Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թուրք-սիրիական պատերա՞զմ Սիրիայում

Թուրք-սիրիական պատերա՞զմ Սիրիայում
21.02.2018 | 10:04

Որքան էլ տարօրինակ է, ԻՊ-ի դեմ պատերազմն ավարտելու և Սիրիայում կայունացում սկսելու մեծագույն խոչընդոտը ԱՄՆ-ի ենթադրյալ բարեկամ ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է` The Washington Post-ում գրում է Դևիդ Իգնատիուսը: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերջին փորձն արեց խաղաղեցնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Անկարայում երեքժամյա հանդիպման ժամանակ: «ԱՄՆ-ի նպատակը Էրդողանի «այո»-ն ստանալն է»` ասում է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Այդ նպատակով ԱՄՆ-ը ստեղծել է թուրքերին խաղաղեցնելու փորձարարական փաթեթ` առաջարկելով նրանց բուֆերային գոտի դեպի Աֆրինի քրդական անկլավ, համատեղ թուրք-ամերիկյան պարեկություն Մանբիջի շրջանում, որտեղ Էրդողանը սպառնում է «օսմանական հարված» հասցնել, եթե ԱՄՆ-ի զորքերը այնտեղից դուրս չգան և ԱՄՆ-ի կապերի աստիճանական խզում քրդական աշխարհազորի հետ, որին Էրդողանն ատում է: Սիրիայում ստեղծվել է քաոտիկ ռազմական վիճակ: Ելքը աստիճանական, համբերատար առաջընթացն է անվճռական ժնևյան բանակցություններում` նպատակ ունենալով ընդլայնել իշխանությունն ու ազդեցությունը, կուլ տալ դառը հաբը և համագործակցել Ռուսաստանի ու սիրիական վարչակարգի հետ: Ռուսաստանը այս ամիս քայլ առաջ արեց` ստեղծելով սիրիական նոր սահմանադրության նախագիծ, որը սահմանափակ ինքնավարություն է տալիս քրդական շրջաններին ապակենտրոնացած սիրիական պետությունում: Ռուսական նախագիծը կտաներ քրդական ու արաբական պահանջների հաշտեցման, և ԱՄՆ-ի որոշ պաշտոնյաներ այդտեղ տեսնում են լուրջ բանակցությունների հիմք: Սակայն մյուսները գտնում են, որ Ռուսաստանը միայն օգտագործում է դա սեփական շահերն ու Իրանի շահերը առաջ մղելու համար: Սիրիական քաոսի վերջին փուլի առանցքային խնդիրը` ԱՄՆ-ը ունի ուժեղագույն բանակ, բայց չգիտի` ի՞նչ է ուզում քաղաքական առումով: Թուրքիան իրեն կոտորում է, ԱՄՆ աջակցությունն է պահանջում, բայց նրա ուժերը չեն բավականացնում կայունացնելու շրջանները, որ ուզում է վերահսկել: Ռուսաստանը դիվանագիտական ղեկը ձեռքին է պահում, բայց չունի ուղևորների վստահությունը և բավարար վառելիք` տեղ հասցնելու համար: Կարելի է մտովի պատկերացնել` ի՞նչ կլինի, եթե ազատ արձակվեն քրդերի ղեկավարած «Սիրիական դեմոկրատական ուժերը», ինչպես Թուրքիան է ուզում: Ոչ: Դա կստեղծի իշխանության վակուում և ավելի մեծ անկայություն: Փախարենը նրանք պետք է դառնան սիրիական նոր ազգային բանակի մաս` համագործակցելով Դամասկոսի, Վաշինգտոնի, Մոսկվայի ու նույնիսկ Անկարայի հետ:
Դևիդ Իգնատիուս, The Washington Post


Հ.Գ. Երբ Դևիդ Իգնատիուսը գրում էր այս տողերը, չէր սպասում երևի, որ Սիրիայում կսկսվի նոր պատերազմ` թուրք-սիրիական: Փաստացի` Թուրքիան համարում է, որ Աֆրինն իրենն է ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարում է, որ Անկարան դեմ չէ սիրիական կառավարության զորքերի Աֆրին մուտք գործելուն, եթե նրանք պայքարեն ահաբեկչության դեմ: Ստացվում է` Անկարան է վճռում, թե իր երկրում Ասադն ի՞նչ անի: «Եթե Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի համար են սիրիական ուժերը Աֆրին մտնում, մենք որևէ խնդիր չենք տեսնում: Բայց եթե Սիրիայի ազգային ինքնապաշտպանական զորքերի պաշտպանության համար են, թուրքական զորքերին ոչ ոք չի կարող կանգնեցնել»` հայտարարել է Չավուշօղլուն: Թեպետ ռուսական աղբյուրները լռեցին, թուրքական NTV հեռուստաալիքը տեղեկացրեց, որ Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է, որ սիրիական բանակը չպետք է մտնի Աֆրին, հակառակ դեպքում՝ ոչ ցանկալի հետևանքներ կլինեն: NTV-ն պնդում է, Պուտինը ըմբռնումով է մոտենում նրա պահանջին: Էրդողանը հեռախոսել է և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ` հայտնում է «Անադոլուն»: Նրանք քննարկել են իրադրությունը Սիրիայում, Աֆրինի և Իդլիբի շրջաններում, անդրադարձել են սիրիական խնդրի լուծման ջանքերին: Էրդողանն ընդգծել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությունը: Ակնհայտորեն այս երկու զրույցները ցանկալի արդյունքը չեն ունեցել, և Էրդողանը հեռախոսել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի հետ` հայտնում է «Անադոլուն»: Կողմերն անդրադարձել Սիրիայի զարգացումներին, թուրքական զինուժի «Ձիթենու ճյուղ» գործողությանը Աֆրինում: Էրդողանն ու Սալմանը կարևորել են սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:

Այսինքն` Էրդողանը Սաուդյան Արաբիային է փորձում կռվի մեջ ներքաշել: Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հերքել է լուրերը, թե սիրիական բանակը կմտնի Աֆրինի շրջան՝ աջակցելու քրդական զինված ջոկատներին. «Եթե սիրիական բանակը մուտք գործի Աֆրին՝ հետևանքը ծանր կլինի և Սիրիայի, և Թուրքիայի, և տարածաշրջանի համար»:


Աֆրինի քրդական ջոկատները, որ նախկինում պայքարել են Ասադի դեմ, համաձայնության են եկել իշխանությունների հետ և սիրիական բանակը պատրաստվում է մտնել Աֆրին: Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զինված ջոկատների դեմ: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման ցամաքում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը: Կային տեղեկություններ, որ Ասադը համաձայնել է թուրքերի Աֆրին մտնելուն, որովհետև Էրդողանը խոստացել է «Ձիթենու ճյուղի» ավարտին հեռանալ Սիրիայի տարածքից: Ակնհայտորեն` Էրդողանը կամ ստել է սկզբում, կամ` փոխել է միտքը: Գուցե Անկարայում Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո: Եվ հիմա Ասադին մնում է իր զորքերը ուղղել Աֆրին` թուրքերից ազատագրելու համար` օգտագործելով քրդերին: Սա հերթական, ոչ անսպասելի շրջադարձն է սիրիական պատերազմում, որտեղ բոլորը կռվում են բոլորի դեմ և ոչ ոք չի կարող ստույգ ասել` ո՞վ է իր դաշնակիցը, ո՞վ` հակառակորդը: Լուծումները իրավիճակային են ու արագ փոփոխվող: Ու՞մ հետ է բանակցել Բաշար Ասադը նման որոշում ընդունելուց առաջ` հրապարակային տեղեկություններ չկան:

Պարզ է, որ առանց դաշնակիցներ ապահովելու` Սիրիայի նախագահը թուրքերի դեմ պատերազմի չէր գնա: Փետրվարի 21-ին հաղորդվեց, որ Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են քրդաբնակ Աֆրինի շրջան: Քրդերի «Ժողովրդական պաշտպանության ուժերը» երեկ հայտարարել էին, որ Սիրիայի կառավարությունը զինվորական ստորաբաժանումներ է ուղարկել Աֆրին, որ պետք է տեղակայվեն Թուրքիայի հետ սահմանին և հետ մղեն թուրքական բանակի հարձակումը: Թուրքական ուժերն ի պատասխան ռմբակոծել են Սիրիայի կառավարամետ ուժերին Աֆրինում: «Անադոլուի» հաղորդմամբ, սիրիական ուժերը հետ են քաշվել նախազգուշացնող կրակոցներից հետո: Ըստ սիրիացի ակտիվիստների, թուրքական բանակը և Անկարայի աջակցությունը վայելող ապստամբները 40 գյուղ են գրավել Աֆրինում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի հյուսիսի Աֆրին շրջանում շարունակվող ռազմական գործողությունը: «Պետք է անհապաղ դադարեցնել այդ ռազմական գործողությունները: Որքան շատ զինված բախում, այդքան նվազում է օգնության կարիք ունեցող մարդկանց հասանելիության հնարավորությունը: Աֆրինում կամ Արևելյան Դուտայում այդ ռազմական գործողությունների պատճառով մարդիկ լքում են իրենց տները, ամեն անցնող օր իր հետ նոր ցավ է բերում»,- ասել է Դյուժարիկը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ