Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պարզապես շարունակիր լողալ

Պարզապես շարունակիր լողալ
30.01.2018 | 01:07

Կյանքը առեղծվածների լաբիրինթոս է. միշտ ուզում ես` ինչ չունես և արդեն չես ուզում, երբ ունես: Հակասություն չկա` հարցը ժամանակն է: Լավ է երբեք, քան ուշ: Ամեն ինչ իր ժամանակն ունի, ծարավը հագեցնում են ծարավի պահին, անապակ աղբյուրները քեզ համար իզուր են հոսում, երբ խմել չես ուզում: Կամ` չես կարող:


ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը փետրվարի վերջին տասնօրյակում է, ընտրությունը` մարտի 2-ին: Նախագահի թեկնածու կառաջադրի պատգամավորների ընդհանուր թվի 1/4-ը: Նա կընտրվի, եթե ստանա ձայների առնվազն 3/4-ը: Եթե չստանա, կանցկացվի երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլի բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում թեկնածուն, որ ստացել է ձայների առնվազն 3/5-ը: Եթե նորից չի ստանում բավարար ձայներ, անցկացվում է երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում ամենից շատ ձայներ ստացած 2 թեկնածուները: Երրորդ փուլում նախագահ է ընտրվում ամենից շատ ձայներ ստացած թեկնածուն: 30 օրից` 2018-ի մարտի 2-ի ուրբաթ օրը, ունենալու ենք արդեն երկու նախագահ` գործող ու ընտրված: Ընտրվածը պաշտոնապես 37 օր մնալու է անգործ` ապրիլի 9-ին միայն կավարտվի գործողի ժամկետը: Իրականում այդ մեկ ամիս ու մեկ շաբաթը ապագա աշխատակազմի կազմավորման շրջան է լինելու: Ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում նոր նախագահը կստանձնի լիազորությունները: Նույն օրը հրաժարական կտան վարչապետն ու կառավարությունը: ԱԺ խմբակցությունները ապրիլի 9-16-ին կներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին: ԱԺ-ն մայիսի առաջին շաբաթում կընտրի վարչապետ` ձայների մեծամասնությամբ: ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը մեկ խնդիր ունի` հաղթել առաջին փուլով, բայց դա իր խնդիրը չէ, այլ ՀՀԿ-ի: Չկասկածեք, որ սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանը կհանդիպի ԱԺ խմբակցությունների հետ, մի քանի արտախորհրդարանական կուսակցությունների, անպայման կմեկնի Արցախ: Իրեն հասանելիքը Արմեն Սարգսյանը կանի դիվանագիտական վարպետությամբ և հնարավորինս համոզիչ: Այս ընթացքում տասնյակ հրապարակումներ կլինեն, որոնց հեղինակները կպնդեն, որ երազ են տեսել, ու երազում հրեշտակն իրենց ասել է` Արմեն Սարգսյանն է ՀՀ լավագույն նախագահի թեկնածուն, կերդվեն, որ հավատում ու սիրում են հրաժարական տված մարդկանց (փաստորեն` ոչ միայն Արմեն Սարգսյանին, այլև Լևոն Տեր-Պետրոսյանին ու մյուս հրաժարական տվածներին)` իրենց քաղաքացիական խիզախության ու այլևայլ արժանիքների համար, պարտադիր կզարգացնեն սփյուռքից փող բերելու թեման (Հայաստանում սփյուռքը շարունակում է ընկալվել փողի քսակ, որ հենց այնպես լայն պիտի բացվի իրենց համար), Մեծ Բրիտանիայի արքայական տան հետ կապերը (կարծես` Հայաստանի չեղած արքայազունները հավակնում են բրիտանական գահին) և այլն, և այլն, և այլք: Հասարակության համար, ցավոք, նախագահի ընտրությունը խորհրդարանում կենսական կարևորություն չունեցող հարց է այսուհետ: Մինչև մարտի 2-ը պետք է լուծվի նաև ապագա կառավարության կազմավորման ձևաչափի հարցը: Ազգային համաձայնության կառավարության մասին վաղուց արդեն չի խոսվում` պահ էր, ասվեց, անցավ: Փոխարինելու եկած «ընդարձակ համաձայնությունը» ունի 2 տարբերակ. 1. ՀՀԿ+ՀՅԴ (ԲՀԿ-ն կմնա այլընտրանք կամ իշխանական ընդդիմություն), 2. ՀՀԿ+ՀՅԴ+«Ծառուկյան» դաշինք: 2017-ի ԱԺ ընտրությունները այլ տարբերակներ չեն տվել: «Ելքը», որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարծիքով` խանգարում է երկրի առաջընթացին (բժշկական ճշգրտությունը պահանջում էր ասել` ՀՀԿ-ի), կոալիցիայի մաս կազմելու ոչ ցանկություն ունի, ոչ հրավեր կստանա և կշարունակի անխոնջ, տեղ-տեղ արդյունավետ, տեղ-տեղ ինքնաբերաբար ընդդիմություն մնալ` լիարժեք ինքնարտահայտման հնարավորությունները որոնելով 2022-ի ԱԺ ընտրություններից հետո:

ՀՀԿ+ՀՅԴ կոալիցիոն կազմը արդեն ինքնին հասկանալի է դարձել (ՀՀԿ-ն հաշտվել է մի քանի պորտֆել հարկադրաբար կորցնելուն, ՀՅԴ-ն սերտաճել է իշխանական բուրգին և արտաքին ու ներքին քաղաքականության մեջ լիովին համաձայն է ՀՀԿ-ի քաղաքականությանը): Արդյունավե՞տ է այդ ալյանսը երկրի կառավարման տեսակետից: Ոչ: Իշխանական գլխավոր լծակները ՀՀԿ-ի ձեռքին են, և ՀՅԴ-ն գործընկեր չէ, այլ` ուղեկից: Ալյանս չկա: Կա քաղաքական գործարք: Դատելով թվերից ու ծրագրերից` այս կառավարությունը տարածաշրջանում տնտեսական ակտիվության ու տնտեսական աճի չեմպիոն է, և մեղք ու հանցանք է կառուցվածք կամ կազմ փոխելը: Դատելով գնաճից ու կենսամակարդակից` կառավարություն չփոխելն է մեղք ու հանցանք: Վարչապետ ու նախարար փոխելը հարցի լուծում չէ: ՀՀ շարքային քաղաքացու տեսակետից, որ ուզում է նորմալ ապրել, լուծումը կառավարության քաղաքականությունն ու քաղաքականության տրամաբանությունը փոխելն է: ՀՀ կառավարությունն ու ՀՀ շարքային քաղաքացին տարբեր խնդիրներ են լուծում: Կառավարությունը պարտավոր է պետական գանձարանը լցնել և պարտքը փակել ու ընտրել է քաղաքացու գրպանից հարցը լուծելու տարբերակը` վստահ, որ քաղաքացին պետական մեքենայի ամենաթույլ ու դիմացկուն օղակն է` չի կտրվելու, չի կոտրվելու, չի դիմադրելու: Առաջին անգամ չէ:


Իսկ եթե բողոքներ լինեն, կարվեն կոսմետիկ քայլեր` լսումներ, քննարկումներ, գնի անհամարժեք ինչ-որ փոխհատուցումներ, որ հասարակական դժգոհությունը մարի` չսկսված: Դա ևս առաջին անգամ չէ:
Երկրորդ տարբերակով ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին կարող է ավելանալ ԲՀԿ-ն: Դրանով կառավարության քաղաքականությունն ու որակը չեն փոխվելու: Քաղաքական տեսակետից ՀՀԿ-ի համար շահեկան է կոալիցիոն նոր գործընկեր ստանալը` իր պատասխանատվությունը նվազում է, ԲՀԿ-ն կդադարի կառավարությունը տեղին-անտեղի քննադատել ու հռետորական հարցադրումներ անել, կապահովի պակասող ձայները քվեարկության ժամանակ: Պրագմատիկ տեսակետից` խելամիտ չէ կառավարությունում ևս մի քանի պորտֆել կորցնել, հետո, ըստ համամասնության, փոխնախարարների ու մարզպետների աթոռներ, և այդպես` մինչև բուրգի ստորոտները: Պե՞տք է ԲՀԿ-ին կոալիցիա մտնելը: Դատելով կոալիցիոն փորձից` քաղաքական տեսակետից` ոչ, գործնական տեսակետից` այո: Սա մի հարց է, որտեղ բախվելու են ԲՀԿ նախագահի ու կուսակիցների շահերը: ԱԺ-ում իր վերջին հայտնություն-հարցազրույցով Գագիկ Ծառուկյանը սպառիչ պատասխանեց, թե ինքն ինչպես է պատկերացնում պատգամավորի անելիքը: Դա հերթապահ պատասխան չէր մշտապես հնչող հարցին, համոզմունք էր, դիրքորոշում, վարքագիծ, որ դրսևորվում է պատգամավորության ամբողջ ընթացքում: Ճիշտ նույն մոդելով նա պատկերացնում է ԲՀԿ-ի անելիքը: Պետք չէ նրանից սպասել հստակ քաղաքականություն ու հստակ դիրքորոշում արտաքին կամ ներքին քաղաքականության որևէ հարցում: Նա, ինչպես պատգամավոր ու շարքային ԲՀԿ-ականները, ունի բոլոր հարցերին ընդհանրական պատասխաններ: Դա նրանց բավարարում է ու թույլ է տալիս իրավիճակային որոշումներ ընդունել: Եվ այնքան սովորական է դարձել, որ արդեն չկա սկզբունքային դիրքորոշման, կուսակցության սեփական տեսակետի ակնկալիք: Կուսակցությունը Գագիկ Ծառուկյանն է, իսկ նա ամեն ինչ թողնում է «հաջորդ դասին»:

Իհարկե, ԲՀԿ-ականները պաշտոններ ու կառավարման լծակներ ստանալ ուզում են, բայց չեն կարող առարկել Գագիկ Ծառուկյանին: Նրան լրացուցիչ գլխացավանք պետք չէ, գերադասելի է անհատական ազատության որոշակի տարածք ունենալը և իր կայսրության շահերը այդ դագանակով պաշտպանելը: Դժվար չէ դեմքը պահպանելու համար նույնիսկ պայմաններ դնելը: Նա այնքան հայրենասեր է, որ կարի անհրաժեշտության դեպքում անգամ կհամաձայնի կոալիցիայի մաս կազմել: Դա «կրկեսից» քաղաքականություն վերադառնալուց հետո ոչ մեկին չի զարմացնի: Առավել ևս, որ «կարի անհրաժեշտության» սահմանները ինքը չի գծում, ուրեմն հետևանքների պատասխանատվությունն իրենը չէ:


Ապագայի ամենամեծ հարցացուցակը վարչապետ Կարեն Կարապետյանինն է:
1. Ըմբոստանալ ու վերջին մեկ ամսում պայքարել վարչապետ լինելու՞ համար: ՈՒ՞մ հետ:
2. Ընդունե՞լ առաջին փոխվարչապետ դառնալու առաջարկը: Թե՞ թողնել ու նորից սլացիկ հեռանալ:
3. Եթե մնալ, ի՞նչ երաշխիք, որ կաշխատի մինչև 2022-ը` տնտեսական այս վիճակում:
4. Եթե նույնիսկ մնաց, 2022-ից հետո ի՞նչ է անելու` կյանքի լավագույն տարիները Հայաստանում խրված մնալուց հետո:
5. Եթե մնաց, ստեղծելու՞ է իր համար քաղաքական հենարան: Նոր կուսակցություն: Փող կա, իսկ տե՞ղ քաղաքական դաշտում: Ի՞նչ դեր պիտի ունենա քաղաքական դաշտում կուսակցությունը: Հավաքի բոլոր նեղացածների՞ն: ՈՒ` ի՞նչ գաղափար առաջադրի: Իշխանություն կա, ընդդիմություն կա, այլընտրանք կա: Նախկիններ կան: Ներկաներ կան: Ապագաներ կան:
6. Ինքնուրու՞յն է իր որոշումներն ընդունում, թե՞ շարունակում է հույս կապել Կարապետյանների կլանի հետ: Իսկ անկախ ու հուսալի՞ են նրանք:
7. Իմաստ ունի՞ ձգել մինչև 2022-ը` լիարժեք վարչապետ դառնալու համար:
ՈՒ ամեն հարցի հետ տասնյակ ենթահարցեր կան: Համենայն դեպս, «ինչպես»-ը կա ու կա: Ի՞նչ կանի Կարեն Կարապետյանը: Դավոսից վերադարձած Կարեն Կարապետյանը, որ անգլերենով պատասխանում էր Euronews-ի հարցերին և ասում էր. «Մենք հիմա փորձում ենք մեր տարածաշրջանի միասնական ապագան ստեղծել»: Գուցե միայն զգացողություն է, բայց թվում է, համառորեն թվում է, որ գործ ունենք երկու տարբեր Կարեն Կարապետյանների հետ` Դավոսից առաջ ու հետո: Դավոսից առաջ նա, ինչպես նախորդները, իրավիճակային վարչապետ էր, որ հընթացս մտնելով մեծ քաղաքականություն, պարտավոր էր ընդունել ու կատարել խաղի կանոնները: Դավոսից հետո նա ուզում է ինքնուրույն գործել, ապագայի խնդիրներ է առաջադրում. «Մենք կշարունակենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը, որ բիզնես միջավայրի, տեղական շուկայի առումով մեր երկիրը ավելի գրավիչ դարձնենք, որպես մեր տարածաշրջանում բիզնես վարելու հարթակ` օգտագործելով մեր առևտրային ռեժիմները: Մենք հիմա փորձում ենք միասնական ապագա ստեղծել՝ օգտագործելով ԵԱՏՄ, ԵՄ, Իրանի՝ որպես ազատ տնտեսական գոտի և մի շարք այլ պետությունների հետ առևտրային ռեժիմները»: Եվ ուզում է ինքն այդ խնդիրները լուծել:

Արմեն Սարգսյանի հայտնությունը Հայաստանի քաղաքական ասպարեզում նրա համար խթան է գործելու, բայց և` ազդանշան կորցրած ժամանակի: Կարեն Կարապետյանը կարող էր ու պարտավոր էր վարչապետության ընթացքում աշխատել Վրաստանի հետ Վերին Լարսին այլընտրանք գտնելու, ԱՄՆ-ի հետ էներգակիրների դիվերսիֆիկացման հարցում` ոչ մի երկիր հենց այնպես չի հայտարարում, որ պատրաստ է 8 միլիարդ դոլար ներդնել: Կարող էր ու պարտավոր էր աշխատել Իրանի հետ` Հայաստան բերելու իրանական գազը և իր ազդեցությունն օգտագործելու «Գազպրոմի» հետ հայտնի պայմանագիրը փոխելու համար: Բայց գերադասեց քաղաքականություն չմտնել, անգամ` տնտեսական: Ռիսկի չդիմեց: Անհաջողությունը պաշտոնանկությունն էր, մինչդեռ հաջողությունը ապահովում էր քաղաքական կապիտալ, որ պետք էր վարչապետ մնալու համար: Հիմա մնում է միայն ուրիշի խաղին մասնակցելու տարբերակը: Քիչ չէ առաջին փոխվարչապետի հեռանկարը, բայց դա լինելու է բացարձակապես անհեռանկար պաշտոնավարում` առանց կարիերային աճի շանսի: Պատրա՞ստ է այդ պայմաններում հայրենիքին ծառայել Կարեն Կարապետյանը: Գոնե այս հարցի պատասխանը նա պետք է ինքնուրույն տա` առանց կուսակցական ու անդրսահմանային հուշումների` իր կյանքն է, իր կարիերան, իր ժամանակը: Իր հայրենիքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ամեն ինչ իր ժամանակն ունի: Բայց ժամանակն էլ իր գինն ունի: Ամենամեծ կորուստը անվճարունակ դառնալն է` թեկուզ միլիարդներ ունես գրպանումդ:

Դիտվել է՝ 2864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ