Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

ՀԱՊՇՏԱՊ ԳՐՎԱԾ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՄՏՔԵՐ Ն. Ս. ՖՈՒԴԵԼԻՆ

ՀԱՊՇՏԱՊ ԳՐՎԱԾ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՄՏՔԵՐ Ն. Ս. ՖՈՒԴԵԼԻՆ
09.12.2011 | 00:00

Սերգեյ ՖՈՒԴԵԼ

Սիրելի՛ Կոլենկա։
Ստացա քո նամակը և շատ ուրախացա։ Այն ինձ հուզեց ու ալեկոծեց։ Դժվար է ամբողջովին այն ներկայացնել։ Ես ուսուցիչ չեմ ու ոչ էլ իմաստուն, և սերն էլ իմ մեջ շատ քիչ է, ու ես վատ, շատ վատ եմ կառավարում սեփական կյանքս։ Անընդհատ շրջվում եմ խորդուբորդ դարուփոսերի մեջ, ջարդելով կողերս, իսկ երբեմն պարզապես դուրս եմ սողում գարշահոտ ջրափոսերից։ ՈՒ հանկարծ նամակներ են գալիս, որոնց հարկավոր է պատասխանել, պետք է բացատրել, խորհուրդ տալ, սատարել և վերջապես սիրել ամբողջ սիրով ու մաքրությամբ։ Երբ կարդում էի Լյալյայի նամակը, քիչ էր մնում արտասվեի, ինչքան խղճացի նրան, ինչ ցավալի էր։
Խե՜ղճ աղջնակ։ Կանգնած է մի մարդու կողքին, ում չեն սիրում իր արյունակից հարազատները, մի մարդու, ով հազիվ թե մեկին սիրի, ով տոգորված է ինքնասպանությամբ, սնափառությամբ` անկարող լինելով ապրելու մարդկանց կողքին, ով դեռ ինչ-որ բան է փնտրում, այն դեպքում, երբ արդեն հարկավոր էր ամեն ինչ ունենալ, ում մեջ այդքան շատ կիրք կա ու այդքան քիչ ջերմություն, ով հաճախ մտածում է ճշմարտության մասին ու ավելի հաճախ նեղացնում նրան` այդ անխոհեմ, դեռ ոչինչ չիմացող փոքրիկ կնոջը։ Մի տեսակ տխրեցի, կարդալով նրա նամակը, և ճիշտն ասած, եթե ես անկեղծ լինեի իմ և ձեր առաջ, գուցե կգրեի նրան այսպես. «Սպասե՛ք, մի՛ կապեք միմյանց ձեր կյանքերը, ստուգեք նրան և դրա հետ էլ ձեզ` արդյոք կա՞ ձեր մեջ սեր, արդյո՞ք սիրում է նա ձեզ»։
Նրա նամակը, ի դեպ, շատ «զվարճալի» է. այն, թե ինչպես է Մունյան լսում ռադիոյով «Դինամո»-«Լոկոմոտիվ» խաղը, սակայն իմ ծերացած ականջը եթերից լսեց ոչ միայն հաղորդավարի դիտողությունները։
Չի՛ կարելի ամուսնությամբ միմյանց կապել կյանքերը` ապրելու համար «ինչպես բոլորը»։ Եթե արդեն հիմա, նոր կյանքի շեմին, այդ «ինչպես բոլորը» ոչ միայն նախադրյալ է, այլև փաստ, եթե արդեն հիմա «արդարացված են» («ինչպես բոլորը») ապագա վեճերն ու դավաճանությունները, խաբեություններն ու վիրավորանքները, ապա հարկավոր է ունենալ մի փոքր արիություն, ազնվություն և խղճահարություն մեկ ուրիշ մարդու նկատմամբ ու խզել ամեն ինչ։ Թող տառապի կամ երջանկություն վայելի, կորչի կամ ոչ, սակայն առանց քո մասնակցության ու պատասխանատվության այն ամբողջ տառապանքի մեջ, որը պատրաստվում է նրա համար այս կյանքում։
Չի կարելի տառապանք ավելացնել կյանքին։ Կյանքի տառապանքը Դոստոևսկին չի հորինել։ Դու արդեն շատ բան ես տեսել, պետք է դա իմանաս։ Իսկ դու կարո՞ղ ես ոչ միայն չավելացնել նրա տանջանքները, այլև օգնել նրան դիմանալու դրանց, որոնք կհայտնվեն անկախ քեզնից։
Եվ հետո, նրա ընտանիքի հետ կապված խնդիրը նույնպես շատ կարևոր է։ Դու հո չե՞ս մտածում, որ եթե առաջ մարդիկ ձգտում էին, որ ամուսնացողների ընտանիքները մոտ լինեն, ապա դա անում էին պարզապես անխելքությունից։ Դրանում շատ խոր իմաստ կա։ Ընտանիքի հեռավոր լինելը կամ նույնիսկ նրա անբարյացակամությունը կարելի է հաղթահարել, հաղթել ամուսինների առանձնահատուկ և մշատատև բարեկամության ջերմությամբ։
Առհասարակ, անհրաժեշտ է, որ ինքդ քեզ հաշիվ տաս, որ առանց բարեկամության չի կարելի ամուսնանալ։ Չէ՞ որ շուրթերը թոշնում են շատ արագ, կամ (նույնիսկ չթոշնած) դառնում են հանկարծ օտար միայն այն պատճառով, որ հոգու մեջ անսպասելիորեն ներխուժում է որևէ մեկի ավելի գայթակղիչ կերպարը, ինչպես մի քամի, որը ներխուժում է տուն, եթե դուռը փակ է անհոգորեն։ Այդ ամբողջը հարկավոր է լուսաբանել, ոչինչ հարկավոր չէ թաքցնել, հարկավոր է լինել ազնիվ։ Կա՞ արդյոք բարեկամություն։ Կա՞ արդյոք հոգու ներսում ինչ-որ մի լուսավոր սենյակ, որտեղ ոչ թե հին տաբատ կամ քուղեր են ընկած հատակին, այլ արևը, իսկ պատերը նման են կենդանի լռության, որպեսզի այդ սենյակը պահպանեն, զարդարեն այն, ոչ թե գնալ ամուսնության ինչպես ծառայելու, «բոլորի նման» կռվելով ու մխիթարվելով, պատճառ բռնելով հոգնածությունը և քաղաքային կյանքի սին հոգսերը։
Բացի սրանից, ինչպիսին էլ լինի նրա ընտանիքը, քեզ համար պետք է թանկ լինի այն, քանի որ դա նրա ընտանիքն է։ Ընտանիքը, որը ծնել է քեզ, հավիտյան մնում է շատերի համար հոգու թանկարժեք մի գանձ, և այդ պատճառով հարկավոր է ամեն պարագայում լինել պատշաճավոր։
Չէ՞ որ ամուսնության մեջ տեղափոխում է կատարվում մի կողմից մյուսը։ Արդյո՞ք նախօրոք պատրաստել ես այգեպանի պես այդ հողը, թե շարունակ զբաղված ես, և քո հողը լի է ամեն տեսակի աղտոտություններով։ Եթե այդպես է, ապա մի էլ ձեռնարկիր աճեցնել թանկագին բույսեր, ապրի՛ր մենակ։ Ե՛վ իմաստություն, և՛ Աստծո ճշմարտություն, և՛ ազնվություն կա մենակությունը նախընտրելու մեջ, եթե դու կարողանում ես մենակ լինել։
Դու գրում ես արվեստի մասին։ Վերջերս ես էլ եմ քեզ գրել դրա մասին, ես էլ եմ ինչ-որ ժամանակ գրել բազմաթիվ ոտանավորներ ու պատմվածքներ, գիշերներն անցկացրած կյանքի մասին, սակայն բանը դա չէ։ Բանը ոչ թե գրել կամ չգրելն է, այլ որ ծնունդ տաս քո մեջ և պահանջես ինչ-որ արարիչ գաղտնիք, արարման ու գոյության աստվածային սերմը, որը նույնպես, ինչպես մարդկային սերմը, ծնունդ է առնում ընդերքի ջերմությունից, միայն հոգու ջերմությունից և գթասրտությունից։
Եթե բեղմնավորելուց հետո դու, Աստծո կամեցողությամբ, ընդունակ ես լինում շարադրելու սեփական զգացումները բարեկանոն ոտանավորների մեջ, շա՜տ լավ է, բայց դա արդեն երկրորդական փաստ է ոչ միայն քեզ, այլև ամբողջ աշխարհի համար։ Կարևոր է ոչ թե քեզանում շողշողացող հրաշքի հայտնաբերման եղանակը, այլ նրա շողշողալու փաստը, ինչը ոչ գրագետ մարդու մեջ կճառագայթի, կլուսավորի և կբժշկի Աստծուն հաճելի ուղիներով։ Այդ գաղտնիքն անըմբռնելի է մեզ համար, և նա չի տրվում մեր ձեռքերին, երբ նրանք ինքնակամորեն և մեծամտորեն ձգվում են դեպի նա։ Նա «խոնարհների գանձն է», և տրվում է միայն բարեգութ ու հեզաբարո հոգուն, չքանալով մեր որևէ դաժանության և ամեն տեսակի սառնության պատճառով։
«Գեղեցկությունն է փրկում աշխարհը»,- ասել է Դոստոևսկին։ Յուրաքանչյուրի հոգու գեղեցկությունը և՛ առանց ոտանավորների, և՛ ոտանավորներով, վերափոխում է ինքն իրեն անապական գեղեցկության։ Դրան կոչված են բոլորը, այստեղ չկա տարբերություն, այստեղ չկան բանաստեղծական տեխնիկայի արտոնումներ, բոլորը կոչված են արարիչ, կյանքի իսկական նկարիչ լինելու։ Դրա համար, երբ ես ասում եմ, որ հայտնի չէ, թե ո՞վ է բարձր, ո՞վ է ավելի պետքական` Պուշկի՞նը, թե՞ նրա դայակը, ես դրա մեջ դնում եմ կատարելապես իրական, գործնական իմաստ։ Տա՛ Աստված, որ ավելի շատ դայակներ լինեն։ Սա է պատճառը, որ սաստիկ ցուրտ է աշխարհում, որ շատերը ցանկացան պուշկիններ դառնալ և մոռացան դայակների և սրբերի մասին։
Կդառնաս կամ չես դառնա գրող, նշանակություն չունի ո՛չ ինձ համար, ո՛չ Լյալյայի, ո՛չ աշխարհի, ո՛չ էլ քեզ համար։ Դու պետք է լինես մարդ, ընդ որում, երջանիկ մարդ, ով կյանք է կերտում։ Երբ գրում էի սեփական ոտանավորներս, ես շատ բաներում դժբախտ էի և շատ շատերին նեղացնում էի։ Ոտանավորներս վաղուց չկան, ես սովորում եմ մարդկանց չվիրավորել, և ահա ես ինձ համակած երջանկությունից, նորից ծաղկող հոգուս ուրախությունից, ստեղծագործ գոյության լիության զգացումից ասես չեմ կարողանում կանգնել ոտքերիս վրա։ Մի բան էլ ասեմ. դու գրում ես գերբեռնվածության մասին։ Երեխաները չպետք է շարունակեն իրենց հոր սխալները։ Չէ՞ որ դուք չափազանց շատ բան եք տեսել կյանքում, որպեսզի լինեք ավելի պարզ, ավելի ուժեղ, ավելի իմաստուն։ Ձեզ համար կյանքը թանկագին պիտի լինի, ինչպես մի սրբություն, որն ուզում էին խլել, ինչպես մի մանուկ, որը քիչ էր մնում մահանար ձեր ձեռքերի վրա։ Էլ ի՞նչ խելքին զոռ տալ, երբ ձեռքերիդ վրա այդպիսի սուրբ ջերմություն է։ Սակայն գիտեմ, որ կյանքը, կյանքի հենց այդ թվացյալ երկարատևությունը, նրա միապաղաղ առօրյայի ծորունությունը սարսափելի ծանր բաներ են։
Աներևակայելի դժվար է սիրտը պահպանել աշխարհի չարության ու սառնության մեջ։ Եվ, իհարկե, միայն անկեղծ խոնարհությունը կարող է սովորեցնել` ինչպես դա անել, ինչպես փրկել սեփական ջերմությունն ու սիրելի մարդու սերը մեզ շրջապատող խավարում, միայն խոնարհությունը, քանզի ընդհանրապես դա «անհնարին է մարդկանց համար, սակայն ամեն ինչ հնարավոր է Աստծո համար»։ Ամե՛ն։
Էլ չեմ շարունակի գրել, թե չէ կարող է և նեղանաս։ Պետք չէ միմյանցից նեղանալ։ Ես գիտեմ, որ քո մեջ անկեղծորեն ապրում է մանկական մի սիրտ։
Առանց տառապանքի հնարավոր չէ ապրել, այն երբեմն անհրաժեշտ է մեզ, բայց մարդը, որ ծնունդն է Նրա լույսի, պետք է ձգտի լինել ուրիշ մարդկանց տառապանքների մխիթարողն ու փոքրիկ մի լույս։ Դրան է պարտադրում մեր սիրտը, և դրանում է գտնում մի մեծ ուրախություն մեր գիտակցությունը։ Դրան էլ պետք է դաստիարակես ինքդ քեզ, ամեն օր, վաղ առավոտից, դուրս գալով անտեսանելի պայքարի կյանքի սառնության դեմ։
Համբուրում եմ երկուսիդ էլ, միևնույն է, միասին կլինեք, թե ոչ, շոյում եմ քո Լյալյայի փոքրիկ գլուխը և սիրում նրան։ Ցույց տուր նրան այս նամակը։
Քո հայր
Հ. Գ. -Սա, իհարկե, պատասխան չէ քո նամակին։ Սա, հավանական է, ավելի շուտ պատասխան է ինքս ինձ, սեփական անհանգստությանս. հապշտապ գրված անհանգիստ մտքեր և ձեզ բարի կամեցողություն...
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ