Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էրդողանը կխաղարկի ԱՄՆ-ի հետ դիմակայությունը, իսկ հետո՞

Էրդողանը կխաղարկի ԱՄՆ-ի հետ դիմակայությունը, իսկ հետո՞
25.03.2018 | 11:20

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Թուրքիայի կառավարությունը շատ սերտ հարաբեություններ սկսեց ԱՄՆ-ի հետ: Սկսած ռազմական արդյունաբերության հարցերից մինչև տեխնոլոգիաների փոխանցում: Բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգանում էր ու հասավ ռազմավարական գործընկերության: Վերջին 5 տարիներին հարաբերությունները սկսեցին վատանալ, մեծանում է Անկարայի ու Վաշինգտոնի միջև լարումը: Փորձագետները փորձում են հասկանալ` ինչու՞ է Թուրքիան փոխում ամերիկյան վեկտորը:

Տարակարծությունները վերաճել են բացահայտ թշնամանքի: Էրդողանի բացասական վերաբերմունքն ունի անձնական պատճառներ: Հաշվի առնելով 2013-ի դեկտեմբերի 17-25-ի կոռուպցիոն սկանդալից հետո հարկադրյալ ձևավորված ալյանսը «խորքային պետության» հետ, ամերիկյան դատարանում ծայրահեղ ռիսկային իրավիճակը Ռեզա Զարաբի հետ և պատժամիջոցների պատճառով հնարավոր տնտեսական ճգնաժամը, անհրաժեշտ է քավության նոխազ գտնել: Այդ պատճառով Էրդողանը չկարողացավ դիմակայել եվրասիական «խորքային պետության» խնամակալող ռեժիմը վերականգնելու ձգտումներին: Դա սեփական իշխանությունը պաշտպանելու ու գերագույն դատարանից ազատվելու միակ միջոցն էր: Եվրասիական «խորքային կառույցը» 2000-ականների սկզբից էր որոնում հնարավորություններ` վետո դնելու իրավունք ստանալու ռազմական ու բյուրոկրատական ապարատի վճիռներին (այսինքն` խնամակալության կառույց ստեղծելու): Այդ պատճառով պետք էր հեռանալ ԱՄՆ-ից ու Եվրոպայից: 2013-ի դեկտեմբերի 17-25-ի կոռուպցիոն սկանդալից հետո Էրդողանը հեռացավ քրդական հարցի կարգավորումից, որ նրան կախյալ դարձրեց «խորքային պետությունից» և հուլիսի 15-ին բազմապատկեց իր ուժերը ու «քաղաքական հետադիմության դեմ» պայքարի կարգախոսի (Էրդողանի օգնությամբ) հարցերը լուծեց երկրորդ թիրախի` «Հիզմեթ» շարժման հետ, որ ազնվություն ու արդարություն էր ջատագովում: «Խորքային պետությունը» հասավ ցանկացածին` չկեղտոտելով ձեռքերը: Չեզոքացվեցին քրդական քաղաքական շարժումն ու աջ հասարակական «Հիզմեթ» կազմակերպությունը: Նրանց հետ, բռնաճնշումային քաղաքականությամբ պետական հեղաշրջման խաղարկված փորձից հետո, հեռացվեցին լիբերալները, սոցիալիստները, ալևիները, գիտնականները, լրագրողները, գրողները` բոլորը, որ կարող էին քննադատել իշխանությանը:


Թուրքիան փաստացի դադարեցրել է համագործակցությունը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ: Հետայսու Վաշինգտոնն Անկարայի թշնամին է: Թուրքիայի կառավարությունը, ինչպես քարոզչամեքենա, չի երկյուղում դա հայտարարել ամեն պատեհ ու անպատեհ առիթով և տրամադրում է հասարակությանը այրել ամերիկացիների հետ բոլոր կամուրջները: Կարելի է մնալ ձևականորեն ՆԱՏՕ-ի անդամ ու խոսքով հայտարարել գործընկերություն, որ իրականում չկա: Համաշխարհային ԶԼՄ-ները նշում են, որ մեծանում է ԱՄՆ բանակի հետ դեմ առ դեմ բախվելու վտանգը: Այդ վտանգի վրա ուշադրություն են հրավիրում ԱՄՆ-ի զինվորականներն ու քաղաքական պաշտոնյաները: Թուրքիայում տիրում է «կճնշենք ու չենք նայի» տրամադրություն, որ քիչ հավանական ու ոչ խելամիտ է:


1990-ականներին պետությունը, որ ընդունեց Poised Hammer-ը Provide Comfort գործողության ժամանակ, որը քրդերին թույլ տվեց իրենց տարածքով թռիչքների համար արգելված գոտի անցկացնել, որ Վաշինգտոնի ու դաշնակիցների օդային ուժերի հետ համատեղ էր գործում, Թուրքիան էր: Թուրքիան, ոչ թե այլ երկիր: Անկարան, ոչ թե այլ երկիր համաձայնեց ամերիկացիների հետ համատեղ Սիրիայի հյուսիսում քրդերի համար անվտանգության գոտու ստեղծմանը և ԱՄՆ-ին թույլ տվեց վերահսկել օդային տարածքը: Ի՞նչ է փոխվել: Ինչու՞ է Թուրքիան ԱՄՆ-ին համարում իր թշնամին: Զենքի՞ պատճառով, որ ԱՄՆ-ը մատակարարել է «Դեմոկրատական միությանը»: Բայց Անկարա՞ն չէր բացել իր սահմանները Իրաքյան Քրդստանի ուժերի` փեշմերգայի առաջ, նրանց Հյուսիսային Սիրիա` «Դեմոկրատական միությանը» ուղարկելու իր տարածքով, երբ նրանք ցանկացան իրենց վերահսկողության տակ վերցնել Քոբանին: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և անվտանգությունը սահմանվում են Էրդողանի և նրա մերձավորների շահերի հիման վրա` հիմքում չունենալով աշխարհաքաղաքական կամ ուժային հավասարակշռությունը: Հենց այդ պատճառով երկրի քաղաքականությունը, որը չգիտի` ի՞նչ է ուզում ու ու՞ր է ձգտում, մշտապես փոփոխվում է: Աշխարհաքաղաքական պայմանները նույնն են մնում: Փոխվում են արտաքին քաղաքական շահերը, անվտանգության ակնկալիքները: Համաշխարհային տերություններն արդեն պատրաստ են իրենց օգուտները քաղել Թուրքիայի թուլությունից: Ճիշտ այնպես` ինչպես եղավ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ Առաջին աշխարհամարտից հետո: Իշխողների համար, որ կենտրոնացած են սեփական իշխանության պահպանման վրա, դա նշանակություն չունի: Նա, ով գնում է Վատիկան, հանդիպում է Հռոմի պապին ու խաղում է կես միլիարդ մուսուլանների ներկայացուցչի դերը, ուզում է միայն ծափեր լսել, ժողովրդին բթացնելով ներքին քաղաքականության պատրանքով: Այս պայմաններում Թուրքիան ապրում է Մերձավոր Արևելքով իր «հիվանդությունը»: Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները մի փուլում են, երբ արդեն հնարավոր չէ ոչինչ «նորոգել»: Հիմա «ընդհանուր արժեքներին» փոխարինել են «համանման շահերով երկու երկրները»: Թուրքիան ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մի փուլում է, երբ խոսում են «թեժ կոնֆլիկտների» սցենարների մասին: Աֆրինի գործողության պատճառով այդ հարաբերություններն ավելի վատացան: Լարումը ավելի կմեծանա: Անկարան ցանկանում է, որ Վաշինգտոնն իր զորքերը հանի Մանբիջից: ԱՄՆ-ը հայտարարել է, որ «երկար է մնալու Սիրիայում ու չի հեռանա Մանբիջից»: ԱՄՆ-ն իր դիրքորոշումները չի փոխում: ԱՄՆ-ի հասարակությունն աջակցում է քրդերին: ԱՄՆ-ի ԶԼՄ-ների նորությունների մեծ մասը պատմում է «քաղաքացիական բնակչության զոհերի մասին» և շեշտում, որ «Թուրքիայի պայքարը ԻՊ-ի դեմ վնասներ է բերում»: Եվս մեկ թեմա է Էրդողանի մերձենալը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ԱՄՆ-ը կարծում է, որ Աֆրինի գործողությունն ավելի շատ ուղղված է ներքին քաղաքականությանը: Հնարավոր արտահերթ ընտրությունների ենթադրություններ կան: Էրդողանը, որ այդ ընտրությունները կյանքի ու մահվան հարց է դիտարկում, ծրագրում է ձայներ հավաքել ԱՄՆ-ին դիմակայության վրա: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է Վաշինգտոնին դատի տալ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» ուղարկված զենքի համար: Կառավարամետ ԶԼՄ-ները պսպղում են հակաամերիկյան հռետորաբանությամբ: Անկարան լարումն ավելացնում է 2 պատճառով: Առաջինն Էրդողանի «անձնական» հաշիվներն են: Զարաբն ու նրա համագործակցությունը դատախազի հետ, որ շատ է ցանկանում իրեն հայտնի տեղեկությունը բարձրաձայնել: Երկրորդ պատճառը նշել են քրդական աղբյուրները (հաճախ էր հայտարարում Սալիհ Մյուսլիմը)` «Բոլոր ապացույցները, որ կարող են Էրդողանին միջազգային դատարաններ տանել, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ձեռքում են»: Սիրիայի ազատ բանակի (կամ այլ խմբավորումներում հավաքված օտարերկրացի զինյալների) գերի ընկած մարտիկները կարող են որոշ տեղեկություններ փոխանցել, որ Անկարային դժվար դրության մեջ կդնեն: Ոչ մի երաշխիք չկա, որ Սիրիայի ազատ բանակի կամ Սիրիայի հետ կապված այլ փաստաթղթեր ապագայում չեն հրապարակվի: Այս պահին քաղաքական կոնյունկտուրան կարող է Էրդողանի օգտին լինել, բայց պետք չէ մոռանալ, որ «դաշնակիցներն ու թշնամիները» մեր աշխարհագրության մեջ շատ արագ են փոխում տեղերը: Թեպետ Անկարայի ու Վաշինգտոնի լարումն այնպիսին է, որ թվում է համագործակցությունը ուր որ է կխզվի, մենք բազմիցս ենք ականատես եղել, որ Էրդողանը հանկարծ 180 աստիճանով շրջվել է: Այդ պատճառով թշնամանքը շատ արագ կարող է փոխվել բարեկամության:
Արիֆ ԱՍԱԼԻՕՂԼՈՒ, REGNUM


Հ.Գ. ԱՄՆ-ը փակել է Էրդողանի 15 թիկնապահների նկատմամբ հարուցված քրեական գործը` պահելով երեքին ռեզերվում: Դոնալդ Թրամփը զանգահարեց Պուտինին ու բացի շնորհավորանքից` անձնական հանդիպման առաջարկ արեց, որին Պուտինը սպասում էր Թրամփի պաշտոնակալության առաջին օրից: Եվս մի քանի նման քայլ և ընդդեմ ԱՄՆ-ի ռուս-թուրքական բարեկամությունից ի՞նչ կմնա: Հավելեք, որ ԵՄ-ն էլ մի քանի ընդառաջ քայլեր անի Անկարային, ասենք, վիզաների ազատականացման հարցում և 180 աստիճանով շրջադարձը շատ հավանական է: Դեռ անցյալ տարի էր նկատելի, որ Էրդողանը կարող է արտահերթ նախագահական ընտրությունների գնալ: Իսկ հիմա առավել քան ակնհայտ է` մինչև Թուրքիայում իրավիճակը չկարգավորվի, սիրիական պատերազմը չի ավարտվի: Տարածաշրջանի ապակայունացման ու պատերազմների ամբողջ պատասխանատուն դարձել է Էրդողանը, որ մի կողմից ուզում է կենտրոնացնել իշխանությունը իր ձեռքում, մյուս կողմից` վերականգնել Օսմանյան կայսրության ավանդույթները: Հնարավորության դեպքում` տարածքները: Սա է անթաքույց իրականությունը: Ո՞վ է ում օգտագործում` Պուտի՞նը Էրդողանին, թե՞ Էրդողանը Պուտինին, իրավիճակն է թելադրում: Եվ այդ խաղում ոչ ոք երաշխիքներ չունի, որ հաղթաթղթերն իր ձեռքում են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ