ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Ժամանակակից բուհը չի կարող սահմանափակվել Հայաստանի աշխարհագրական տարածքում»

«Ժամանակակից բուհը չի կարող սահմանափակվել Հայաստանի աշխարհագրական տարածքում»
13.10.2015 | 14:38

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը: Հոբելյանի առիթով ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծել է, որ ԵՊԲՀ-ն Հայաստանի բուհական համակարգի առաջատարներից է և այդ տեսանկյունից խորհրդանշական է, որ հոբելյանական միջոցառումների մեջ առանձնահատուկ տեղ է տրվել գիտական համաժողովներին.

«Բժշկական համալսարանում ինձ համար թանկ է ամեն մի լսարանն ու սենյակը, սա իմ մայր բուհն է ու այստեղ ամեն մի պատն ու անկյունը իր ուրույն պատմությունն ունի: Բժշկական համալսարանի անցյալը, ներկան ու ապագան շաղկապված է սերունդների հերթափոխով: Սա միջավայր է, որտեղ կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը շաղկապված են անբաժանելի կապով: Այս բուհի բոլոր շրջանավարտները, վստահ եմ, հրաշալի գիտեն բուհի պատմությունը և երախտապարտ են՝ ստացած գիտելիքների, դեպի կյանք տրված ուղեգրի ու այս պատերի ներքո ձևավորված աշխարհայացքի համար:
Բժշկականում կրթություն ստացող երիտասարդը ձեռք է բերում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև աշխարհայացք ու արժեհամակարգ»,- շնորհավորական իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը: Կարևորելով բուհի հետագա զարգացումը՝ նախարարն ընդգծել է, որ ժամանակակից բուհական կրթության մարտահրավերներն այլևս չեն կարող սահմանափակվել միայն Հայաստանի աշխարհագրական տարածքում. «Իմ ցանկությունն է տեսնել ԵՊԲՀ-ն Հայաստանի սահմաններց դուրս միջազգային չափանիշներով ճանաչված վարկանիշային սանդղակների ցանկում: Սա առողջ ձգտում է, որը բուհը պետք է անպայման դնի իր առջև: Պետք է նկատել, որ ԵՊԲՀ-ի շնորհիվ այսօր մեր բուհական համակարգը կարողանում է ապահովել եվրոպական չափանիշներով օտարերկրյա ուսանողների ներգրավվածության բարձր ցուցանիշ: Ժամանակակից բուհը չի կարող հաջողություն ունենալ, եթե միջազգայնացման աստիճանը, շրջանավարտների ու դասախոսների շարժունությունը, արտասահմանցի ուսանողների տեսակարար կշիռը մեծ չէ: Համալսարանի համար շատ կարևոր բաղադրիչ է նաև հետազոտությունների ծավալը և այս առումով ևս բժշկականը ունի հստակ արդյունքներ: Գիտական և հետազոտական բաղադրիչի կարևորությամբ է նաև պայմանավորված, որ բուհի հոբելյանական միջոցառումների մեկնարկային այցեքարտը դարձել են ուսանողական և դասախոսական գիտաժողովները»,- իր խոսքը եզրափակել է ՀՀ ԿԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բուհի դասախոսներին արդյունավետ և մրցունակ աշխատանքի համար:

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ