ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Աղաղակի ժամանակը

Աղաղակի ժամանակը
22.10.2025 | 12:19

«Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվե՛ք, որ ԱՍՏԾՈՒ Բարկությունը կատարի այն, որովհետև գրված է․«ԻՄՆ է վրեժխնդրությունը, ԵՍ կհատուցեմ" ,- ասում է ՏԷՐԸ»:

(Հռոմեացիներին, 12։19)։

Ժամանակին, երբ Ներոն կայսրը հալածում էր քրիստոնյաներին, այն իրագործվում էր նրա կամակատար պաշտոնյաների ու զինվորների միջոցով։ Այսօր էլ ոստիկանները, դատավորները և այլ բազմաթիվ պաշտոնյաներ լծվել են մեր ժամանակների հայ ներոն-նիքոլի ու իր նմանների հրամանները կատարելու սրբապիղծ և Աստվածամարտ գործին՝ հանուն իրենց աթոռների, պաշտոնների, ռոճիկների և իրենց տիրոջ կերակրատաշտից ընկած այլ կռճոնների՝ թքած ունենալով խղճի ամեն մի խայթի վրա, որ թեկուզ թույլ ու խեղդված կերպով, միշտ հնչում է մարդ արարածի ներսում։

«Եւ ՆԱ՛ է Գլուխը մարմնի, որ Եկեղեցին է․ ՆԱ՛, որ Սկիզբ է, Անդրանիկը՝ մեռելների միջից, որպեսզի ԻՆՔԸ լինի ամեն ինչում Նախապատիվը» (Կողոսացիներ, 1։19)։

Մայր եկեղեցու բոլոր հոգևորականները` քահանաները, եպիսկոպոսներն ու ներկայիս կաթողիկոսը, բոլորն էլ տնտեսներ են ՏԻՐՈՋ տնտեսության մեջ՝ համապատասխան հատվածների վրա և, ի վերջո, բոլորն են պատասխան տալու իրենց վստահված ու հանձնված հոգևոր հոտի յուրաքանչյուր անդամի համար։ Եւ չի ընդունվելու ոչ մի արդարացում։ Հաստատ է այն, որ Եկեղեցու Գլուխը հենց ԻՆՔՆ Է՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ և մի՞թե գլուխը տևական ժամանակ կհանդուրժի իր մարմնի մեջ սպրդած որևէ քայքայիչ որդի շարունակական գոյությունը։ Մեր մեղքերի պատճառով է, որ մեզ՝ եկեղեցու անդամներիս, պատել է ամեն տեսակ ախտ ու աղտ, հիվանդություն և մոլորություն։ Այդ ամենից ազատվելու միայն մի դեղ ու բալասան կա, դա եկեղեցու անդամների միաբանված աղաղակ-աղոթքն ու ապաշխարությունն է, չէ որ ՏԷՐԸ ականջալուր է լինում մարդկանց սրտից արձակված աղաղակին։

Երբ մարմինն իրեն տանջող ցավերից ազդանշան է հղում գլխին, նա էլ ձեռնարկում է գործնական ու կտրուկ միջոցներ օտարածին ապականություններից ազատվելու և մաքրվելու համար։

Այսօր հասունացել է պահը, որ մեր եկեղեցին՝ իր հոգևորականներով ու աշխարհական հավատացյալներով հանդերձ աղաղակ բարձրացնի ԳԼԽԻՆ՝ ՏԻՐՈՋԸ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա ներսից ու դրսից, ԻՐ նախախնամությամբ թույլ տրված, իրականացվող ոտնձգությունները կասեցնելու և ԻՐ Եկեղեցին առավել զորացնելու համար։ Ժամանակն է ապաշխարության ու միաբանված սրտերից բխած աղոթքի։ Մայր Աթոռը բացառապես հենց դա պետք է իրականացնի մեր ՏԻՐՈՋ առջև։ Հայի անցած ուղին և հարատևության գաղտնիքը դրա վառ ապացույցներն են։ ՏԷՐԸ դա է ակնկալում մեզանից, ԻՆՔՆ է ասել․ «Դարձե՛ք դեպի ԻՆՁ և ԵՍ կդառնամ դեպի ձեզ» (Մաղաքիա, 3։7)

Եկեղեցու հովիվների կոչումն է՝ ՏԻՐՈՋ կողմից իրենց վստահված հավատավոր հոտին ու ժողովրդին առաջնորդել այս միակ ճշմարիտ ուղիով, որպեսզի, ի վերջո, իրենք էլ կարողանան վստահաբար արտաբերել ավետարանական հետևյալ խոսքերը․ «որպեսզի կատարվի խոսքը, որ ասել էր, թե՝ նրանց, որոնց ԻՆՁ տվեցիր, նրանցից և ոչ մեկին չկորցրի» (Հովհաննես, 18։9)։

Սա կոչ չէ անհավատ ու անաստված ամբոխներին` հեղափոխական դրոշներ ծածանելու, այլ ահազանգ հավատացյալ ժողովրդին՝ համախմբվելու Մայր Եկեղեցում և միաբանված աղոթքով ու ապաշխարությամբ ՏԻՐՈՋ Զորությանը ապավինելու։

«ՏԷ՜Ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք ՔԵԶ վրա։ Անհավատների սերունդը կործանվեց, իսկ մեր փրկությունը նեղության ժամին ՔԵԶՆԻՑ է գալու» (Եսայի, 33:2)։

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ