Փետրվարի 4-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է իր ամենասիրելի սրբերից մեկի՝ սուրբ Սարգիս զորավարի հիշատակի տոնը, որն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով հայտարարվել է նաև երիտասարդների օրհնության տոն։
Սուրբ Սարգիսը պատմական Հայաստանին սահմանակից Կապադովկիայի Կեսարիա քաղաքից էր։
Սարգիսը շնորհալի մի այր էր և եռում էր Աստծո Հոգով ու ինչ Աստծուց խնդրում էր, Աստված տալիս էր նրան: Նա քրիստոնյա էր և Աստծուն սիրում էր իր ամբողջ սրտով: Նա զորացած էր Սուրբ Հոգով և սիրելի էր Աստծուն, ու ինչ գործ ձեռնարկում էր, Աստված նրան հաջողություն էր պարգևում:
Արքունի հրամանով նա կարգված էր որպես զորական՝ Կապադովկիայում գտնվող թագավորի մյուս զորքերի հետ: Բարբարոսների դեմ մղված ճակատամարտերում գերազանց էր իր զինվորականներից: Եվ նրա կատարած քաջագործությունների արձագանքը հասնում է թագավորի ականջին:
Երբ Աստծո այս սքանչելի այրը այսպիսի մեծապատիվ ճոխության և իշխանության հասավ, նա դրանք չէր օգտագործում նյութական շահի և սնոտի փառքի համար, այլ հոգևոր և աստվածահաճո գործերին էր ծառայեցնում: Շրջում էր իր իշխանության տակ գտնվող քաղաքներում ու գյուղերում և նահանգների զանազան գավառներում, մաքրում նրանց կռապաշտությունից: Արգելում էր կուռքերի առջև զոհերը, որ տարածված էին շատ տեղերում, և ամենքի առջև բացում էր աստվածագիտության ուղին, որն անձամբ քարոզում էր Սուրբ Հոգու անխափան իմաստությամբ, որովհետև քաջահմուտ էր Հին և Նոր կտակարաններին, որոնցով կրթվել էր մանկուց:
ՈՒ այսպես, շատ տարիներ սրբությամբ և արդարությամբ ապրելով, մեծ անուն է շահում և թագավորի կողմից նորանոր պարգևների արժանանում: Եվ Աստված իր հզոր Աջով պաշտպան էր նրան, և բոլոր գործերը հաջողությամբ էին ավարտվում:
Սակայն բարու թշնամի բանսարկուն շատ էր նախանձում ու բարկանում, տեսնելով երանելի Սարգսի հաջողությունները: Նա ջանում էր զանազան փորձություններով խափանել նրա հոգևոր առաջադիմությունը, սակայն դա նրան չէր հաջողվում, քանի դեռ հավատքի սյունը՝ Կոնստանդիանոս կայսրը ողջ էր: Սակայն երբ նրան հաջորդեց չարաբարո Հուլիանոսը, որ մականունված էր ուրացող և ապստամբ սուրբ հավատքի դեմ, որը դևի չարության անոթ եղավ, եկեղեցու խաղաղությունն ալեկոծեց, միտք անելով՝ կա՛մ Քրիստոսին հավատացողներին կռապաշտ դարձնել, կա՛մ ամբողջությամբ բնաջնջել:
Այս բանի համար շատ ուրախացան մնացած մոլի կռապաշտները և սկսեցին հալածել հավատացյալներին: Քանդում ու ավերում էին եկեղեցիները և հալածում նրա պաշտոնյաներին: Դարձյալ վերաշինում էին ավերված մեհյանները և ստիպում էին բոլորին Հուլիանոսի հրամանով կուռքերին զոհեր մատուցել: Այդ պատճառով էլ բազմաթիվ քրիստոնյա եկեղեցականներ, զինվորականներ և ռամիկներ նահատակվեցին զանազան տանջանքներով: Շատերն էլ հայրենի գավառներից փախուստի դիմեցին դեպի օտար երկրներ:
Եվ տեսնելով այս ամենը, քաջ Սարգիսը մտատանջվում է, թե ինչ է Աստծո կամքը, որպեսզի ըստ այնմ գործի: Եվ ահա Հիսուսը տեսիլքի մեջ երևալով ասում է. «Ժամանակը հասել է, ո՛վ Սարգիս, որ հեռանաս քո երկրից, ազգիցդ, ինչպես Աբրահամ նահապետը, և գնաս այն երկիրը, որը քեզ պիտի ցույց տամ: Այնտեղ է, որ պետք է ստանաս քրիստոնեության հաղթական պսակը»:
Այդ ժամանակ հասկացավ բարեհաղթ զորավար Սարգիսը, թե այս է տեսիլքի մեջ իրեն ցույց տրված ժամանակը: Ապա թողնելով Կապադովկիայի մեջ ունեցած իր հայրենի ժառանգությունը, իշխանական ճոխությունները, փառքը, բազմաթիվ զորքերի հրամանատարությունը և առօրյա կյանքի բոլոր վայելքները, ըստ այն պատվերի, որ տվել էր Տերը մեծատունին, ու վաճառելով իր ստացվածքները՝ բաշխեց կարոտյալներին, և այս ձևով թեթևանալով երկրավոր նյութերի ծանրություններից, սրանց փոխարեն առնելով Քրիստոսի Խաչը, գնաց իր Փրկչի հետևից:
Նրա հետ էր նաև որդին, որը մորից որբ էր, և որ հետո իր վարքով ստացավ Մարտիրոս անունը: Նա պակաս չէր իր հոր առաքինություններից. թե՛ մարմնավոր քաջագործություններով, և թե՛ հոգու առաքինությամբ:
Այնուհետև ճանապարհը շարունակելով՝ ուղևորվեցին Հայաստան և ապաստանեցին Տիրան արքայի մոտ, որը որդին էր Խոսրովի՝ Տրդատի որդու: Հայոց արքան մեծ պատվասիրությամբ հյուրընկալեց քաջ Սարգսին և որոշ ժամանակ իր մոտ պահեց։
Իսկ ուրացող Հուլիանոսն անհամար զինվորներով շարժվեց դեպի Պարսկաստան: Նախ՝ հասնելով Անտիոք, չարչարեց այնտեղի քրիստոնյաներին: Եվ երբ նրա անգթության և բռնության համբավը տարածվեց շատ վայրերում, սաստիկ վախը պատեց բոլորին, այդ պատճառով էլ շատերը փախչում էին և թաքնվում խոր ձորերի և ժայռերի ծերպերի մեջ:
Այս լուրերը հասան նաև Հայաստան, և այնտեղ էլ սկսեցին վախենալ ամբարիշտի գալուստից։ Նույնիսկ Տիրան արքան երկյուղեց իր մոտ պահել բարեպաշտ Սարգսին, մտածելով, որ գուցե Հուլիանոսը տեղեկանա և իրենից պահանջի զորավարին, և հրաժարվելու դեպքում խռովություն ծագի հոռոմների և իր երկրի միջև: Նա խորհուրդ տվեց Սարգսին` դիմելու պարսից Շապուհ արքային:
Այս ամենը հենց այնպես չէր, որ կատարվում էր, այլ Աստվածային նախախնամությամբ, որովհետև դա նրան առաջնորդեց այն վայրը, որը տեսել էր տեսիլքի մեջ և որտեղ պիտի պսակվեր Քրիստոսի անվան համար երանելի նահատակության վկայությամբ:
Սարգիսը հեռացավ Հայաստանից և որդու հետ գնաց Պարսկաստան: Լսելով, որ Շապուհ արքան Տիզբոնից ելել և Խորասան է անցել, ինքն էլ գնաց այնտեղ թագավորին դիմավորելու:
Արքան մեծ պատիվներով ընդունեց նրան և գլխավորներից մեկը նշանակեց իր զորքի մեջ: Տեղյակ լինելով նրա քաջության և հավատարմության մասին, բազմաթիվ գնդեր դրեց նրա տրամադրության տակ: Զորավար Սարգիսը մասնակցեց բարբարոսների դեմ մղված բազմաթիվ պատերազմների, և բոլորի մեջ էլ Աստված նրան հաջողություն շնորհեց: Այդ պատճառով էլ թագավորի ու իր մեծավորների սիրելին դարձավ: Իսկ երանելին այս հաղթանակները ոչ թե իր անձին, այլ Աստծո զորությանն էր վերագրում:
Շուտով լուր տարածվեց, թե Տաճկաստանի թագավորը կամ մեծ նախարարը, ապստամբելով պարսիկների դեմ, բազմաթիվ զորքերով եկել, հասել է Պարսից սահմանը և պետք է ավերի և ասպատակի ողջ երկիրը: Այդ պատճառով մեծաքանակ զորք տալով Սարգսին՝ ուղարկեցին տաճիկների վրա:
Սուրբ Սարգիսը դիմեց զորքին.
-Եղբայրներ և զինակիցներ, եթե ձեր ամբողջ սրտով հավատաք երկնքի և երկրի Արարչին, ձեր սրտերը երբեք պիտի չզարհուրեն մեր թշնամիների զորքի բազմությունից, այլ Աստծո օգնությամբ ձեզնից յուրաքանչյուրը նրանցից հազարը պիտի հալածի, երկուսը նրանց բյուրավորները փախուստի մատնեն: Արդ, հավատացեք, եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանը, և մի՛ սարսափեք, հավատացե՛ք և Տեր Աստծու անունը կանչեք և Նա իր հրեշտակին կուղարկի և կհալածի ձեր թշնամիներին:
Ապա, համարձակաբար հարձակվելով թշնամիների վրա, ավերեցին նրանց բանակը. շատերին սպանեցին, մնացածներին հալածեցին:
Թշնամի զորքերի բազմությունները մասերի բաժանված, ուզում էին գունդ-գունդ հարձակվել այն գավառի վրա, որը գտնվում էր Սարգսի պաշտպանության ներքո: Բայց ամենքն էլ խարխափելով, մառախլապատ ճամփաներին մոլորվելով, չէին կարողանում հասնել իրենց նպատակադրված վայրը: Դրանից հետո ցիրուցան լինելով` չէին կարողանում իրար գտնել: Իսկ եթե հանկարծ իրար էին գտնում, պատմում էին միմյանց անմարմին զորքերի տեսիլքների և ձայնի մասին, որ ասում էր. «Մի՛ հանդգնեք պատերազմել Աստծո ծառայի՝ սուրբ Սարգսի դեմ, եթե ոչ` ամենքդ էլ կկորսվեք»:
Սուրբն այս ամենը տեսնելով և լսելով` փառք էր տալիս ամենազոր Աստծուն և, իր զինվորներին հավաքելով բանակատեղում, ասում էր նրանց.
-Տեսնո՞ւմ եք Բարձրյալի բազուկը. մե՛ծ է Տերը, և մե՛ծ են Նրա սքանչելիքները: Եկե՛ք, եղբայրներ, փառք տանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ Իր ողորմությունը ցույց տվեց իր ծառաներին և Իր զորությունը՝ մեր հակառակորդներին:
Իսկ զինվորները ճշմարիտ հավատքի մեջ զորացած, աղաղակում էին և ասում.
-Մե՜ծ է քրիստոնյաների Աստվածը և անչափելի է Նրա զորությունը: Այսուհետ հավատում ենք ամենասուրբ Երրորդությանն ու մեկ Աստվածությանը, որ քարոզեց Սարգիսը:
Դրանից հետո շատերը մկրտվեցին քահանաների ձեռքով և բոլորն էլ երկրպագում էին Աստծուն և ուրախանում էին սուրբի վարդապետությամբ:
Իսկ բանսարկու սատանան զինվորներից ոմանց դրդեց, որոնք դեռևս մնացել էին պարսկական մոլար աղանդի մեջ, մատնելու սրբին: Նրանք գնալով Շապուհ թագավորի մոտ՝ ասացին.
-Արքա՛, Սարգիսն ապստամբեց ձեր աստվածների և ձեր դեմ: Նա Հիսուս Նազովրեցու մասին քարոզեց և համայն զորքը ապստամբեցրեց, տանելով իր մոլորության հետևից: ՈՒ նաև համաձայնություն է կնքել հռոմեացիների հետ:
Արքան մարդ ուղարկեց և զորավար Սարգսին իր մոտ բերել տվեց։
-Բարի է գալդ, ո՛վ հավատարիմ և իմաստունդ իմ զորագլուխների մեջ: Մեծամեծ պարգևներ պետք է ստանաս մեզնից, մեր հանդեպ ցուցաբերած անբասիր ծառայությանդ համար: Այդ պատճառով մեր թագավորությունը քեզ պիտի բարձրացնի և բոլոր զորքերի վրա զորագլուխ դարձնի՝ քո խոհեմության ու իմաստության համար:
Նույն ժամանակ նրան շնորհվեցին բազմաթիվ նվերներ:
Իսկ սուրբ Սարգիսն այս խոսքերից չխաբվեց, ոչ էլ ճշմարտությունից խոտորվեց։
Եվ այդ օրերին եկավ իրենց աստվածների տոնը: Թագավորից հրաման ելավ, որպեսզի բազմություններ հավաքվեն ատրուշանների մոտ, որտեղ կրակ պետք է վառեին՝ ըստ պարսկական օրենքի: Այնտեղ էին նաև տասներկու կուռքերի արձանները:
Նույն հանդեսին կանչվեց և Սարգիսն իր պատվական զորականների ու որդու հետ:
Երանելին, հասկանալով, որ ժամանակը մոտեցել է Աստծո համար պատերազմելու, աղոթքի կանգնեց ու ասաց.
-Տեր Աստված, Քեզ հուսացողների Փրկիչ, որ խոստացար ծառաներիդ և ասացիր. «Երբ ձեզ դատավորների առջև հանեն, հոգ մի արեք, թե ինչ պետք է պատասխանեք, որովհետև Ե՛ս պիտի տամ ձեզ խոսք և իմաստություն, որին չպիտի կարողանան ընդդիմանալ ձեր հակառակորդները: Արդ, երբ այս հանդեսի մեջ բերանս բացեմ, ինձ խոսելու շնորհ տուր և զորացրու ինձ, որ համբերեմ չարչարանքներին ու մահվանը, որոնք պիտի կրեմ հանուն Քո սուրբ Անվան: Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից, ամեն:
Նույն աղոթքն անում էր պատանի Մարտիրոսը նույնպես, միանալով իր հորը: Եվ նույն հոգով սպառազինված` պատրաստվում մտնելու նահատակության ասպարեզ:
Թագավորը, տեսնելով նրան, բարձրաձայն աղաղակեց.
-Սարգի՛ս, իմ պատվական զորապետ, արի մեզ հետ տաճար մտիր և բոլորիս նման կրակին զոհ մատուցիր և որպես աստվածասեր խունկ ծխիր աստվածների առջև: Այսպիսով, քո հանդեպ չարախոսողները ամոթապարտ կլռեն, ու դու առավել ևս փառքով կպայծառանաս:
Սուրբ Սարգիսը պատասխան տվեց և ասաց.
-Ես ճշմարիտ Աստծուն եմ իմ անձը ամբողջովին զոհ մատուցում, նույնը և Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, Որն ինձ սիրելու համար խաչվեց: Քո կուռքերը ես գիտեմ և կրակին աստված ասել չսովորեցի: Ես պաշտում եմ կրակի և արևի Արարչին ու երկրպագություն եմ անում Նրան, ով երկինքն ու երկիրը ստեղծեց ու միջի բոլոր արարածներին: Ով կենդանի ու հավիտենական թագավորն է: Որին և դու, ով թագավոր, պարտավոր էիր երկրպագություն անել և Նրան փառավորել, եթե իմաստություն ունենայիր, և ոչ թե նյութեղեն արարածներին, որոնք Նրա ձեռքով են ստեղծված, կամ անշունչ արձաններ, որոնք մարդկանց կողմից են շինված, իբրև աստվածներ:
Թագավորն այս լսելով` ասաց.
-Հիմա հայտնի դարձավ քո մոլորությունը, ով հիմարությամբդ լցված: Դու ինքդ քեզ զրկում ես այն բոլոր բարիքներից, որ մտադրված էինք անել քեզ համար: Դու քո սերը կապեցիր մի հրեայի, որն Իր մեղքերի համար խաչվեց:
Եվ ուրիշ շատ այլ բառերով հայհոյում էր Քրիստոսին և ասում.
-Մի՛ շատախոսիր, այլ վախեցի՛ր աստվածներից և զո՛հ մատուցիր նրանց:
Իսկ երանելին չկարողանալով համբերել, լիքը բերանով թքեց ամբարիշտի դիմաց՝ նախատելու համար նրա անօրեն կռապաշտությունը: Եվ Սուրբ Հոգուց զորություն առնելով` ասաց.
-Չե՛մ վախենում ո՛չ քեզնից, ո՛չ էլ քո կուռքերից, ո՛չ էլ պետք է պաշտեմ այդ գարշելիներին, այլ սուրբ և ճշմարիտ Աստծուն, Որի դեմ անզոր են հայհոյողների շրթունքները:
Սաստիկ բարկանալով, Շապուհը հրամայեց քարով խփել նրա բերանին ու կապել երկաթե կապանքներով և քարշ տալ փողոցներով, մինչև որ սրբի կողերի կաշին քերթվի:
Եվ քաշողներն ասում էին սրբին.
-Սարգիս, իրապե՞ս լքեցիր մեր աստվածներին ու պաշտամունքները և հետևեցիր օտար Աստծուն, որին կոչում եք Հիսուս Քրիստոս: Ի՞նչ է քո մտքինը, Սարգիս, ասա մեզ:
Առաքինի նահատակն ասաց նրանց.
-Լա՜վ, ցույց տվեք ինձ ձեր կուռքերը, որպեսզի տեսնեմ նրանց զորությունը, ես ձեզ պիտի ցույց պիտի տամ իմ Աստծո զորությունը:
Երբ մարդիկ այս լսեցին, շատ ուրախացան և թագավորին լուր տվեցին:
-Հրամայիր,- ասացին,- որպեսզի գա և մեր աստվածներին երկրպագություն անի:
Եվ մեծամեծներից ոմանք թագավորի հրամանով եկան, իրենց հետ բերելով զորագլխին՝ զորքերի հետ միասին: Կանգնեցրին Սարգսին և Մարտիրոսին տասներկու կուռքերի առջև:
-Թողեք մոտենամ ձեր աստվածներին:
Իսկ մյուսները կարծում էին, թե ուզում է երկրպագություն անել և թույլ տվեցին:
Իսկ նա սրտի մեջ աղոթելով` Տիրոջն օգնության կանչեց, խաչակնքվեց և իր սիրտը ճշմարտությամբ զորացնելով՝ հանեց ձեռքի և պարանոցի շղթաները, և նրանցով հարվածեց կուռքերի ծնկներին, ու անմիջապես բոլորը խորտակվեցին, փշրվեցին ու ցիրուցան եղան։
Եվ ասաց նրանց.
-Ո՛վ անմիտներ, ահա ձեր պաշտած բաները փշրվեցին, և կրակը, որին երկրպագություն էիք անում, ցնդելի ծուխ է:
Եվ երբ մոգերն ու ներկա հեթանոսներն այս ամենի ականատեսը եղան, բարկությամբ դեպի սուրբը շարժվեցին և նրան բռնելով՝ սկսեցին այս ու այն կողմ քարշ տալ և աղաղակել, թե պիտի սպանեն նրան:
Անօրենների այս բուռն հարձակման պատճառով սպանվեց նրա Մարտիրոս որդին, գործով արժանի լինելով վկայի անվան, պսակակից լինելով նախապես Քրիստոսի համար զոհված վկաներին:
Բայց սուրբ Սարգսի վրա նույն ժամանակ ձեռք չբարձրացրին, որովհետև արքունական զորքն էլ զարհուրած դողում էր նրանից ու սպասում թագավորի հրամանին:
Թագավորն ասաց.
-Եթե դու չես վախենում, որ աստվածները քեզ կմեռցնեն, ուրեմն ես քեզ շղթաներով կապել կտամ, ապա կհրամայեմ սպանել:
Սուրբը պատասխանեց.
-Ես ամեն ժամ պատրաստ եմ մեռնելու իմ անմահ Տիրոջ համար, Որն ինձ անմահություն պիտի տա:
Եվ արքան հրամայեց, որ, քաղաքից դուրս հանելով, սպանեն նրան:
Դահիճները նրան առնելով, բռնությամբ տարան մինչև մահվան վայրը: Նրա հետ էին գնում նաև մեծ բազմությամբ հեթանոսներ:
Կռապաշտները, ովքեր նրա դեմ ոխ ունեին` բագինները կործանելու համար, քաշկռտում ու չարաչար տանջում էին և եղունգներով նրա մարմինը քերթում:
Իսկ երանելին, արհամարհելով տանջանքները, ստեպ-ստեպ աղոթք էր անում.
- Հայր մեր, որ երկնքում ես ու երկրի վրա, մի՛ մատնիր մեզ փորձության, այլ ազատիր չարից:
Ամբողջ ճանապարհին այս աղոթքն էր անում, հիշելով Աստծո զորությունն ու Նրա Աջը, որով փրկեց արդարներին և աստվածապաշտներին, երևելի ու աներևույթ թշնամիների ամեն տեսակ փորձություններից և վտանգներից, ու զորացրեց առաքյալներին և վկաներին ճշմարտությունը քարոզելու ժամանակ: Նույն զորությունն էր խնդրում Հզորից և իր անձի համար:
-Մի՛ հեռանա քո ծառայից, ով Տեր Հիսուս Քրիստոս, Ամենակալ, սուրբ քաղցր, բարերար, որ մերձ ես Քեզնից վախեցողներին և հայտնվում ես Քեզ փնտրողներին:
Երբ հասան այն վայրը, որ կոչվում է Սալեր, սուրբը կանգ առավ: Որովհետև այնտեղ պետք է դիմավորեր իր վախճանը:
Եվ ձեռքերը վեր տարածելով՝ բարձր ձայնով ասաց.
-Տեր Աստված, որ արժան ես անում ինձ մեռնելու Քո սուրբ Անվան համար, լսիր Քո ծառայի աղաչանքը: Ընդունիր նաև ինձ նրանց հետ, ովքեր սիրեցին Քո գալստյան օրը և Քեզ մասնակից եղան Խաչի և մահվան չարչարանքներով: Եվ եթե չարից խաբվելով մեղք եմ գործել մանկությունիցս մինչ հիմա, կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ, լվա՛, մաքրիր ինձ ողորմությամբդ՝ իմ արյան հեղմամբ: Իսկ Քեզ հավատացողներին, որոնք կհիշեն ինձ, առ Քեզ և իմ բարեխոսությամբ խնդրում եմ մեղքերի թողություն տուր և յուրաքանչյուրին հոգևոր ու մարմնավոր վտանգներից փրկություն և ախտերի բուժում: Դևերի հալածանքներից ազատագրում ու հիվանդություններից բժշկություն: Պատերազմների մեջ հաղթություն, բանտից ու կապանքներից արձակում: Չար ծառայությունից՝ ազատություն, խռովություններից՝ խաղաղություն: Նեղություններից՝ անդորրություն, ճանապարհորդներին` պաշտպանություն: Ծովի վրա ալեկոծվողներին՝ հանդարտություն: Երաշտի ժամանակ՝ անձրևների լիություն ու առատ պտղաբերություն: Կարկտաբեր ու ցրտաբեր օդի սաստկության դադարում, մորեխների և զեռունների, որոնք Քո բարկության պատճառով մարդկանց վրա որպես պատուհաս են գալիս, հալածում: Եվ նրանք, որ նվիրական ընծաներով մեր հիշատակը կկատարեն, թող ընդունվի որպես անուշ հոտ։ Եվ Քո գիրկն ընդունիր և վարձատրիր բյուրապատիկ բարություններով՝ այստեղ և հանդերձյալում: Եվ ընդունի՜ր իմ հոգին արդարների օթևանում՝ հավիտենական հանգստի համար և Քեզ փառք հավիտյանս հավիտենից, ամեն:
Աղոթքն ավարտելուց հետո, հանկարծ երկնքից մի հրեշտակ իջավ սրբի մոտ, ձեռքում բռնած լուսապայծառ պսակը և ասաց.
-Քրիստոսի քաջ նահատակ, զորացի՛ր, մի՛ վախեցիր նրանցից, որ մարմինդ են սպանում, որովհետև քեզ համար բացվեց երկնքի արքայության դուռը: Եվ ինչ որ խնդրեցիր Աստծուց, շնորհվեց քեզ: Եվ հավատացյալների կատարած խնդրանքները պիտի կատարվեն Աստծո կողմից:
Բազմությունը, տեսնելով Աստծո հրեշտակին և ձեռքի մեջ լուսեղեն պսակը, հիացած աղաղակում էր` ասելով.
-Մեծ է քրիստոնյաների Աստվածը և, Նրանից զատ, ուրիշ Աստված չկա:
Դրանից հետո սուրբ Սարգիսը, ծնկելով դեպի արևելք, խաչակնքեց և պարանոցը խոնարհելով դահճի սրի առաջ, ասաց.
-Տե՜ր Հիսուս, ընդունիր իմ հոգին:
Եվ դահիճը սրով կտրեց երանելու գլուխը:
Այդ ժամանակ երկնքից ձայն լսվեց, որ ասում էր.
-Վայելչորեն կատարեցիր ճգնությունդ, ո՛վ սուրբ Սարգիս, ուրեմն եկ ու բոլոր սրբերի հետ ժառանգիր հավիտենական հանգիստը:
Գիշերը հավատացյալներից ոմանք գալով, վերցրին սուրբ Սարգսի մարմինը և զգուշությամբ տարան թաղեցին Սարգսի զավակի՝ սուրբ Մարտիրոսի մոտ:
Սուրբ Սարգիսը իր մահկանացուն կնքեց Քրիստոսի 361 թվականի սկզբին:
«Հայսմավուրքը»՝ սրբերի հիշատակարանը, հետևյալն է գրում. «Սուրբ Սարգիսը մահացավ Մազանդարան կոչված վայրում, Դաղման քաղաքի մոտ: Հավատացյալները սուրբ Սարգսի մարմինն առնելով, տարան Համիան քաղաքը: Ապա Մեսրոպ մեծ վարդապետը գալով՝ առավ սրբի մարմինը և բերեց Հայաստան և ՈՒշի գյուղում պատվով թաղեց: Ապա նույն տեղում հռչակավոր վանք շինեց, որ մինչև այսօր մնում է (այժմ դժբախտաբար այն կիսավեր ու խոնարհված վիճակում է- Մ. Բ.):
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հ. Գ. -Ըստ Հայ առաքելական տոնացույցի, սուրբ Սարգսի տոնին նախորդում է սբ. Գրիգոր Լուսավորչի հաստատած հնգօրյա Առաջավորաց պահքը, որը ժողովուրդը թյուրիմացաբար համարում է սբ. Սարգսի պահք։ Այդ օրերին մեր ժողովուրդը, մանավանդ երիտասարդները, տոնի նախօրյակին աղի բլիթներ ուտելով աղոթում են, որ իրենց ապագա զույգին գտնեն։ Դա ժողովրդական ավանդությունից է գալիս ու երբեմն այդ որպես գուշակության միջոց են օգտագործում, որը խոտելի է համարվում քրիստոնեության մեջ ու ճշմարիտ հավատքի հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ Աստված սիրում է բոլորին և կատարում է բարի խնդրանքները, եթե այդ մասին աղոթքները կատարվում են հավատքով։