Ներկայացված շարադրությունը գրել է իմ ուսանողներից մեկը` Երևանի «Իրավագիտության և էկոլոգիայի համալսարանի`իրավաբանական բաժնի` 1998-99թթ. ուս.տարվա 1-ին կուրսի ուսանող Վահրամը (ռեկտոր` Բելլա Բագրատունի):
Ափսոս, որ շարադրության վերջում նա չի գրել իր ազգանունը:Թղթերիս մեջ պատահաբար հայտնաբերեցի Վահրամի այս շարադրությունը և զարմացա ու հիացա, որ 18 տարին չբոլորած երիտասարդը կարող էր այսպես խորը խորհել և մտահոգվել իր ազգի ու հայրենիքի ճակատագրի մասին:Վահրամը սովորում էր իմ քրոջ որդու` Էդգար Հովհաննիսյանի հետ նույն կուրսում և նրանք, տասնութ տարին լրանալուն պես, գնացին Հայկական բանակ` ծառայելու Հայրենիքին:
Մինչդեռ այսօր որոշ երիտասարդներ ցույց են անում Տարկետման իրավունքի վերացման դեմ:
Սա հազվագյուտ բազմաթիվ շարադրություններից մեկն է, որ ես առանձնացրել եմ դեռ այն ժամանակ և պահել ինձ մոտ, ասես ափսոսել եմ դեն նետել:
Սիրելի' ընկերներ, խնդրում եմ կարդացե'ք հայ երիտասարդի, ես կասեի`դեռևս պատանու այս մտորումները և գնահատե'ք, թե ինչ են մտածում մեզնից շատերը հասուն տարիքում, և ինչպես ենք վարվում մեր երկրի ու ժողովրդի հետ և' սովորական քաղաքացիներս, և բարձրաստիճան պաշտոնյաները:
Ես այս շարադրությունը հրապարակում եմ իմ`Վահրամի դասախոսի բարոյական իրավունքով, և հույս ունեմ, որ ՖԲ-ում պատահաբար կհայտնվի իմ նախկին ուսանող Վահրամը և կարձագանքի:
Ավելի քան վստահ եմ, որ Վահրամն այս քսան և ավելի տարիների ընթացքում պահպանել է իր մարդկային ազնիվ և Հայի հայրենասեր էությունը:
Սիրելի Վահրամ, խնդրում եմ, արձագանքի՛ր։
ՀԱՅԱՍՏԱՆ
Միայն այն մասին, որ մեր երկիրը` ՀԱՅԱՍՏԱՆԸ, իր կայուն տեղն ու դերը պետք է ունենա այս աշխարհում, ինձ երբեք հանգիստ չի տալիս:
Յուրաքանչյուր պատմական դարաշրջանում Հայաստանն ունեցել է հզոր հարևաններ, որոնք հավակնել են տիրել Հայաստանին:
Հայաստանն առավելագույն հզորության հասավ Տիգրան Երկրորդ Մեծի օրոք:Այդ մասին է վկայում ոչ միայն հայոց պատմահայ Մովսես Խորենացին, այլև այդ դարաշրջանի բազմաթիվ հունա-հռոմեական պատմիչներ:
Եվ այդ դարաշրջանի Հայաստանը համաշխարհային պատմության մեջ գլխավոր դերակատարներից մեկն էր: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այն չկարողացավ պահպանել իր հզորությունը: Ճիշտ է, այն ժամանակվանից ի վեր շատ հասարակարգեր են փոխվել, այնունամենայնիվ, չի փոխվել ուժի դիրքերից խոսելու սկզբունքը:
Մենք` հայերս, ճակատագրի բերումով ճաշակել ենք դառը փորձություններ, և պետք չէ մխիթարություն գտնել լացի և կորցրածը հետ վերադարձնելու մղող երգերի մեջ, այլ պետք է գործել, որովհետև հապաղումը հավասարազոր է մահվան:
Ո՛չ, չպետք է մոռանալ այդ ամենի մասին, այլ որպես կանոն`վրիժառությունը պետք է հետաձգել մինչև հարմար պահը: Այժմ մեր առջև ծառացել են նոր խնդիրներ, առաջանահերթ`
համախմբվածությունը երկրի ներսում, որը հնարավորություն կտա երկրի արտաքին հարցերը լուծել առավել համոզչականությամբ:
Թերևս, ներկայումս մենք ձեռք ենք բերել կենսականորեն ամենաանհրաժեշտը` ժամանակը` կորցրածը վերականգնելու համար:
Հասել է մեծագործությունների պահը: Համաշխարհային պատմությունը տվել է իր մեծերին` Մակեդոնացի, Կեսար, Նապոլեոն, Չերչիլ. Ահա նրանք, ում բախտ է վիճակվել փոխել շատ երկրների ճակատագրեր: Եվ հեռու չէ այն ժամանակը, երբ մեր հետնորդները մեծագույն հպարտությամբ կխոսեն իրենց նախնիների և իրենց ու իրենց նախնիների թողած երկրի մասին:
Հ.Գ. 1 Ես ոչ մի ուղղում չեմ կատարել, Վահրամի ձեռագիրը շատ համաչափ ու գեղեցիկ է. շարադրությունը գրել է սև գույնի գրչով:
Երևանի Էկոլոգիայի և իրավագիտության համալսարանի
Իրավաբանական ֆակուլտետի`1998թ-99թ. ուսումնական տարվա 1-ին կուրսի ուսանող Վահրամ. ազգանունը չի գրել:
Հ. Գ. 2. Վահրամի այս մտորումներն ասես հենց մեր այս կորուստներով լի ժամանակների տագնապով են գրված։
Պատանի ուսանողի նվիրվածությունը և հավատը առ Հայրենիք
դաս պիտի լինի շատերիս համար։
Մենք Հայրենիք և պետություն կորցնելու իրավունք չունենք։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ