Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Չդիմացավ երկրորդը լինելու փորձությանը

Չդիմացավ երկրորդը լինելու փորձությանը
19.02.2019 | 02:57

Անցած հանգստյան օրերին եվրոպական ֆուտբոլային գերտերություններից չորսում են եղել առաջնության խաղեր: Միակ բացառությունը կազմել է գավաթային խաղերի գրաֆիկ մտած Անգլիան, որի այս խաղարկությանը նպատակահարմար ենք համարում անդրադառնալ մեկ քառորդ փուլից ու թերևս հիշատակման մեջ միակ բացառությունը վերապահենք «Չելսի»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը, որը երեկ ուշ երեկոյան էր:

ԻՍՊԱՆԻԱ
Կատալոնական «Բարսելոնը» սեփական հարկի տակ մրցել է «Վալյադոլիդի» հետ ու կողմերի՝ մրցաշրջանի առաջին հատվածի հանդիպման հանգույն խաղը շահել նվազագույն հաշվով: Գոլն առաջին խաղակեսի ավարտին մոտ խփել է Մեսին՝ իրացնելով տասնմեկմետրանոցը: Արգենտինացին ճիշտ նույնպիսի հնարավորություն է ստացել նաև երկրորդ խաղակեսում, սակայն հյուրերի փայլուն գործած դարպասապահը հետ է մղել գնդակը:
54 միավորով «Բարսելոնը» հպարտ մենության մեջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ի միջի այլոց նշենք, որ այս խաղից հետո կատալոնյան ակումբը բավական երկար ժամանակով է հրաժեշտ տալիս «Կամպ Նոուին»: Տեսեք՝ առջևում Չեմպիոնների լիգայի հանդիպումն է «Լիոնի» հետ նրա իսկ դաշտում, այնտեղից գալու է, որ գնա Անդալուզիա. ներքին առաջնության շրջանակներում մրցակցությունն է «Սևիլիայի» հետ, հետո երկու էլ կլասիկո ունի «Սանտյագո Բեռնաբեուում»՝ մեկն առաջնության շրջանակներում է, մյուսը գավաթի խաղարկության, որի առաջին հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով՝ ամեն ինչ թողնելով պատասխան խաղի հույսին: Մի խոսքով, արտագնա հանդիպումների շարք է՝ մեկը մեկից կատաղած, մեկը մեկից հանգուցային:


Սակայն եթե «Բարսելոնի» հաղթել-չհաղթելով մրցաշարային աղյուսակում փոփոխություններ տեղի չեն ունենում՝ մյուսների համեմատ ամրության պաշարը զգալի է, ապա մադրիդյան ակումբների ցանկացած վրիպում մրցաշարային աղյուսակում բերում է անխուսափ տեղաշարժերի: Այդպիսին եղավ և 24-րդ տուրը, որտեղ հաղթանակ տարավ «Աթլետիկոն» (արտագնայում նվազագույն հաշվով պարտության է մատնել «Ռայո Վալեկանոյին»), ու պարտություն կրեց «Ռեալը»՝ սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջելով «Ժիրոնային»: Ընդ որում, նկատենք, հյուրերը կամային հաղթանակ են տարել:
Դիեգո Սիմեոնեի սաները վերադարձրել են երկրորդ հորիզոնականը՝ ունեցած նախկին երրորդը սիրահոժար զիջելով «արքայականին»:
«Բարսելոնն» ունի 54, «Աթլետիկոն»՝ 47, «Ռեալը»՝ 45 միավոր: Ընդհանուր ու խիստ համառոտ գծերով ահա այսքանն իսպանական առաջնության առաջին եռյակի մասին, որը հաջորդող թիմից այնքան անպատշաճորեն է առաջ, որ իմաստ էլ չունի խորանալ մրցաշարային աղյուսակում իրար հաջորդող մյուսների դասավորության մեջ:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի 22-րդ տուրի հանդիպումում Մյունխենի «Բավարիան» սուր դիմադրության է հանդիպել «Աուգսբուրգի» հետ մրցակցությունում: Խաղի առաջին իսկ րոպեին հաշվի մեջ առաջ անցած տանտերերն առաջին խաղակեսում նաև երկրորդ գոլն են հեղինակել, ու միայն հանդերձարան գնալուց առաջ են մյունխենցիները վերականգնել հաշվի հավասարությունը: Երկրորդում արդեն զգացվել է հյուրերի փորձառությունը, ովքեր էլ ի վերջո տոնել են հաղթանակ՝ 3:2: Այս խաղից հետո 48 միավոր ունեցող բավարացիները թե որքան հետ կլինեն Դորտմունդի «Բորուսիայից», ցույց էր տալու վերջինիս ունեցած արտագնա հանդիպումը «Նյուրնբերգի» հետ, որը կայացել է երեկ ուշ երեկոյան: Նշենք, որ այս հանդիպումը դորտմունդցիներն ունենալու էին Չեմպիոնների լիգայում «Տոտենհեմից» կրած անպատվաբեր պարտությունից հետո ու բնականաբար հոգեբանորեն իրենց գտնելու խնդիր ունեին: Հավելենք սոսկ, որ դորտմունդցիների ունեցածը 50 միավոր է:


Մյունխենի «Բավարիայի» հաղթանակը հիշատակելի է նաև նրանով, որ այն գնալով ավելի ու ավելի է կտրվում երրորդ հորիզոնականում գտնվող Մյոնխենգլադբախի «Բորուսիայից», որը խաղավարտին մոտ խփած գոլի հաշվին է կարողացել խուսափել ֆրանկֆուրտյան հանդիպման պարտությունից: Ի միջի այլոց նկատենք, որ գլադբախցիների շնչին արդեն ծանրորեն նստում է երկրի անցած տարվա փոխչեմպիոնը, որն իր 41-ով ընդամենը երկու միավորով է հետ այս «Բորուսիայից»:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեում իր հերթական հաղթանակն է տոնել Իտալիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը: Այս անգամ «Յուվենտուսին» զիջողը հյուր եկած «Ֆրոզինոնեն» էր՝ 3:0: Սովորականի պես հանդիպումում հերթական գոլով աչքի է ընկել Քրիշտիանու Ռոնալդուն: Դարպասի մեկական գրավումով նրան ընկերակցել են Պաուլո Դիբալան ու Լեոնարդո Բունուչին: 66 միավորով «ծեր սինյորան» վստահորեն գլխավորում է աղյուսակը:
«Նապոլի»-«Թուրին» դիմակայությունում գրանցվել է ոչ-ոքի, ու թեպետ սա վերջին հինգ խաղում նեապոլցիների երրորդ ոչ-ոքին է, այդուհանդերձ այն միավորների զգալի պաշարով շարունակում է աներեր մնալ երկրորդ հորիզոնականում: Ինչ վերաբերում է նրան հաջորդող «Ինտերին», միլանցիները հյուրընկալելիս երեք միավոր են կորզել «Սամպդորիայից»՝ 2:1, որը կրել է իր երրորդ անընդմեջ պարտությունը:
«Նապոլին» ունի 53, ««Ինտերը»՝ 46 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջնությունում «Պարի Սեն Ժերմենը» հերթական երեք միավորն է վաստակել, ու դրան ոչնչով չի կարողացել արգելք հանդիսանալ տանտիրոջ կարգավիճակ ունեցող «Սենտ Էտիենը», եթե չհաշվենք, որ ֆրանսիական ֆուտբոլի առաջատարին նվազագույն հաշվով պարտվելն արդեն իսկ որոշակի հաջողություն է, ինչն էլ արել է «Սենտ Էտիենը»:
Արտագնայում «Լիլին» կռիվ է տվել «Մոնպելիեն»՝ տվյալ պահի համար երկրի երկրորդ թիմին պարտադրելով բավարարվել մեկ միավորով: Կողմերը չեն կարողացել խոցել մեկմեկու դարպաս: Փոխարենն ունեցածը ևս երեք միավորով համալրել է «Լիոնը»՝ սեփական հարկի տակ պարտության մատնելով աղյուսակը եզրափակող «Գենգամին»՝ 2:1, որը, ամենայն հավանականությամբ, դժվար պրծնի երկրի բարձրագույն դիվիզիոնը լքելու տհաճ պարտականությունից:


«Պարի Սեն Ժերմենն» ունի 62 միավոր՝ գումարած պակաս անցկացրած երկու խաղ: «Լիլի» անվան դիմաց 50 թիվն է, «Լիոնի» ունեցածը 46 միավոր է:
Ավելորդ չհամարենք նշել, որ վերջին երկու խաղում վաստակելով չորս միավոր՝ հետնապահների մահաբեր եռյակին կարողացել է հրաժեշտ տալ «Մոնակոն»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ