Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Գոլային անկոտրում ծարավով

Գոլային անկոտրում ծարավով
24.10.2017 | 10:04

«Յուվենտուսն» արտագնայում տանում է գերկամային հաղթանակ. հանդիպման զգալի մասն անցկացնելով տասը հոգով՝ «ծեր սինյորան» հաջողեցնում է խփել հինգ, վերջնահաշվում` վեց գոլ: Գոլերի հեղեղ է գրանցվել նաև «Չելսի»-«ՈՒոտֆորդ», «Էվերտոն»-«Արսենալ», «Տոտենհեմ»-«Լիվերպուլ», «Տրուա»-«Լիոն», «Վալենսիա»-«Սևիլիա», Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայություններում: Առատագոլություն նկատվել է և այլ հանդիպումներում, սակայն, ինչպես գիտեք, մենք գերազանցապես հղում անում ենք եվրագավաթների գոտում գտնվող թիմերին:

ԱՆԳԼԻԱ
Սեփական հարկի տակ հանդես եկած «Հադերսֆիլդը», ըստ էության առաջին խաղակեսում լուծեց ահեղ մրցակցի՝ «Մանչեստր Յունայթեդի» հետ հանդիպման ելքը՝ դառնալով երկու գոլի հեղինակ: Ընդ որում` երկրորդը տանտերերը խփել են դարպասապահի գոլային փոխանցման արդյունքում, ինչը ֆուտբոլում այնքան էլ հաճախ հանդիպող բաներից չէ: Երկրորդ խաղակեսում մանչեստրցիները կարողացել են կրճատել հաշվի տարբերությունը (Մխիթարյանը խաղադաշտ է ելել հանդիպման երկրորդ կեսում), սակայն դա եղել է Ժոզե Մոուրինյոյի սաների կարողացածի առավելագույնը: Փոխարենը հաղթական ընթացքին չի դավաճանել մանչեստրյան մյուս ակումբը՝ «Սիթին», որն առավել քան համոզիչ է եղել «Բյոռնլիի» հետ տնային մրցակցությունում՝ 3:0:
«Չելսի»-«ՈՒոտֆորդ» դիմակայությունն աչքի է ընկել գոլերի առատությամբ: Հյուրերի երկուսին տանտերերը պատասխանել են կրկնակիով` հաղթանակի արդյունքում մրցաշարային աղյուսակում տեղները փոխելով: Սակայն տուրի խաղերի ավարտից հետո «ՈՒոտֆորդը» հարկադրված է եղել հինգերորդ հորիզոնականը զիջել «Արսենալին», բայց այդ մասին քիչ անց: Դառնալով «Չելսիին»՝ ասենք, որ մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, ինչ խոսք, երկրի գործող չեմպիոնի երազանքների գագաթնակետը չէ, բայց այս է նման մեկնարկի արդյունքը:
«Չելսի»-«ՈՒոտֆորդ» մրցակցության գոլառատությունը վարակիչ է եղել հաջորդ օրը մրցող «Էվերտոն»-«Արսենալ» և «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» զույգերի համար: «Արսենալը» հաղթել է 5:2 հաշվով, «Տոտենհեմը» չորս անգամ խոցել է մրցակցին ու միայն մեկ անգամ է գնդակը սեփական դարպասից հանելու տխրությունն ունեցել:
Մրցաշարային աղյուսակը 25 միավորով ու գնդակների ապշեցուցիչ` 32:4 հարաբերությամբ գլխավորում է Խոսեպ Գվարդիոլայի թիմը: Մանչեստրյան մյուս ակումբը՝ «Յունայթեդը», նրանից հետ է արդեն հինգ միավորով: Ժոզե Մոուրինյոյի սաները բաց են թողել ճիշտ այնքան, որքան «Սիթին», սակայն խփել են ուղիղ տասով պակաս: «Մանչեստր Յունայթեդի» պես 20 միավոր ունի և «Տոտենհեմը», որը, ըստ կանխատեսումների, պիտի որ լինի ոսկե մեդալի ամենահավանական թեկնածուների թվում:


ԳԵՐՄԱՆԻԱ
Տուրը բունդեսլիգայում առանձնակի հաջողակ եղավ Մյունխենի «Բավարիայի» համար: Չէ, ինչ խոսք, «Համբուրգի» հետ դիմակայության հաղթական ելքը, այն էլ՝ նվազագույն հաշվով, բնավ տպավորիչ չէր, որքան էլ այն կերտվել է արտագնայում: Յուպ Հայնկեսի սաների հաջողության գործոնը սերտորեն առնչվում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայության 2:2 հաշվի հետ, ինչի արդյունքում բավարացիները միավորներով (20) հավասարվեցին դորտմունդցիներին ու նրանց հետ կիսում են մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականը:
Տուրը հաղթական էր և «Լայպցիգի» համար: «Շտուտգարդի» հետ նրա տնային հանդիպումը ևս ավարտվել է նվազագույն հաշվով, սակայն այստեղ առավել կարևոր կողմը ձեռք բերված երեք միավորն է ու երրորդ հորիզոնականում դիրքերի պահպանումը: «Լայպցիգն» ընդամենը մեկ միավորով է հետ մնում ոսկե մեդալների համար պայքարում իր գլխավոր մրցակիցներից:

ԻՍՊԱՆԻԱ
Տնային խաղում «Մալագայի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը «Բարսելոնի» համար պահպանեց աղյուսակում առաջին տեղը: Ինչ խոսք, այնպես չէ, թե ինչ-որ բան սպառնում էր կատալոնցիների առաջատարությանը, այդուհանդերձ, մրցակիցներին որոշակի տարածության վրա պահելը ոչնչով չի խանգարում ավելի վստահ ու հանգիստ զգալուն:
Նույն տրամաբանությամբ առաջնորդվեց և չորս անպատասխան գնդակի առավելությամբ տանը «Սևիլիային» հաղթած, երկրորդ տեղում 21 միավորով ամրապնդված «Վալենսիան»:
Լա լիգայի երրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալը», հերթականում որի մրցակիցն «Էյբարն» էր: Երեք անպատասխան գնդակի առավելությամբ «սերուցքայինների» հաղթանակն ինքնին խոսում է այդ դիմակայությունում ուժերի հարաբերակցության մասին:
«Բարսելոնն» ունի 25, «Ռեալը»՝ 20 միավոր: Չորրորդ հորիզոնականում է արտագնայում «Սելտային» նվազագույն հաշվով հաղթած Մադրիդի «Աթլետիկոն»:

ԻՏԱԼԻԱ
Հյուրընկալվելիս տանտերերի նկատմամբ անհանդուրժող եղավ «Ինտերը»՝ «Նապոլիին» գոլ չխփելով, բայց և սեփականն էլ անառիկ պահելով: Միավոր վաստակելուց զատ «Ինտերը» դարձավ առաջատարից միավոր կորզած միակ թիմը: Միաժամանակ այդ միավորն օգնեց նրան 23 միավորով մնալու երկրորդ հորիզոնականում:
Չափազանց ուշագրավ զարգացումներով առանձնացավ «ՈՒդինեզե»-«Յուվենտուս» մրցակցությունը: Հանդիպման ութերորդ րոպեին բացելով խաղի հաշիվը՝ տանտերերը վեց րոպե անց ինքնագոլով վերականգնեցին հաշվի հավասարությունը: Եվս վեց րոպե ու գոլ խփելու հարցում սեփական ուժերը գործի գցեցին հյուրերը. տանտերերի դարպասը գրավեց Խեդիրան: Հաջորդ վեցերորդ րոպեն նույնպես եղավ հանգուցային: Մարզական անվայել պահվածքի համար Մանջուկիչը հեռացվեց խաղադաշտից՝ «Յուվեին» թողնելով տասը հոգով:
Երկրորդ խաղակեսի սկզբին տանտերերն օգտվեցին ունեցած թվային առավելությունից: Թվում էր` նրանց համար ամեն ինչ այդպես հարթ էլ պիտի ընթանա, սակայն «ծեր սինյորան» ակնհայտորեն մտաբերել էր քմայքոտ երիտասարդության օրերը. հաշիվը նախ դարձավ 3:2, ապա՝ 4:2, ապա՝ 5:2, ապա 6:2: Ավելորդ չհամարենք նշել, որ հեթ տրիկի հեղինակ է դարձել Սամի Խեդիրան:
«Լացիոն» հյուրընկալելիս հաղթանակի հասավ «Կալյարիի» նկատմամբ ու միավորներով դարձյալ հավասարվեց «Յուվենտուսին» ու դարձյալ նրանից մեկ հորիզոնական ներքև է` ի հաշիվ ավելի վատ գործակիցների: Իսկ սկուդետեն 25 միավորով շարունակում է գլխավորել «Նապոլին»` թիմ, որը ներքին առաջնությունում դեռևս չի պարտվել: Ի դեպ, նմանատիպ ցուցանիշ ունի նաև «Ինտերը»:

ՖՐԱՆՍԻԱ
Խիստ լարված է ստացվել «Մարսել»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունը: Նշենք, որ երկու անգամ էլ հաշվի մեջ առջևում են եղել տանտերերը, և տուգանայինից Կավանիի խփած գոլի հետ մեկտեղ հանդիպման մրցավարն ազդարարել է խաղի ավարտը: Ի դեպ, խաղավարտին մոտ մրցավարը մարզական անվայել պահվածքի համար դաշտից հեռացրել է Նեյմարին, որը ՊՍԺ-ի հեղինակած առաջին գոլի հեղինակն է: Այս դիմակայությունից հետո մայրաքաղաքաիները 26 միավորով շարունակում են միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Աղյուսակի երկրորդ հորիզոնականն իր համար ամրագրված է պահում երկրի գործող չեմպիոնը: Հերթական երեք միավորը մոնեգասկները ձեռք են բերել «Կաննի» հետ դիմակայությունում:
Իններորդ տուրից հետո դիվիզիոնի երրորդ հորիզոնական է բարձրացել «Գենգամին» տնային խաղում 2:1 հաշվով պարտության մատնած «Նանտը», որն ունի 20 միավոր: Եվրագոտում իրենց տեղերը պահպանել են արտագնայում 5:0 հաշվով «Տրուային» հաղթած «Լիոնն» ու «Մարսելը»: Նրանք համապատասխանաբար ունեն 19 և 18 միավոր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ