Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Անկարան, ինչպես շուկայում, կշեռք է դնում

Անկարան, ինչպես շուկայում, կշեռք է դնում
31.03.2017 | 11:51

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջին այցն է կատարում Թուրքիա, որտեղ բանակցելու է երկրի բարձրագույն ղեկավարության հետ, նաև՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի: Ըստ ամենայնի՝ երկխոսությունը հեշտ չի լինելու, թեպետ ԱՄՆ-ն առաջվա նման Թուրքիան անվանում է «ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից»: Անգամ խիստ մակերեսային հայացքով ակնհայտ է, որ երկու երկրների հարաբերությունները հասել են այն կետին, որին կարող է հաջորդել լուրջ համակարգային ճգնաժամ: Այսօր Անկարան բացահայտ քննադատում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, որ խոստացված ազդեցության ընդլայնման փոխարեն Թուրքիայի համար քիչ էր մնում՝ դառնար Օսմանյան կայսրության նախկին տարածքներում իրադարձությունների զարգացում իրաքյան կամ սիրիական սցենարով: ԱՄՆ-ը Թուրքիային թույլ չտվեց մասնակցել Իրաքի հետպատերազմյան վերակառուցմանը և երկրի հյուսիսի իրավիճակի վերահսկմանը, թեպետ Թուրքիան երկար տարիներ «հատուկ» հարաբերություններ էր կառուցում Իրաքի Քրդստանի ինքնավարության հետ: Սիրիայում սկզբում ԱՄՆ-ը կարծես թե առաջարկում էր Անկարային ձեռնտու նախագծեր, բայց այդ ամենը լռվեց-մնաց սկզբնական փուլում: Վաշինգտոնը Սիրիայում աջակցում է «Ժողովրդավարական միություն» կուսակցության սիրիացի քրդերին և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին ԻՊ-ի զինյալների դեմ պայքարում, թեպետ դաշնակից Թուրքիան քրդական այդ խմբավորումները համարում է «ահաբեկչական» և մեղադրում է նրանց Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ, որի դեմ պայքարում է իր երկրի հարավ-արևելքում: Անկարան կարող էր քրդերի հետ պայքարը տեղափոխել սիրիական ուղղությամբ և նման փորձեր ձեռնարկեց: Առավել ևս, որ քրդերը Սիրիայում համախումբ ապրում են միայն մի քանի շրջաններում, որ սահմանակցում են Թուրքիային: Բայց այդ դեպքում Անկարան ուղիղ բախվելու էր ԱՄՆ-ին: 2016-ի օգոստոսի 24-ին թուրքերը սկսեցին «Եփրատի վահան» գործողությունը՝ գրավելով Սիրիայի Ջարաբլուս, Ալ Ռաի, Էլ Բաբ քաղաքները, մաքրելով Ալ Բաբ-Ազազ-Ջարաբլուս եռանկյունին, որպեսզի թույլ չտա քրդերին ինքնավարություն ստեղծել: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցի նախօրեին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հաղորդեց Սիրիայի ազատ բանակի հետ համատեղ «Եփրատի վահան» գործողության ավարտի մասին, որ համարվում է հանրապետության պատմության մեջ երկրորդ ամենամեծ ռազմական գործողությունը երկրի սահմաններից դուրս: Լուծե՞ց «Եփրատի վահանը» իր խնդիրը:


Էրդողանը հայտարարեց, որ իրեն տխրեցնում է ուշադրությունը, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հատկացնում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին», «Ժողովրդական միությանը» և Քրդստանի աշխատավորական կուսակցությանը: Նա նշեց Սիրիայում քրդական միավորումների հետքաշման անհրաժեշտությունը մարտական գործողությունների գոտուց: Նրա խոսքով՝ «եթե դա չլինի, մեր նպատակներին Սիրիայում չենք հասնի»: Անկարան որոշեց ավարտել «Եփրատի վահանը», այնուամենայնիվ, ԱՄՆ-ի ճնշմամբ: Թուրքիայի պայքարին ԻՊ-ի դեմ աջակցում են աշխարհի շատ պետություններ, որ չես ասի քրդերի հետ դիմակայության մասին: Պատահական չէ, որ թուրքական ԶԼՄ-ներն ընդգծում են, որ Անկարան Թիլերսոնի հետ բանակցություններում պիտի փորձի Վաշինգտոնից հարյուրտոկոսանոց երաշխիքներ ստանալ, որ քրդերը չեն հայտարարի Սիրիական Քրդստանի ստեղծման մասին: Բայց ո՞ւմ վրա պետք է ԱՄՆ-ը հենվի Ռաքքան ազատագրելու համար:

Խնդիրը միայն դա չէ: Թուրքիան Դոնալդ Թրամփից սպասում է նոր գաղափարներ Մերձավոր Արևելյան քաղաքականության մեջ, որոնցից մեկը քրդերին աջակցությունից հրաժարվելն է: Ընդունել նման որոշում, որ կարող է կտրուկ փոխել իրադարձությունների ընթացքը, հատկապես Սիրիայում, Վաշինգտոնը հազիվ թե կարող է: Եվ դա է, ինչպես համարում է Եվրոպայի Կարնեգի ինստիտուտի գիտական աշխատող Սինան ՈՒլգենը, «գլխավոր բարդությունը»: Բացի դա՝ Անկարան ուզում է, որ Սպիտակ տունը հրաժարվի Թուրքիայի «զսպման» քաղաքականությունից, վերադառնա նախկինում խոստացած երկիրը տարածաշրջանի գերակա պետություն դարձնելու քաղաքականությանը, կառուցելով Եվրոպան շրջանցող «ամերիկյան կամուրջ»: Բացառված չէ, որ Թուրքիան թևքում հաղթաթուղթ է պահում, որ կարող է օգտագործել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու անհրաժեշտության դեպքում, թեպետ առայժմ ցույց չի տալիս Մոսկվայի ու Թեհրանի հետ տարածաշրջանային ալյանսից դուրս գալու մտադրություն: Ինտրիգային էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, որ «Մոսկվայի ու Վաշինգտոնի քաղաքականությունը Սիրիայում «ընթացիկ, այլ ոչ թե երկարաժամկետ» է և մրցակցային պայքար է Սիրիայում կատարվող իրադարձությունների նկատմամբ վերահսկողության համար: Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը «այսօրվա պայմաններում փորձում են գերազանցության հասնել»: Սա է թուրքական դիվանագիտության դասական հնարքը, երբ, ինչպես շուկայում, ուժերի կենտրոնների միջև կշեռք են դնում ու այս կամ այն կողմին առաջարկում են իրենց ծառայությունները՝ կշեռքի նժարը այս կամ այն կողմ քաշելու համար: Քրդական սյուժեով սիրիական պատմությունը Թուրքիայի համար շարունակվում է: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա այցի արդյունքները այս առումով նոր ոչինչ չեն տա:


Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. ՈՒ Ռեքս Թիլերսո՞նն էր պետք, որ ռուսները հասկանան թուրքական դիվանագիտության դասական հնարքը, թե՞ սեփական սխալներն են հուշել: Հազիվ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էրդողանին տարածաշրջանի առաջին պետություն դառնալու քարտ բլանշ տա՝ հաշվի առնելով Էրդողանի իմիջն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշնակցային հարաբերությունների առկայությամբ: Նույնիսկ ընդդեմ Իրանի: ՈՒ՝ Ռուսաստանի: Դոնալդ Թրամփին պետք չէ խրվել սիրիական պատերազմում ու Մերձավոր Արևելքում: Նրան պետք է հաղթել ԻՊ-ին ու ցույց տալ աշխարհին, որ ինչ չկարողացավ Բարաք Օբաման, ինքն արեց, ուրեմն քրդերին կշարունակի օգտագործել ԻՊ-ի դեմ պայքարում, և հետո Պուտինին էլ պետք չէ թշնամի դարձնել՝ Էրդողանին նրա ձեռքից խլելու պատճառով: Իսկ նկատեցի՞ք, որ ոչ մի խոսք չկար Ֆեթուլլա Գյուլենի մասին: Եվ հետո՝ Թուրքիան ընդամենը հայտարարել է, որ «Եփրատի վահան» գործողությունն ավարտել է, բայց չի հայտարարել, որ Սիրիայի տարածքից հանում է իր զորքերը, ուրեմն ցանկացած պահի կարող է սկսել «Եփրատի սուր» գործողությունը՝ վահանի փոխարեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ