Հիսուս Քրիստոսի երկինք համբարձումից ուղիղ տասն օր հետո կատարվեց այն, ինչ Տերն էր խոստացել Իր գնալուց առաջ. «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին» (Հովհ., ԺԴ, 15-17):
Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, Իր հրաշափառ հարությունից քառասուն օր անց համբարձվեց և, ինն օր հրեշտակների ինը դասերում փառաբանվելուց հետո, տասներորդ օրը նստեց Հոր աջ կողմում։ Այնուհետև Սուրբ հոգին հրե լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա, որպեսզի նրանք, Սուրբ հոգու իմաստությունը կարոտով ու զգուշությամբ ընդունելով, Նրանով առաջնորդվեն դեպի Ավետյաց երկիր, ինչպես ասում է Դավիթ արքան. «Քո բարի Հոգին ինձ պիտի առաջնորդի դեպի արդար երկիր» (Սաղմ., ՃԽԲ, 10):
Այս տոնն ազատարար է և պարգևիչ, քանզի մեզ ազատեց ապականության ծառայությունից և վերադարձրեց մեր հայրենի ժառանգությունը՝ դրախտը: Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին ութ օր շարունակ նշում է Հոգեգալստյան տոնը, ինչպես Սուրբ ծննդյան և Սուրբ հարության տոներն են, սակայն այժմ տոնում ենք պահքով, քանի որ Քրիստոսը մկրտվելուց հետո Հոգով տարվեց անապատ և այնտեղ քառասուն օր ու քառասուն գիշեր պահք պահեց:
Աստծո Հոգին մտավոր է՝ բանական, կենդանի և կենդանացնող, որով զարդարվում և կառավարվում են բոլոր բանականները, երկնավորներն ու երկրավորները: Եվ Նա «Սուրբ» է կոչվում, որպեսզի զանազանվի հրեշտակների և մարդկանց հոգիներից: Թեպետ հրեշտակները սրբություն ունեն, ինչպես և մեր հոգիները, որ Արարչից բարի ստեղծվեցին և բարի Աստծո պատկերն են, սակայն արարածների սրբությունը զանազանվում է Սուրբ հոգու սրբությունից, քանի որ Աստծո Հոգին բնությամբ է սուրբ, իսկ հրեշտակները և մեր հոգիները՝ դրությամբ:
Ինչպես Աստված փակեց դրախտը բոցեղեն սրով և պահեց կենաց ծառի ճանապարհը, այնպես էլ այս օրը կրակի նմանությամբ Սուրբ հոգին առաքվեց՝ պահելու և պարսպապատելու համար սուրբ եկեղեցին, որպեսզի սատանան այնտեղ չմտնի և ավերածություն չգործի, քանզի սատանան Սուրբ հոգու կրակից հույժ սարսափում է:
Այս օրվա համար գրված է. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին»: Առաքյալները, պահելով Տիրոջ հրամանը, այդ օրերին Երուսաղեմում էին գտնվում՝ ըստ այս խոսքի. «Նստեցե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք» (Ղուկ., ԻԴ, 49): Ըստ հրեական օրենքի՝ այդ օրը մեծ տոն էր, որի համար պետք է Երուսաղեմում ժողովվեին բոլոր հրեաները, այդ թվում նաև` նրանք, ովքեր այնտեղ էին եղել Քրիստոսի խաչելության օրը, որպեսզի Նրա անարգանքը տեսնողները տեսնեին նաև Նրա փառքը: Առաքյալներն ու մնացյալ աշակերտները Վերնատանն էին հավաքվել, երբ Սուրբ հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ նրանց վրա, և սկսեցին տարբեր լեզուներով խոսել:
Առաքյալները խոսում էին մի լեզվով, սակայն լսողներից յուրաքանչյուրը լսում էր իր լեզվով: Եվ այդ հրաշքներն անհավատների համար էին լինում, և ոչ թե առաքյալների (սբ. Գրիգոր Նյուսացի):
Իսկ Գրիգոր Աստվածաբանն ասում է, որ երբ հարկ էր լինում որևէ լեզվով խոսելու, խոսում էին և ամեն մի ազգի քարոզում էին իրենց իսկ լեզվով, որպեսզի շնորհը լինի խոսողինը և ոչ թե լսողինը: Իսկ երբ Պետրոսը Երուսաղեմում Սուրբ հոգու իջման օրը հրեաներին քարոզեց, ուր բոլոր ազգերից էլ հավաքվել էին, եբրայերեն քարոզեց, որովհետև բոլորն էլ հրեաներ էին, ինչպես Գործք առաքելոցում է գրված. «Եվ կային Երուսաղեմում բնակվող հրեաներ, երկյուղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից» (Գործք, Բ, 5): Եվ բոլոր ժողովուրդները լսեցին օրհնություն ու փառաբանություն նրանցից, ովքեր Վերնատանն էին հավաքվել, ու բոլոր լեզուներով Աստված էր օրհնվում:
Իսկ ըստ Տերտուղիանոս աստվածաբանի` այդ օրը Երուսաղեմում նաև հայորդիներ են եղել, քանզի Տիրոջ խոսքն ասում է, որ երկնքի տակ եղող բոլոր ազգերից էին ներկա։ Եվ Գործք առաքելոցի 2-րդ գլխի 9-րդ համարի այս հատվածում. «Պարթևներ, մարեր և իլամացիներ, և նրանք, որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում, Պոնտոսում և Ասիայում…», Հրեաստանում բառի փոխարեն պետք է կարդալ Հայաստանում, քանզի Հոգեգալուստի գործողությունը կատարվում էր հենց Հրեաստանում, ու, բացի այդ, մեր մերձակա բոլոր ազգերի անունները կան, բայց չգիտես ինչու Հայաստան անունն է բացակայում, ինչը անտրամաբանական է։
Ասենք նաև, որ Սուրբ հոգու աստվածային խորհուրդը, որպես Սուրբ Երրորդության երրորդ անձ, մերժում են Եհովայի վկաները, համարելով Նրան որպես Աստծո զորություն ընդամենը։ Այժմյան եհովականները նախկինում արիոսական կոչվող հոգեմարտներին են հարում, իսկ հոգեգալստական քրիստոնեական խմբավորումները միայն կենտրոնանում են զուտ այդ խորհուրդի վրա և զանազան, մեր չիմացած լեզուներով խոսելը համարում են Սուրբ հոգով լցված լինելու միակ չափանիշ, ինչը թյուր կարծիք է։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում Հոգեգալստյան տոնը կատարվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը ձգվող ժամանակահատվածի համապատասխան կիրակի օրը, և այս տարի տոնը կկատարվի հունիսի 12-ին։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ