Ալիևին շնորհակալություն հայտնելը չէ հիմնական խնդիրը, խնդիրն այն է, որ մեր երկիրը «պառլամենտական» դարձնելու վերաբերյալ մինչ օրս հայոց քաղդասն ու հասարակությունը որևէ պատկերացում չունեն, չեն էլ հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, և ինչու ենք հասել այս վիճակին:
Խնդիրն այն է, որ մեր երկրում, «պառլամենտական համակարգ» կոչվածի քողի տակ, քաղաքական անպատասխանատվության համակարգ է ներդրվել: Երբ այսօրվա «ընդդիմադիրները» 2015 թվականին ակտիվորեն քարոզում էին «պառլամենտական համակարգի» օգտին, ինձ համար պարզ էր, որ Ղարաբաղը հանձնելու են պառլամենտական Հայաստանի միջոցով (այն ժամանակ բազմիցս գրել եմ այդ մասին): Պարզից էլ պարզ էր, որ Սերժն ու ԼՏՊ-ն ակտիվորեն լծված են այդ ծրագրի իրականացմանը, որ աճեցնում են երիտասարդ կադրեր, ապագա «հեղափոխականներ»: Արդյունքում, «հեղափոխությունից» անմիջապես հետո, ԼՏՊ-ն Սերժին ուղարկեց ուր որ պետք է, Սերժի հեղափոխական վանեցյաններից ազատվեցին և վերահսկողություն հաստատեցին ողջ կառավարման համակարգի վրա: Կարևոր պաշտոնները վստահում են միայն մոլի լևոնականներին, իսկ մյուսները պարզապես գործիք են, օգտագործում, դեն են շպրտում:
Հիմա դուք վրդովվել եք ԼՏՊ-ի կողմից նշանակված Վահագն Խաչատուրյանի շնորհակալությունի՞ց:
Երկրի նախագահ կոչվող մարդը, Ալիևին դիմելով, ասում է, որ երկրի ղեկավարը Նիկոլն է, այդ նախագահը նույնիսկ մոռացել է, որ իշխող քաղաքական ուժ է ներկայացնում, որ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման որոշումների և օրենքների տակ է ստորագրում:
Դուք դրանից վատ չեք զգում, Ալիևին հայտնած շնորհակալությունի՞ց եք նեղվել:
Իսկ որ Ալիևը այդ ընթացքում նույնիսկ ձեր երկրի նախագահի ուղղությամբ հայացքը չէր շրջում, վատ չզգացի՞ք:
Մակերեսային մակարդակի վրա են մեր հավաքական ընկալումները: Հլա ու՜ր եք, մի քանի շաբաթից դուք ընդդիմադիր ԼՏՊ-ին եք ծափահարելու, չնայած ընդդիմադիր մամուլը, Նիկոլին հայհոյելով, այժմ էլ է ԼՏՊ-ին մեծարում:
Արդար է այս ամենը. մեր հասարակությունը դեռ կարմային վճարելիք պարտքեր ունի, որովհետև մեծամիտ ու տգետ է, որովհետև գրագիտության ու գրագետ մարդու նկատմամբ հարգանք չունի:
Հո պատահական չէ՞ր, որ Նիկոլը, «հեղափոխությունից» անմիջապես հետո, հրապարակեց իր սիրած գրքերի ցանկը՝ հատուկ նշելով Օրուելի «Անասնաֆերման»:
Արա Արայան