Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշխարհը երեկ, այսօր, իսկ վա՞ղը

Աշխարհը երեկ, այսօր, իսկ վա՞ղը
20.02.2018 | 01:17

Աշխարհի անվտանգության հարցերը 2 օր` փետրվարի 16-18-ին, քննարկվում էին Մյունխենում: 54-րդ անգամ: Մյունխենի առաջին համաժողովը հրավիրվել է 1963-ին` իբրև ՆԱՏՕ-ի պաշտպանական գերատեսչությունների նիստ: Բավարիայի մայրաքաղաքը քաղաքական գործիչներին, դիվանագետներին, զինվորականներին, բիզնեսմեններին, գիտնականներին միջազգային հրատապ հարցերի քննարկման հարթակ է տրամադրում` իբրև քաղաքական Դավոս: Թեպետ Մյունխենում կոմյունիկեներ ու համաձայնագրեր չեն ստորագրվում, աշխարհի անվտանգության ապահովման համար Մյունխենը չեզոք դաշտ է, որտեղ միմյանց են հանդիպում համաշխարհային քաղաքականության առաջին դեմքերը: 54-րդ համաժողովը բացեց գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը:


Այս տարի Մյունխենում էին պետությունների 20 ղեկավարներ. ԱԳ ու պաշտպանության 80 նախարարներ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բացակայությամբ` նա չընդհատեց նոր կառավարության կազմավորման բանակցությունները, Մյունխենում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և այլք: ՌԴ-ն ներկայացնում էր ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ը` պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Հերբերտ Մակմաստերը, Գերմանիան` ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, պաշտպանության նախարար ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը, Ադրբեջանը` ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նախօրեին հրապարակվեց անվտանգության հարցերով զեկույցը, որն արձանագրում էր` միջազգային կարգը խախտված է, զինված կոնֆլիկտների վտանգն աճում է: Վերնագիրն արդեն խոսուն էր` «Մինչ անդունդի եզր և հե՞տ»: Զեկույցի հեղինակները նշում էին, որ 2017-ին մարդկությունը չափազանց է մոտեցել խաղաղությունը պատերազմից անջատող եզրագծին` կոնֆլիկտների վտանգավոր էսկալացիան ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև, Իրանի և Սաուդյան Արաբիայի սրվող մրցակցությունը, Եվրոպայում անփոփոխ լարումը ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև։


Անցած տարի զեկույցի հեղինակները զգուշացրել էին, որ Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ը կարող է հրաժարվել միջազգային անվտանգության երաշխավորի դերից, այս տարի հաստատում են, որ Վաշինգտոնը չի հետաքրքրվում գլոբալ ու տարածաշրջանային ինստիտուտների զարգացմամբ: Եվրոպացիները պիտի մտածեն իրենց անվտանգության մասին։ Զեկույցը հիշեցնում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքը 2017-ի մայիսին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելուց հետո: «Ժամանակները, երբ կարող էինք հույս դնել այլոց վրա, անցել են»` ասել էր Մերկելը` հավելելով, որ եվրոպացիները պետք է սեփական ճակատագիրն իրենց ձեռքը վերցնեն։ Զեկույցում անդրադարձ կա կլիմայի փոփոխություններին, միգրացիային ու կոնֆլիկտներին:
Այս շրջանակներին ու խնդիրների այս ըմբռումներն ունեցող հանրությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր ելույթը` «Նե՞րս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» քննարկման ժամանակ: «Աշխարհագրությունը ճակատագիր է, բայց, կարծում եմ, նաև կենսագրություն է»` ասաց նա ու արձանագրեց, որ Հայաստանի և շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը և մարտահրավեր է, և հնարավորություն. «Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ, փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են»։

Սերժ Սարգսյանն անդրադարձավ 20-րդ դարի 70-ականների Հելսինկյան գործընթացին, «Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի 10 սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են: Դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին»` ասաց ՀՀ նախագահը և նշեց, որ «Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը ոչ ավելի, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ` անվանելով պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»: Լեռնային Ղարաբաղի մասին` «Խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով: Այդ հարցում մեզ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Նրանց առաջնորդությամբ խաղաղ գործընթացի հիմքում դրվել են միջազգային իրավունքի 3 սկզբունքներ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ ԵՄ-ն բազմիցս վերահաստատել է, որ աջակցում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին»։ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին` «2009-ին Հայաստանի ու Թուրքիայի միջև կնքված արձանագրություններն այդպես էլ մնացին թղթի վրա: Թուրքիան ոչ միայն չվավերացրեց, այլև առաջադրեց արձանագրությունների հետ որևէ կապ չունեցող նախապայմաններ: Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ պատմական հնարավորության տապալում։ Արդյո՞ք Ադրբեջանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ինչպես մեզ շատերը փորձում են համոզել։ Ոչ, հիմնական խոչընդոտը Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայությունն է: …Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին: Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»։ Մյունխենից առաջ` փետրվարի 13-ին, Վաշինգտոնում ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց ամենամյա «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը», որտեղ կա և Ղարաբաղը. «Կողմերի փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, կողմնակի ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի գնումը 2018-ին կարող են լայնամասշտաբ ռազմական գործողությունների հանգեցնել»:

Նրա զեկույցում ասվում է, որ պատերազմը կամ լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև «իր հերթին կարող է դրդել Ռուսաստանին աջակցություն ցուցաբերել իր տարածաշրջանային դաշնակցին»: Հաջորդ լուրը` ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ «նշանակալի գործարքներ» անող ընկերությունների ու կառավարությունների դեմ պատժամիջոցների ԱՄՆ օրենքի առնչությամբ` նաև Հայաստանի կառավարությունն է զգուշացվել հնարավոր պատժամիջոցների մասին: Եվս մեկ լուր` Ադրբեջանում քննարկում են ԼՂ հարցի կարգավորման պլան, որ, իբր, համանախագահներն են առաջարկել Կրակովում և քննարկվելու է ընտրություններից հետո: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ռասիմ Մուսաբեկովն ասել է, որ ըստ այդ պլանի՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանապարհային քարտեզ են ստորագրելու: Հայաստանը հանձնում է 7 շրջան Ադրբեջանի «զիջումների» դիմաց: 1-2 շրջան Թուրքիայով ու Նախիջևանով հաղորդակցությունը բացելու համար, ևս մի քանի շրջան` և Բաքուն Ղարաբաղին թույլ է տալիս օգտվել օդային տրանսպորտից ու «ինքնավար» հարկային համակարգ ստեղծել: Բոլոր շրջանների հանձնումից հետո Ադրբեջանը կարող է քննարկել Ղարաբաղի «անջատման» հարցը: Սա` Մյունխենից առաջ էր: Մյունխենում ՀՀ նախագահին նաև հարցեր էին տալիս` եվրոպացիներն ու ադրբեջանցիները: Սադի Ջաֆարովը` Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարը, ելույթ-հարցը եզրափակեց հռետորական` «Ե՞րբ ես կվերադառնամ իմ տուն» և ստացավ պատասխան. «Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից»: Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ ղարաբաղցիների քաղաքակիրթ հանրաքվեից հետո Բաքուն որոշեց զենքով խեղդել օրինական պահանջը, իսկ եվրոպական բոլոր կառույցները դրական վերաբերվեցին և ընդունեցին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնորոշվի:

«Երևանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, որ, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»` ասաց Սերժ Սարգսյանը: «Եվրասիա» խմբի նախագահ Յան Բրեմերի հարցին ի պատասխան ՀՀ նախագահը հիշեցրեց. «Ադրբեջանի ինքնահանգստացումները, որ Հայաստանը մեկուսացված է, միֆ է: Եթե Հայաստանը մեկուսացած լիներ, չէր ունենա ավելի մեծ միջին աշխատավարձ, քան Ադրբեջանը՝ ունենալով այդքան նավթ, գազ»: Սա ավելի շատ պատասխան էր Ալիևին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ինչո՞վ էր Մյունխենի անվտանգության համաժողովը կարևոր Հայաստանի համար:
Սերժ Սարգսյանը հանրայնացրեց Ալիևի սպառնալիքները և հիշեցրեց միջազգային լռության վտանգավորությունը, ներկայացրեց ԼՂ հարցում Հայաստանի տեսակետը, հայ-թուրքական հարաբերությունների չկայացման պատճառները: Փաստացի` նա Մյունխենում կրկնեց ՀՀ արտաքին քաղաքականության անցած 10-ամյակի ուղենիշները և արձանագրեց, որ փոփոխություններ չեն լինելու: Իսկ աշխարհը սրընթաց փոխվում է` հավատարմությունը հին սկզբունքներին կայունության ու անվտանգության երաշխիք չէ: Հայաստանը գերտերությունների շահերի բախման կենտրոնում է ու առաջինն է զգում մրցակցության հետևանքները: Եթե չկա միջազգային նորմերի պաշտպանության գլոբալ երաշխավոր, Բաքուն կարող է սահմաններն ընդարձակել՝ առանց պատժից վախենալու: Երբ միջազգային համակարգերը չեն գործում, Մադրիդյան սկզբունքները դառնում են հին աշխարհակարգի ժամանակավրեպ արտադրանք: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը պարտավոր է ռեալ գնահատել ռիսկերն ու օգտագործել նոր հնարավորությունները: Այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը, գիտեն բոլորը: Այլ հարց է` ընդունում են, թե ոչ: Մյունխենում պետք է բարձրաձայնվեր` Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյության վտանգվածությունը և կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրը, որը փոխում է կոնֆլիկտի կարգավորման սկզբունքները:

Ի վերջո, եթե ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնելու համար, պետք է առաջարկի հարցի լուծման իր տարբերակը, և դա ևս պետք է բարձրաձայնվի: Հայաստանը գերտերությունների հակասությունների պատանդը չէ և պարտավոր չէ անվտանգությամբ հատուցել: ՈՒ դա ևս` դիվանագիտական փաթեթավորմամբ, պետք է Մյունխենում հնչեր: Մերձավոր Արևելքի գլխապտույտ իրադարձությունները չեն կարող հետևանքներ չունենալ մեր տարածաշրջանի համար: Սիրիայի հնարավոր մասնատման քաղաքականության ալիքը սահմաններ կարող է փոխել, այդ թվում` մեր հարևանների: Պատրա՞ստ ենք մենք մեր սահմանների պաշտպանությանը: Մյունխենը բոլոր հարցերի լուծման հարթակը չէ, հարկավ: Բայց այսօր հարցեր բարձրացնելը նպաստում է վաղվա լուծումներին: Պետք չէ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի տարում միջազգային հանրությանը ներկայանալ վիճակն արձանագրողի հայեցողական դերով, խաղացող է պետք դառնալ: Փոքր, բայց անկախ ու վճռական, որ քեզ հետ հաշվի նստեն ու քո շահը չոտնահարեն: 100 տարի և ավելի անիմաստ է արդարություն որոնել աշխարհում, աշխարհը գնահատում է ուժը, կամքը, խելքը: Մնացածն ընթացիկ քաղաքականություն է` ընթացիկ արդյունքներով ու հետևանքներով` Մյունխենում ու ամենուր:

Դիտվել է՝ 2335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ