Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԵԽԽՎ-ն սկսում է իսպանացի Պեդրո Ագրամունտի պաշտոնանկությունը

ԵԽԽՎ-ն սկսում է իսպանացի Պեդրո Ագրամունտի պաշտոնանկությունը
30.06.2017 | 12:13

ԵԽԽՎ-ն սկսել է իրականացնել իր նախագահի պաշտոնանկության ձևական գործընթացները՝ հաղորդում է El Pais-ը: Դա սկսվեց, երբ Ագրամունտը հրաժարվեց կամավոր հեռանալ: ԵԽԽՎ-ն ընդունեց իր կանոնների փոփոխությունները, որ թույլ են տալիս հեռացնել նախագահին ու փոխնախագահներին: Նախաձեռնությունը դեռ օրակարգ չի մտել և կարող էր տեղի ունենալ հինգշաբթի օրը, իսկ հոկտեմբերին կքննարկվի լիագումար նիստում: Մինչ այդ Ագրամունտը իր բոլոր պարտականություններից ժամանակավորապես հեռացված է: ԵԽԽՎ նախագահի դեմ այս աննախադեպ ապստամբության պատճառը նրա հանդիպումն է սիրիացի նախագահ Ասադի հետ մարտի 20-ին, Խան Շեյխունի քիմիական հարձակումից երկու շաբաթ առաջ: Ագրամունտը Դամասկոս այցելել է իսպանացի պատգամավոր Ժորդի Խուգլայի և մի քանի ռուս պատգամավորների հետ: Ցեղասպան վարչակարգի ղեկավարի աուդիենցիան կառույցի բարձրագույն ներկայացուցչին, որ պետք է Եվրոպայում առաջ մղի ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, շահարկեցին Սիրիայի ու Ռուսաստանի պաշտոնական ԶԼՄ-ները և հարուցեցին նրա գործընկերների զայրույթը ԵԽԽՎ-ում, որ տեղյակ չէին Ագրամունտի այցի մասին: Ագրամունտն իրեն անվանում է բեմադրված արշավի զոհ և խոստանում է ձեռնարկել «իրավաբանական-իրավական գործողություններ» նրանց դեմ, ովքեր ուզում են հասնել իր հրաժարականին:


Ապրիլի 28-ին ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Ագրամունտին՝ արգելելով պաշտոնական այցերը, նիստերին մասնակցելը կամ ԵԽԽՎ անունից հայտարարությունները: Մինչև Դամասկոս մեկնելն Ագրամունտն արդեն հայտնվել էր փոթորկի կենտրոնում՝ մեղադրվելով Ադրբեջանի վարչակարգին աջակցության մեջ, որին դատապարտում են մարդու իրավունքների խախտումների համար: Իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն Բաքվի իշխանություններից ստացել է 2,3 միլիոն եվրո իբր այլ պատգամավորների վրա ազդելու համար: ESI վերլուծական կենտրոնը հաստատում է, որ Վոլոնտեն ու Ագրամունտը գլխավորել են Ադրբեջանի լոբբին Ստրասբուրգում:

Միգել ԳՈՆՍԱԼԵՍ, El Pais


Հ.Գ. Դժվա՞ր է իսպանացու համար գրել հայրենակցի՝ Ադրբեջանի լոբբիստ լինելու մասին Լուկա Վոլոնտեի ստացած 2,3 միլիոն եվրոյի շրջանակներում: Ցանկալի չէ, բայց միլանցիները գրեցին չէ՞ իտալացի Լուկա Վոլոնտեի մասին: ԵԽԽՎ-ն, այնուամենայնիվ, գործը ավարտին չհասցրեց, թեև հավաքվել էին անհրաժեշտ ստորագրությունները, ավանդական բյուրոկրատիան իր գործը արեց՝ Պեդրո Ագրամունտին պաշտպանվելու հնարավորություն տալով: Ճիշտ է՝ նա բյուրոյի որոշմամբ զրկված է պաշտոնական պարտականությունները կատարելու իրավունքից, ԵԺԿ-ն էլ նրան հեռացրել է իր շարքերից, բայց իսպանացին պայքարը շարունակելու է: Սպասենք հոկտեմբերին: Երկրորդ հարցն էլ կա՝ իսկ ո՞վ է դառնալու ԵԽԽՎ նախագահ: Սովորաբար ԵԽԽՎ նախագահը պաշտոնավարում է մեկ տարի, ապա ևս մեկ տարով վերընտրվում է: Ո՞Ւմ է ԵԽԽՎ-ն վստահելու ղեկավարությունը առաջիկա երկու տարում: Գուցե հենց այս հարցի պատասխանը չունենալն էր պատճառը, որ Պեդրո Ագրամունտը մինչև աշնանային նստաշրջան ժամանակ ստացավ դեմքը փրկելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ