Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էրդողանը չի ցանկանում կորցնել Պուտինի քաղաքական վստահությունը

Էրդողանը չի ցանկանում կորցնել Պուտինի քաղաքական վստահությունը
29.03.2018 | 23:15

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Մոսկվայի դեմ որևէ քայլ ձեռնարկել Սկրիպալի գործով: Նրա խոսքով` «նախկին գործակալի հետ կապված ճգնաժամը վերաբերում է Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի հարաբերություններին» և «նրանք պետք է իրար հետ հարցը լուծեն»: Իսկ Թուրքիան «լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ»: Այս պատասխանն է ստացել բրիտանացի դեսպան Դոմինիկ Չիլկոտը Սոլսբերիի միջադեպում համերաշխություն դրսևորելու կոչին: «Եթե Թուրքիայի կառավարությունը ցանկանում է որևէ հրապարակային հայտարարություն անել կամ աջակցել դատապարտող գործողություններին ՆԱՏՕ-ում կամ ցանկացած այլ հարթակի վրա, օրինակ ՄԱԿ-ում, մենք, իհարկե, այդ քայլը կողջունենք»` ասել է Չիլկոտը:

Անկարան մինչ այդ էլ դեմ էր ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հակառուսական նոր պատժամիջոցներին: ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասում էր` «այդ պատժամիջոցները վնասում են ազգային տնտեսությանը»: Թուրքիան չի ցանկանում «ջրասույզ լինել» փոխադարձ պատժամիջոցների շրջապտույտում, որ օգտագործում են ԱՄՆ-ն ու ԵՄ-ը ՌԴ-ի դեմ` ընդգծում էր Չավուշօղլուն: Այդ պատճառով Անկարան «հետևողականորեն կողմ է այդ հարցում բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսության»: Գնահատելու համար Թուրքիայի այդ քայլի նշանակությունը, բավարար է հիշել, որ Մեծ Բրիտանիան Գերմանիայից հետո Անկարայի երկրորդ առևտրական գործընկերն է: Բայց կա և քաղաքական ու աշխարհաքաղաքական լուրջ բաղադրիչ: Երկու երկրների նախագահները հավասարապես, բայց տարբեր պատճառներով, ենթարկվում են Արևմուտքի աննախադեպ տեղեկատվական-քաղաքական հարձակմանը: Նրանք ունեն կարևոր ընդհանրություն` ինչպես քանիցս եղել է պատմության մեջ, Թուրքիան ու Ռուսաստանը միաժամանակ սկսել են մոդեռնացումը: Թուրքիայի Milli Gazete-ը գրում է, որ երբ 2001-ի նոյեմբերի 16-ին 2 երկրները ստորագրեցին «Թուրքիայի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության համագործակցության գործողությունների ծրագիրը Եվրասիայում` երկկողմ համագործակցությունից բազմակողմ գործընկերություն», պարզ դարձավ, որ «այդ համաձայնագրի կատարումը սկսեց աստիճանաբար ձախողել ամերիկյան ծրագրերը Միջին Ասիա-Կովկաս-Սև ծով առանցքի շուրջ», իսկ հետագայում «ցույց տվեց իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, նախ և առաջ` Սիրիայում»:

Milli Gazete-ի կարծիքով` «ԱՄՆ-ի ջախջախիչ պարտությունների հիմքում Իրաքում ու Սիրիայում հենց այս փաստաթուղթն է»: Ճիշտ է` հետո բազում իրադարձություններ եղան` Անկարայի ներգրավվելն արաբական գարնան մեջ, սիրիական ճգնաժամը, ԻՊ-ը, թուրքերը խփեցին ռուսական ինքնաթիռը, ՌԴ դեսպանի սպանությունը, դժվար հաշտությունը: Վերջապես` 2016-ի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձը Թուրքիայում, երբ Մոսկվան աջակցեց Անկարային, մինչդեռ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները սպասողական դիրքում էին: Թուրք շատ փորձագետներ հիմա բացահայտ գրում են, որ երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերի հետևում արևմտյան հատուկ ծառայություններին էին, ներառյալ` բրիտանական: «Ամեն անգամ, երբ խոսվում է թուրք-ռուսական որևէ քաղաքականության մասին` հակառակ ատլանտյան կամ անգլոսաքսոնական աշխարհի, Թուրքիան ու թուրքական քաղաքական կյանքը ուղղակի կամ անուղղակի դրսի միջամտությանն էին ենթարկվում,- գրում է Milli Gazete-ն:- Այդ միջամտությունը կատարվում էր նամակի միջոցով, կամ գործի էին դրվում տանկերը, քաղաքական գործիչների մահապատիժները, չբացահատված սպանությունները»:

Բացի դրանից` սիրիական ճգնաժամի զարգացման ընթացքում, ինչպես ասում էր Անվտանգության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Թունջեր Կալինչը, Անկարան «նվազագույն օգնություն չստացավ ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից: Պետք է գտնել այնպիսի բանաձև, որ ներառի ՌԴ-ն ու Իրանը»: Դա տեղի ունեցավ սիրիական ուղղությամբ, երբ 3 երկրներ` Մոսկվան, Անկարան, Թեհրանը, ձգտում են իրականացնել Աստանայի պայմանավորվածությունները: Իսկ Վաշինգտոնը չի հրաժարվում սիրիացի քրդերին աջակցությունից, որ նվազագույնի է հանգեցնում ամերիկացիների ձգտումները խախտել «Թուրքիայի ու Ռուսաստանի հավասարակշռությունը մրցակցության կամ թշնամանքի կողմը, երբ նշված է ամերիկաթուրքական հարաբերությունների խզման խորքը և ուրվագծված են արևմտյան ազդեցության սահմանները այդ երկրի վրա»:


Արևմուտքի հետ համերաշխության դրսևորումից Անկարայի հրաժարվելը թուրքերի աչքում ընդգծում է, որ իշխանությունը վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն, երբ երկրում հակաարևմտյան տրամադրությունների վերելք է, իսկ Էրդողանը հույսեր է կապում ազգայնականների հետ առաջիկա նախագահական ընտրություններում: Միաժամանակ` նախագահը հավատարիմ է ՌԴ նախագահի հետ ալյանսին: Թուրքիան հասկանում է, որ Արևմուտքը դեռ պատրաստ չէ իրեն զոհաբերել ու վտանգել ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան ուղղությունը: Բացի այդ` Անկարան, չլինելով ԵՄ անդամ, պարտավոր չէ հետևել հակառուսական պատժամիջոցներին, երբ ՆԱՏՕ-ն լռում է: Թեպետ բրիտանացի փորձագետ Սայմոն ՈՒոլդմանը իսրայելական Haaretz-ում գրում է. «Թուրքիայի ու Արևմուտքի ռազմավարական շահերը տրամագծորեն հակառակ ուղղություններ ունեն»: Թուրքիայի ռազմաօդային պաշտպանության պաշտոնաթող գեներալ-մայոր Բեյազետ Քարատաշը կարծում է, որ «ԱՄՆ-ը այլևս գերտերություն չէ ռեսուրսների տեսակետից կոնվենցիոնալ զինատեսակների ոլորտում»:

Այսինքն` ամերիկացիները «ստիպված են կոալիցիաներ ստեղծել, որ ռազմական միջամտություն իրականացնեն Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում կամ աշխարհի որևէ այլ կետում»: Բոլոր դեպքերում Անկարան իր քայլն արել է` ցույց տալով, որ այս պահին պատրաստ չէ կորցնել Ռուսաստանի քաղաքական վստահությունը: Դա հարգանք է հարուցում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Այո, «մեծ հարգանք» է հարուցում, հատկապես երբ ՆԱՏՕ-ն ևս ռուս դիվանագետների է արտաքսում՝ ի պատասխան Սկրիպալների թունավորման: Ենս Ստոլտենբերգը 7 դիվանագետի է արտաքսելու ռուսական առաքելությունից և մերժելու է ևս 3-ի հավատարմագրումը՝ 30-հոգանոց ռուսական առաքելությունը հասցնելով 20-ի: Իսկ Էրդողանը Վառնայում բանակցում է Տուսկի հետ` ԵՄ անդամակցության հարցով: Բազմավեկտոր ու հարգարժան Էրդողանը, որ Վառնա գնալուց առաջ Անկարայում ասում էր, որ Բրյուսելից պահանջելու է ավարտին հասցնել վիզային ռեժիմի ազատականացումն ու ակտիվացնել անդամակցության բանակցությունները, ասում էր` «ԵՄ-ն պարտականությունները կատարելիս ի ցույց չի դնում նույն անկեղծությունն ու չեզոքությունը, ինչ նրանք տեսնում են թուրքական կողմից», ասում էր` «Թուրքիան արժանի է դառնալ ԵՄ լիիրավ ու հարգարժան անդամ»:

Իսկ Տուսկի հետ հանդիպումից հետո հայտարարում էր` «Հուսով եմ, որ անցյալում ենք թողել դժվարին հարաբերությունների փուլը և արդեն առաջին քայլն ենք արել վստահությունն ամրապնդելու ուղղությամբ», «Թուրքիան ժողովրդավարական երկիր է և պաշտպանում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները», «ԵՄ-ն մեծ սխալ կանի, եթե անտեսի Թուրքիային ընդարձակման ընթացքում: Անկարան անդամակցության շուրջ բանակցություններ է վարում 1963-ից, հիմա 2018-ն է, բայց մենք դեռ մնում ենք թեկնածու երկիր»: Նաև` Անկարան պայքարում է ահաբեկիչների դեմ և այդ պայքարը դադարեցնելու մտադրություն չունի.«Մեր պայքարը նպաստում է ոչ միայն Թուրքիայի և Սիրիայի, այլև ողջ Եվրոպայի անվտանգությանը: Եվ այսպիսի զգայուն հարցում մենք անհարկի քննադատության փոխարեն լուրջ աջակցություն ենք ակնկալում»: Այսինքն` քրդերին կոտորելը բխում է Եվրոպայի անվտանգությունից: Դեմագոգիան Էրդողանի ձեռքում կատարյալ զենք է: Եվ դա գիտեն Պուտինն ու Ռոհանին: Պարզապես հիմա նրանց շահերից է բխում այդ զենքով կրակել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ