Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Չես էլ զգա` դո մաժորից ո՞ր պահին հասար ռե մինոր»

«Չես էլ զգա` դո մաժորից  ո՞ր պահին հասար ռե մինոր»
14.12.2012 | 00:24

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ինտերլինգվա» համալսարանի պրոֆեսոր, սոցիալ-հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ ՀԵՆՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրասիական միությունը և ստեղծման ո՞ր փուլում է:
-Եվրասիական միության գաղափարը երկար պատմություն ունի: Միջնադարյան հայ պոեզիան թարգմանաբար ռուս ընթերցողին ներկայացրած Վալերի Բրյուսովը Հայաստանի յուրահատկությունն էր համարում, որ մեր երկիրը ո՛չ Եվրոպա է, ո՛չ Ասիա է, այլ Եվրասիա` երկիր, որտեղ ամփոփված են և՛ արևելյան իմաստնությունը, և՛ արևմտյան գիտելիքները: Հանճարեղ փիլիսոփա Գուրջիևն էլ էր ասում` իմաստնությունն այնտեղ է, որ արևելքի գիտելիքը պիտի գումարես արևմուտքի իմաստնությանը: Հայ ժողովուրդը, իրոք, և՛ եվրոպացի է, և՛ ասիացի: Եվրասիայի գաղափարը կապվում է տարածքային յուրահատկությունների հետ: Ռուսաստանը ևս իր տարածքով և՛ Եվրոպա է, և՛ Ասիա: Տարածքը, ինքնըստինքյան, թելադրում է այդ գաղափարը` որպես քաղաքական միավորում, տնտեսական միավորում, մշակութաբանական համալիր, որն օգտագործվում է որպես նոր գաղափար և թելադրում է ինտեգրման անհրաժեշտություն գլոբալացման նոր փուլում: Որքա՞ն է դա հիմա անհրաժեշտ: ՈՒսումնասիրություններ կան, որ Գերմանիան գլոբալացման դարաշրջանում ավելի արդյունավետ է դիմադրում գլոբալացման բացասական հետևանքներին, քան այլ երկրներ: Ի դեպ, Գերմանիան աշխարհի ամենահարուստ երկրներից է, թեպետ բնական հարուստ պաշարներ չունի` ո՛չ նավթ, ո՛չ գազ, բայց սոցիալ կազմակերպվածությամբ կարողանում է չունեցածը փոխհատուցել: Նույնը` Ճապոնիան, Սինգապուրը, որ Հայաստանից աղքատ երկիր է բնական պաշարների տեսակետից և ամեն ինչ ներմուծում է: Եթե համեմատենք Սինգապուրի հետ, Հայաստանը հարուստ երկիր է` ջրային պաշարներ ունի, մոլիբդեն, ոսկի, բայց այսօր Սինգապուրն աշխարհի հարուստ երկրների թվում է, իսկ Հայաստանը` աղքատ: Սա նշանակում է, որ եվրոպական ու ասիական պատկերացումները տարբեր են լինում, ասիական երկրները ավելի առաջատար կարող են լինել, քան դասական եվրոպական երկրները: Սերգեյ Գումիլյովը Եվրասիական միության գաղափարը հիմնավորում էր որպես մի տարածք, որտեղ մարդիկ պիտի ինչ-որ միավորման մեջ լինեն: Այդ գաղափարը նախ և առաջ տեղավորվում է կայսրության փիլիսոփայության մեջ: Կայսրություններ միշտ եղել են պատմության մեջ` Հին Հունաստանը, Հին Հռոմը, Հին Եգիպտոսը, Չինաստանը, Հնդկաստանը, Պարսկաստանը: Եթե փորձենք Եվրասիական միության գաղափարը խորությամբ հասկանալ, կտեսնենք, որ դա կայսրության գաղափարն է եղել: Կայսրությունները ձգտում են տարածքային տարբեր մշակույթների միավորման, բայց այդ միավորումներն ունենում են մեխանիկական բնույթ, ոչ թե օրգանիկ: Կայսրությունները ձևավորվում են ոչ այն պատճառով, որ ցանկանում է այս կամ այն անհատը, այլ օբյեկտիվ օրինաչափությամբ: Այսօր այդ օբյեկտիվ օրինաչափությունը թելադրում է գլոբալացման գործընթաց և հանգեցնում է նոր կայսրությունների ձևավորման: ԽՍՀՄ-ը իբրև կայսրություն փլուզվեց, բայց այսօրվա Ռուսաստանի Դաշնությունն էլ է կայսրություն, որ մեխանիկական միավորումն է տարբեր ազգերի ու մշակույթների: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանում միշտ տեղի են ունենալու որպես կայսրություն թուլանալու կամ հզորանալու գործընթացներ, որովհետև մեխանիկական միությունը, ի տարբերություն օրգանիկ միության, հեշտությամբ մասնատվում է: Առաջինը դա հասկացավ Իվան Ահեղը և ընդլայնեց Ռուսաստանի տարածքը: Իվան Ահեղից մինչև Իոսիֆ Ստալին, եթե Ռուսաստանը չի ընդլայնվել, իբրև կայսրություն թուլացել է:
-Ռուսաստանը կարող է ընդլայնվել, կարող է նվազել, Հայաստանին ի՞նչ է տալու Եվրասիական միությունը:
-Միավորումը օբյեկտիվ անհրաժեշտություն է և կախված չէ` ուզո՞ւմ ենք մենք, թե՞ չենք ուզում: Հայաստանն անկախ երկիր է դեյուրե, դեֆակտո մենք կախում ունենք ռուսական էներգակիրներից, այլ երկրներից:
-Բոլոր երկրներն էլ միմյանցից կախում ունեն:
-Այո, բայց գոյություն ունի կենսական նշանակության ապրանքատեսակների հարաբերակցություն: Հայաստանի համար կենսական կարևորություն ունի Ռուսաստանը, արդեն չեմ ասում պատերազմի վտանգի մասին: Մի պահ ենթադրեք, որ Ռուսաստանը միավորվում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, և ես Ձեզ հարցնում եմ` չի՞ կրկնվի այն վիճակը, որի մեջ հայտնվեց 2008 թ. Վրաստանը: ԱՄՆ-ը ողջունում էր Վրաստանի ժողովրդավարական նվաճումները, բայց պատերազմի ժամանակ մատը մատին չտվեց, և Օսիան ու Աբխազիան անջատվեցին Վրաստանից: Որովհետև ԱՄՆ-ը լռելյայն ընդունեց, որ այս տարածքը Ռուսաստանի կենսական շահերի գերակայության շրջան է, այլ հարցերում կարող է միջամտել, բայց լուրջ հարցերում` ոչ: Անկախ Հայաստանի պատմությունը ցույց տվեց, որ մենք չենք կարողանում ճիշտ կառավարվել, այլապես չէին լինի աղքատությունը, սոցիալական անարդարությունը: Արտագաղթը վատ կառավարման ուղղակի հետևանքն է: Անկախությունը չի նշանակում, որ հինգ տոկոսը պիտի հարստանա, մյուսները աղքատանան: Փաստորեն, ԽՍՀՄ-ում մենք դեյուրե անկախ չէինք, բայց դեֆակտո ավելի անկախ էինք: Հաշվի առնելով ներքին ու արտաքին քաղաքական բոլոր պրոբլեմները, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը, որը ձևավորվում է այն ճանապարհով, որով անցել է Եվրամիությունը: Խոսքը տնտեսական ինտեգրման մասին է:
-Եթե այսօր ընդամենը տնտեսական ինտեգրման խնդիր է, ի՞նչ երաշխիք, որ վաղը չի դառնալու քաղաքական խնդիր, որովհետև տնտեսական ցանկացած խնդիր քաղաքականանում է անհրաժեշտ պահին:
-Հարցադրումը ճիշտ է, բայց հաստատ ավելի վատ չի լինելու, որովհետև արտագաղթն այսօր նշանակում է, որ անհնարին է շարունակել այս ճանապարհով, սա փակուղի է: Մեր խնդիրն է հասկանալ` ինչպե՞ս կարող է Հայաստանը բարգավաճել: Ո՞րն է ճիշտ ճանապարհը: Եվրասիական միության գաղափարախոսությունը մինչև այժմ վերջնական ձևակերպված չէ: Ինչ ասված է մինչև այժմ, փակագծերը բացված չեն, և հստակ չեն հետագա գործողությունները, բայց պարզ է` ինչ հնարավորություններ է բերում Մաքսային միությունը:
-Անգամ Հայաստանի՞ն, որ ընդհանուր սահման չունի Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի հետ:
-Դա լուրջ փաստարկ է, բայց այդ խնդիրը ավելի շուտ կլուծվի, երբ Հայաստանը մտնի Մաքսային միություն, որովհետև այդ ժամանակ խնդիր կառաջանա ոչ թե հայերի համար, այլ մյուս անդամների` առաջնային խնդիր կդառնա սահմանի բացումը և Հայաստանը կապաշրջափակվի:
-Ձեր նշած խնդիրները քաղաքական կամքի շրջագծում են, եթե այդ հարցերը լուծվելու են, կլուծվեն, եթե ոչ, ևս 20 տարի չեն լուծվի Եվրասիական միության առկայությամբ ու Հայաստանի անդամությամբ:
-Ձեր ասածից բխում է, որ կա օբյեկտիվ ռեալություն, բայց կան նաև այլ հանգամանքներ: Հիշեք` ինչպես էր ստեղծվում սովետական կայսրությունը, օրինակ, ի՞նչ էր անում 11-րդ հեծյալ բանակը Հայաստանում ու Անդրկովկասում: Բռնությամբ սովետական կարգեր էր հաստատում: Ինչպե՞ս էր տարածվում քրիստոնեությունը: Մովսես Խորենացին ի՞նչ է վկայում: Ի՞նչ հիմունքներով է գործում Եվրամիությունը: Տնտեսական միավորումը, իհարկե, շատ արագ կտանի քաղաքական միավորման: Չես էլ զգա` դո մաժորից ո՞ր պահին հասար ռե մինոր: Հարցը դա չէ, այլ թե որքան է Հայաստանին օգուտ կամ վնաս: Ոչ ոք այսօր այդ հարցին չի կարող պատասխանել, որովհետև ոչ ոք չի կարող ասել` որո՞նք են լինելու Եվրասիական միության հաջորդ փուլերը: Միանշանակ է, որ եթե մենք ընդունվենք Եվրասիական միություն, բոլորովին չի նշանակում, որ մեր առաջ փակված են Եվրամիության դռները:
-Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությո՞ւնը, որ ԱՄՆ-ը թույլ չի տա ԽՍՀՄ-ի վերականգնումը:
-ԱՄՆ-ը չի որոշում Եվրամիության քաղաքականությունը: Հիլըրի Քլինթոնը, Բարաք Օբաման, ինչպես նաև Վլադիմիր Պուտինը հասկանում են, որ ԽՍՀՄ-ն աշխարհի երկրորդ բևեռն էր, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աշխարհը դարձավ միաբևեռ: Քլինթոնը դեմ է նոր խորհրդայնացմանը, որովհետև հասկանում է, որ աշխարհը նորից դառնում է երկբևեռ, ինչը ԱՄՆ-ին բոլորովին ձեռնտու չէ: Բայց եթե դա չանի Ռուսաստանը, միևնույն է, անելու է Չինաստանը, որն արդեն հայտարարել է, թե 2020 թ. ՀՆԱ-ի ցուցանիշով կհավասարվի ԱՄՆ-ին: Եթե Եվրասիական միությունը բարելավի մարդկանց կյանքը, վստահ եղեք, որ միանալու են և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը: Եվրասիական միությունը պակաս ձգողականություն չի ունենալու Եվրամիությունից, որը չի կարողանում հաղթահարել ճգնաժամը, որտեղից մի քանի երկրներ արդեն ուզում են դուրս գալ: Հունաստանի վիճակը հանրահայտ է բոլորին, բայց ավելի լավ վիճակում չեն Իսպանիան, Պորտուգալիան: Ստացվում է, որ Գերմանիան բոլորին մի կերպ պահում է: Ինչո՞ւ: Որովհետև Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը ֆինանսապես շատ ավելի ձեռնտու է Եվրամիությունը պահելը, քան Եվրամիության մասնատվելը, երբ բոլոր երկրները գնան իրենց «տները»: Գերմանացիները հաշվել իմացող և կարողացող ժողովուրդ են, եթե նրանք պահպանում են Եվրամիությունը, ուրեմն այդ կառույցը կենսունակ է ու շահավետ, գուցե ոչ այսօր, բայց հաստատ միասին շատ ավելի հեշտ է, քան միայնակ: Կանդամակցե՞նք մենք Եվրասիական միությանը, թե՞ ոչ` ֆունդամենտալ խնդիր է, որի լուծումը մեկ չափորոշիչ ունի` ինչպե՞ս է ապրում ժողովուրդը: Եթե քո լեզուն պահպանվում է, քո մշակույթը պահպանվում է, քո տնտեսական վիճակը նորմալ է, քո ազգային ինքնությունը դու միշտ էլ կպահպանես: Եթե վիճակդ վատ է, դու գոյատևման խնդիր ունես, ստիպված ես երկրիցդ հեռանալ, նշանակում է` քո վիճակն այնքան վատ է, որ պիտի ընտրես` դեյուրե անկախությո՞ւն, թե՞ դեֆակտո անկախություն:
-Դուք կարծում եք, որ Ռուսաստանին ուժեղ Հայաստան պե՞տք է: Ի՞նչ է մեզ տալու անդամակցությունը մի միության, որ դեռ ամբողջությամբ չի էլ կազմավորվել:
-Ճիշտ եք ասում, բայց միության կազմավորման ընթացքը, ուղղությունը, արագությունը կախված են նաև այդ միության անդամներից: Մենք կարող ենք համաձայնել անդամակցությանը և դնել մեր պայմանները` ելնելով մեր ազգային շահերից: Պայմաններից մեկը կարող է լինել ղարաբաղյան հարցի լուծումը, մյուսը` Հայաստանի ապաշրջափակումը, երրորդը` տնտեսական հզորության ապահովումը:
-Չի՞ խանգարի Եվրասիական միության անդամակցությունը Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերություններին, որոնք սկսվել են ավելի վաղ և արդյունավետ զարգանում են:
-Վստահ եմ` ոչ: Ի վերջո, օբյեկտիվ ճշմարտություն է, որ Եվրամիությունը նոր անդամների ընդունման մասին չի մտածում և բավականին երկար ժամանակ չի էլ կարող մտածել` ելնելով ֆինանսատնտեսական վիճակից: Բացի այդ` չմոռանանք, որ Հայաստանի տնտեսությունը շատ հեռու է ԵՄ-ի պահանջները բավարարելուց` իր կազմակերպումով, հնացած տեխնոլոգիաներով, կոռուպցիայի բարձր մակարդակով: Ո՞ր չափորոշիչով ենք մենք համապատասխանում եվրոպական չափանիշներին: Ակնհայտ է, որ եթե նույնիսկ Եվրոպան բացի դռները ու մեզ սպասի, մենք դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնենք մինչև եվրոպական տնտեսության մակարդակին հասնենք: Իսկ այստեղ ստեղծվում է մի միություն, որը փակ չէ, որը բաց է, որտեղ հնարավորություն կա, որ քո ձայնը կլսեն, որ քո ապագան հաստատուն կլինի, որովհետև դու չես կարող անընդհատ փակուղում մնալ, դու պիտի փակուղուց դուրս գաս: Մենք չենք կարող փակուղուց դուրս գալ` մնալով փակուղու մեջ: ՈՒրեմն` պետք է նոր ճանապարհներ փնտրենք: Ոչ ոք չի կարող ոչնչացնել ո՛չ հայոց լեզուն, ո՛չ հայկական մշակույթը, բայց մնալով մեր փակուղում, մենք շատ արագ կորցնում ենք մեր ինքնությունը, որովհետև իմ որդու որդին, որ ապրում է Ռուսաստանում, այլևս հայերեն չի խոսելու: Հայկական ազգանուն կարող է կրել, բայց դա ոչինչ չի նշանակի իր համար: Քո անկախությունը դու օգտակար չես դարձրել քո ժողովրդի համար, քո ժողովուրդը հեռանում է իր երկրից, և պետք չէ թվարկել պատերազմի, շրջափակման, և այլնի փաստերը: Այդ փաստերը չլինեին, մենք էլի վատ էինք ապրելու: Խնդիրը կառավարման համակարգի մեջ է. ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Հայաստանը չեն կարողանում կառավարման արդյունավետ մոդել գտնել:
-Ա՞յդ պատճառով եք ուզում, որ Հայաստանը վերադառնա Ռուսաստանի տանիքի տակ:
-Ոչ, նոր հանգամանքներում բոլորի համար նոր հնարավորություններ են ստեղծվում: Մաքսային միությունը ազգային պետություններին չի ենթարկվում, չի ենթարկվում ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի կառավարություններին, վերազգային կառույց է: Ստեղծվում է ընդհանուր շուկա, վա՞տ կլինի, որ մեր ապրանքները սպառման շուկա ունենան: Այսօր ընդհանուր շուկա մենք մտնում ենք որպես ինքնուրույն տնտեսական սուբյեկտ, որն ունի իր դժվարությունները:
-Ապրանք պիտի ունենաս, որ արտահանես` մեկ, երկրորդ` նույն ընդհանուր շուկայի տարածքում հայտնվում է Հայաստանը, ինչպե՞ս ազգային արտադրողին պաշտպանել ներմուծված ապրանքների ագրեսիայից:
-Կրկնում եմ` անցած 20 տարին ապացուցեց, որ Հայաստանը որպես ինքնուրույն, անկախ երկիր անկախ է դեյուրե, ես կողմնակից եմ դեֆակտո անկախությանը: Թոմաս Ջեֆերսոնը, որը գրել է ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը, անկախության երեք բնորոշում է տվել. առաջին` յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի անկախ ապրելու մյուս ժողովուրդներից: Երկրորդ` քաղաքացին պետք է ազատ լինի պետությունից: Երրորդ` ժողովուրդը եթե դժգոհ է իր կառավարությունից, իրավունք ունի ըմբոստանալու: Սա հանճարեղ փաստաթուղթ է, որ շատ խնդիրների լուծումներ է պարփակում:
-Եթե 21-րդ դարի լեզվով թարգմանենք, առաջինը` քաղաքական անկախություն, երկրորդը` մարդու իրավունքների պաշտպանություն, երրորդը` սոցիալական, տնտեսական պաշտպանվածություն, ո՞ր կետն եք տեսնում Ռուսաստանում:
-Ռուսաստանն ունի ավանդական շատ թուլություններ, բայց ունի նաև մեծ առավելություններ: Ես կարծում եմ` Հայաստանի պատմության մեջ չի եղել այնպիսի վերածնունդ, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ, երբ մենք մեծ երկրի մի մասն էինք: Կապ չունի, թե ինչ գաղափարախոսություն էր միավորում, կարևորը հուսալի ապագա ունենալն էր: Միավորումը Հայաստանին ուժ է տալիս, որ իր անձնական տաղանդը լիարժեք բացահայտի: Խելամիտ չէ հրաժարվել ինտեգրումից, եթե ստանում ես քո տնտեսությունը հզորացնելու հնարավորություններ, եթե ստանում ես քո քաղաքական ազդեցությունը մեծացնելու հնարավորություններ: Ի վերջո, կա նաև պատմական անցյալ, և կան ընդհանուր խնդիրներ, որ շատ ավելի հեշտ է համատեղ լուծելը:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ