ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

Ինչպես արագ վերականգնել խաղողի կարկտահարված այգիները. ՀՀ գյուղնախարարություն

Ինչպես արագ վերականգնել խաղողի կարկտահարված այգիները. ՀՀ գյուղնախարարություն
12.07.2016 | 14:28

Հայաստանի Հանրապետության այգեգործական շրջաններին մեծ վնաս է պատճառում կարկտահարությունը. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կարկտահարությունից ուժեղ վնասվածության դեպքում անհրաժեշտ է էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շվերը կոտրատվել, կախվել կամ թափվել են` թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շվերի հիմքի 2-3 հանգույցները` տերևներով: Վազի թևերի վրա այսպիսի խորը էտը նպաստում է բազմաթիվ բճաշվերի բազմամյա մասերի քնած բողբոջներից, ինչպես նաև մատերի հիմքի անկյունային աչքերից առաջացած շվերի ինտենսիվ աճին:


Խոր հատումներից հետո վազի վրա անհրաժեշտ է թողնել համեմատաբար քիչ քանակությամբ շվեր և աչքեր, 10-15 օր անց բազմամյա մասերի քնած աչքերից, միամյա մատերի հիմքի աչքերից և կարճ էտված կանաչ շվերի հանգույցներից մեծ թվով շվեր են աճում` ստեղծելով համեմատաբար խիտ սաղարթ: Երբ շվերի հիմնական մասը կունենա 5-6 տերև, անհրաժեշտ է կատարել շվատում` հեռացնելով ձևավորման համար ոչ պիտանի շվերը:
Վազը կապահովվի ասիմիլյացիոն մակերեսով, անհրաժեշտ քանակությամբ շվերով ու բճաշվերով, որոնք լավ երաշխիք են հանդիսանում տնկարկների հաջորդ տարվա բերքատվության ապահովման համար:


Շատ ուժեղ վնասվածության դեպքում խիստ վնասված թևերի վրա անհրաժեշտ է կատարել խորը էտ` դրանք կարճացնել մինչև առողջ մնացած կամ քիչ վնասված մասերը: Թևերից և ենթաթևերից պետք է թողնել ձևավորման համար համապատասխան դիրք ունեցող քիչ վնասված մասերը: Դրանց վրայի վնասված մատերը կարճացնել մինչև հիմքի 2-4-րդ հանգույցները` պահպանելով դրանց վրա եղած շվերի հիմքերը` անկյունային աչքերով:
Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Կանաչ շվերի փայտացումն ապահովելու և վազերի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով պետք է այգին սնուցել` 150-170 կգ ֆոսֆորական (սուպերֆոսֆատ) և 70-80 կգ կալիումական (կալիումական աղ) պարարտանյութերով: Ազոտական պարարտանյութերով լրացուցիչ սնուցումը կարող է խոչընդոտել շվերի փայտացմանը, ուստի անհրաժեշտ է խիստ սահմանափակել դրանց օգտագործումը: Պարարտացումից հետո, առանց ուշացման, այգին պետք է խնամքով ջրել, այնուհետև ժամանակին կատարել հողի մշակության և մոլախոտերի դեմ տարվող մյուս աշխատանքները:


Կարկտահարված վազերի կանաչ օրգաններն ավելի զգայուն են հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ: Ուստի ժամանակին, առանց ուշացման, անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցառումներ վազերի կանաչ օրգանները հիվանդություններից ու վնասատուներից պաշտպանելու համար:

Դիտվել է՝ 3992

Մեկնաբանություններ