Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԽՍՀՄ-ի չգերազանցված հինգ ռեկորդը

ԽՍՀՄ-ի չգերազանցված հինգ ռեկորդը
09.02.2018 | 05:30

1988-ի սեուլյան (Հարավային Կորեա) ամառային օլիմպիական խաղերն ավարտվեցին Խորհրդային Միության հավաքականի անառարկելի հաղթանակով: Խորհրդային մարզիկները նվաճեցին 55 ոսկե, 31 արծաթե, 46 բրոնզե մեդալ: Սա միջազգային մրցասպարեզներում այդ երկրի ամենավերջին խոշոր հաղթանակն էր, քանի որ երեք տարի անց այն անհետացավ աշխարհի քարտեզից: Այդ պահից անցել է արդեն գրեթե երեսուն տարի, սակայն ռեկորդներ կան, որոնք մնացել են անգերազանցելի: Հիշենք դրանք:

Մուրճի նետում
(տղամարդիկ)
Յուրի Սեդիխ` 86,74 մ
1986 թ. օգոստոսի 30-ին Շտուտգարդում (նախկին ԳՖՀ) ընթացող Եվրոպայի առաջնությունում Յուրի Սեդիխը փորձերից մեկում մուրճը նետեց 86 մետր 74 սանտիմետր: Այն չի հաջողվում գերազանցել ոչ մեկին: Ի դեպ, այդ մրցումներում մրցանակային մյուս տեղերն էլ են գրավել խորհրդային մարզիկները: Երկրորդը եղել է Իգոր Նիկուլինը, երրորդը` Սերգեյ Լիտվինովը: Նկատենք, որ Սեդիխը օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող է, մեկ անգամ էլ դարձել է արծաթե մեդալակիր:

Գնդի հրում (կանայք)
Նատալյա
Լիսովսկայա` 22,63 մ
Զնամենսկի եղբայրների հուշամրցաշարում (1987 թ., Մոսկվա) Նատալյա Լիսովսկայան սահմանեց աշխարհի ռեկորդ` գունդը հրելով 22 մետր 63 սանտիմետր: Այս ռեկորդը առայսօր չգերազանցված է: Իր այս ապշեցուցիչ արդյունքից հետո մարզուհին մեկ տարի անց Սեուլի օլիմպիական խաղերում արժանացավ ոսկե մեդալի: Հետաքրքրական մանրամասն` Նատալյա Լիսովսկայան ու Յուրի Սեդիխն ամուսիններ են: Այս բացառիկ ընտանեկան զույգին է պատկանում աշխարհի ամենահին յոթ ռեկորդից երկուսը:

Հեռացատկ (կանայք)
Գալինա Չիստյակովա` 7,52 մ
Զնամենսկի եղբայրների հուշամրցաշարում (1988 թ., Լենինգրադ) Գալինա Չիստյակովան փորձերից մեկում ցատկեց 7 մետր 52 սանտիմետր: Սա իր տեսակի մեջ հավասարազոր է Բոբ Բիմոնի լեգենդար ցատկին, որը որակվեց «թռիչք 21-րդ դար»: Սակայն եթե Բիմոնի 1968 թ. ցատկը (8,90 մետր), այնուամենայնիվ, հաջողվեց գերազանցել այդ նույն 20-րդ դարում, Չիստյակովայինը ոչ միայն մնում է անգերազանցելի, այլև չի հաջողվում դրան գոնե մոտ արդյունք ցույց տալ: Նկատենք, որ վնասվածքի պատճառով մարզուհին սեուլյան օլիմպիական խաղերին չկարողացավ իր հնարավորությունների մակարդակով մասնակցել ու արժանացավ ընդամենը բրոնզե մեդալի:

4x400 մ
փոխանցումավազք
(կանայք)
ԽՍՀՄ` 3 ր 15,17 վրկ
Սեուլյան օլիմպիական խաղերի եզրափակիչ վազքին ԽՍՀՄ հավաքականը մասնակցեց Տատյանա Լեդովսկայա, Օլգա Նազարովա, Մարիա Պինիգինա, Օլգա Բրիզգինա կազմով: Աշխարհն այս ընթացքում, մասնավորապես ի դեմս ամերիկացի ու ճամայկացի վազորդների, մեկ անգամ չէ, որ ունեցել է ոսկե կազմ, սակայն խորհրդային մարզուհիների ցույց տվածը շարունակում է մնալ անգերազանցելի:

Հեռացատկ
(տղամարդիկ)
Ռոբերտ Էմմիյան` 8,86 մ
Նշված արդյունքը հայազգի մարզիկը ցույց է տվել 1987 թ. մայիսի 22-ին, Ծաղկաձորում: Միանգամից ասենք, որ այն եվրոպական չգերազանցված ռեկորդ է, սակայն դրանից այս ցուցանիշը չի դադարում պակաս ներկայանալի լինելուց, ու ահա թե ինչու: Նախ` դա լեգենդար Բիմոնի ռեկորդից հետո երկրորդ խոշոր ցուցանիշն էր շատ տարիներ, և երկրորդ` Էմմիյանի ռեկորդից հետո երեք տասնամյակ անց այն կարողացել են գերազանցել ընդամենը երկու մարզիկներ` ամերիկացիներ Մայքլ Պաուելն ու Կառլ Լյուիսը: Այնպես որ, Էմմիյանի ռեկորդը ոչ միայն շարունակում է Եվրոպայում մնալ առաջինը, այլև աշխարհում չորրորդ պատվավոր տեղում է: Միաժամանակ նկատենք, որ խոշոր մրցաշարերում Էմմիյանի բախտն առանձնապես չի բերել: Աշխարհի 1987 թ. առաջնությունում նա Կառլ Լյուիսից հետո եղել է երկրորդը, մեկ անգամ հաղթել է Եվրոպայում, իսկ Սեուլի օլիմպիական խաղերում ստացած վնասվածքը մարզիկին դուրս է թողել պայքարից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ