գլխավոր դատախազությանը և իրավապահ այլ մարմինների պաշտոնապես հանձնված հանցագործությունների մասին հաղորդումներին, առ այսօր ձերբակալված, կալանավորված չեն, և գտնվելով ոչ թե ճաղերի հետևում, այլ ազատության մեջ, շարունակում են նորանոր չարագործություններ կատարել, նորանոր հակաազգային ու հակապետական ուղղվածություն ունեցող հանցագործություններ:

Որքան էլ զավեշտական է, հենց այս քննչական կոմիտեն է իր վերոնշյալ հաղորդագրության վերջում քաղաքացիներին հորդորում «դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ»: Իսկ հենց ինքը՝ Հայաստանի քննչական կոմիտեն, մինչ այժմ բացառապես իրավահպատակ վարքագի՞ծ է դրսևորել ու դրսևորում, որ նույնը հորդորում է այլոց: Չէ, չեղավ, ինչ- որ արդար չէ, պարոնայք ու տիկնայք…

Քննչական կոմիտեն, ինչպես և Նիկոլի իշխանության ընթացքում Հայաստանի մյուս իրավապահ մարմինները գրեթե ամբողջությամբ զուրկ են հանրային վստահությունից, հետևաբար ի՞նչ խոսք կարող է լինել հատկապես ընդդիմության, ընդդիմադիր գործիչների վերաբերյալ նրանց հրապարակած հաղորդագրություններին հավատալու մասին…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ