Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒզում եք անվանեք երրորդ, ուզում եք` չորրորդ հանրապետություն, Հայաստանում կառավարման մոդել չի փոխվելու

ՈՒզում եք անվանեք երրորդ, ուզում եք` չորրորդ հանրապետություն, Հայաստանում կառավարման մոդել չի փոխվելու
02.02.2018 | 00:11

Իսկ ինչու՞ ոչ: Խորհրդարանական կառավարումը դեռ բազում անակնկալներ ու նորամուծություններ է բերելու` օրենսդրական ու անձնային որոշումների տեսքով: Երեկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, որ կառավարության նիստերը դռնփակ են գործնականում բոլոր երկրներում, կառավարության գործունեության հրապարակայնությունն ապահովելու պարտավորությունը դրվում է վարչապետի վրա: Նա բացատրել է, որ դռնբաց նիստերը կաշկանդում են նախարարներին, արգելակում նիստերի ընթացքում հնարավոր բանավեճը: Գուցե:

Մի կողմ թողնենք, որ խախտվում է քաղաքացու տեղեկացվածության սահմանադրական իրավունքը: Դա «մանրուք» է, որին փորձառու Դավիթ Հարությունյանը հանգիստ կարող է առարկել` «կառավարության գործունեության հրապարակայնությունն ապահովելու պարտավորությունը դրվում է վարչապետի վրա»` շրջանցելով, որ գրաքննված հրապարակայնությունն արդեն հրապարակայնություն չէ:
Կա իրականությունը` նիստերը բաց են ու գերազանցապես ի՞նչն է լուսաբանվում` վարչապետը ու՞մ ի՞նչ ասաց, ո՞ր նախարարը ի՞նչ պատասխանեց: ՈՒ` ի՞նչ: Բուն հարցը, օրինագիծը մնում են ինչ-որ տեղ` թղթերի մեջ: Նույնը կատարվում է և խորհրդարանում` ԱԺ-ի աշխատանքի լուսաբանման 99 տոկոսը քաղաքական ու մերձքաղաքական անցուդարձն է, օրինաստեղծ գործունեությունը ոչ մեկին չի հետաքրքրում, իսկ եթե հետաքրքրում է` պարզելու կոնկրետ օրինագիծը կոնկրետ ու՞մ շահն է պաշտպանում: Եվ շատ հազվադեպ ու խիստ խնդրահարույց օրինագծերն են դառնում ուսումնասիրման ու լուսաբանման նյութ:
Սահմանադրությամբ իշխանությունը ժողովրդինն է և տրամաբանական է, որ գործող իշխանությունը սահմանադրական իշխանությունից գաղտնիքներ չպետք է ունենա: Պետական կառավարման կառույցների գործունեությունը պիտի լինի հրապարակային, հանրային վերահսկողության ենթակա ու ժողովրդին հաշվետու:

Այլ հարց է, որ հրապարակայնություն, վերահսկողություն, հաշվետվողականություն` ապրիորի հասկացություններ են: Հիմա, որ կառավարության նիստերը բաց են, այդ հասկացությունները գործու՞մ են: Խնդիրը դա է, ոչ թե նիստերը դռնբաց, թե դռնփակ են լինելու: Խնդիրը ձևերից ձերբազատվելն ու բովանդակությանը հասնելն է:
Դավիթ Հարությունյանը, իհարկե, չափազանցրել է` գերգաղտնիության պայմաններում, հերմետիկ փակված էլ կառավարությունում չի լինելու անկաշկանդ բանավեճ, որի ընթացքում նախարարներն առարկելու են վարչապետին, սեփական փաստարկներ են բերելու, պնդելու են իրենց տեսակետը ու գուցե համոզելու են: Դա չի լինելու ոչ այն պատճառով, որ նրանք տեսակետ չունեն: Իհարկե ունեն և լավ էլ պատկերացնում են իրենց ոլորտների վիճակն ու հեռանկարները: Բայց նրանք մի համակարգի մաս են, որտեղ որոշումներն ընդունում են ոչ իրենք: ՈՒզում եք անվանեք Հայաստանի երրորդ, ուզում եք չորրորդ հանրապետություն, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցումով կառավարման մոդել չի փոխվելու, քանի իշխանությունը ՀՀԿ-ինն է: Եվ, ուրեմն, ոչ մի նշանակություն չունի` կառավարության նիստերը դռնբաց, թե դռնփակ են անցնում: Բուն հրապարակայնությանը հասնելու ճանապարհը ձևը չէ, այլ` բովանդակությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ոմանք գուցե առարկեն, բայց այն, ինչ հիմնավորում է Դավիթ Հարությունյանը, հերթական կողմնակի ապացույցն է, որ վարչապետ սահմանված ժամկետում խորհրդարանն ընտրելու է Սերժ Սարգսյանին: Իսկ թե նախագահի գործունեության լուսաբանմանն ու լրատվամիջոցներին ինչպես է վերաբերվել Սերժ Սարգսյանը 10 տարի, հակիրճ կարելի է ասել` ընտրովի: Հարցազրույցներ տվել է խիստ ընտրովի, ասուլիսներ եթե եղել են, միայն որևէ երկրի նախագահի հետ հանդիպումից հետո, 2 նախագահների հայտարարությունների ու 1-3 հարցերի պատասխանների ձևաչափով: Գուցե ապրիլի 8-ին նա որոշի վերջին ասուլիսը տալ նախագահի պաշտոնում` բոլոր լրատվամիջոցների համար` փակելով համաժողովրդականորեն ընտրված 3 նախագահների էջը: Գուցե: Բայց ամենայն հավանականությամբ` չի անի: Իմաստ չի տեսնի` լրացուցիչ աղմուկի մեջ, որ կարող է այդ ասուլիսը առաջացնել կառավարության հրաժարականի նախօրեին:

Դիտվել է՝ 2021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ