Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պուտինի հաղթանակն ու պարտությունը

Պուտինի հաղթանակն ու պարտությունը
29.03.2018 | 23:18

Վլադիմիր Պուտինը վերընտրվեց Ռուսաստանի նախագահ: Նա հասավ ընտրություններին մեծ մասնակցության և ռեկորդային ցուցանիշի` 76 % ձայների, որից զարմացան անգամ Կրեմլում: «Ռուսաստանին նորից հարգում են,- ասում են ռուսաստանցիները:- Ռուսաստանը վերադարձրել է մեծ տերության կարգավիճակը: Փառք Աստծո, մեր երկիրը ժամանակակից Ֆրանսիայի նման չէ, որ բախվել է հեղինակության բացակայությանը, անկարգություններին ու միգրանտների հորձանքին»: Հենց դա է Պուտինի հաղթանակը, բայց հաղթանակի ստվերում նրա պարտությունն է: ՊԱԿ-ի նախկին փոխգնդապետը փորձեց բրիտանական Սոլսբերիում վերացնել փոխանակված նախկին լրտեսին` շարունակելով իշխանությանն անցանկալի բոլոր անձանց սպանության ստալինյան բարի ավանդույթները: Բոլոր մեծ տերությունների հատուկ ծառայությունները ճիշտ նույն կերպ են վարվում անհրաժեշտության դեպքում և Ֆրանսիան բացառություն չէ այդ կանոնից: Խնդիրը չբռնվելն է: Իսկ Պուտինը բռնվեց:

ՊԱԿ-ի (հիմա ԱԴԾ-ի) գործակալները չկարողացան աննկատ գործել: Եվ դա ցավալի է բոլոր տեսակետներից: Մեծ Բրիտանիան աղմկոտ բողոք կազմակերպեց` արևմտյան տերությունների աջակցությամբ: Մենք բոլորս նորից հայտնվեցինք սառը պատերազմի մեջ: Ինքնին դա այնքան էլ սարսափելի չէ և հիանալի կերակրատաշտ է, որից շատերն են պատրաստ ուրախությամբ օգտվել: Սառը պատերազմին հրաշալի պատրաստված են և ռուսական բանակը` իր մեդալներով զարդարված գեներալներով, և ՆԱՏՕ-ն արևմտյան ռազմարդյունաբերական համալիրներում զենքի արտադրության ծավալների մեծացումով: «Սպառազինության մրցավազքը դուրս է գալիս վերահսկողությունից»` վերջերս հայտարարեց Դոնալդ Թրամփը: Այդ դիմակայությունը ձևավորում է գերլարվածության մթնոլորտ, որ վիթխարի ռիսկեր ունի: Այդ մթնոլորտն է պարուրում ծայրահեղ զգայուն գոտիները, որտեղ առանց այդ էլ իսկական պատերազմ է` լինի ՈՒկրաինան, թե Մերձավոր Արևելքը:


Մեղավորը միայն Ռուսաստանը չէ: ՆԱՏՕ-ն հաճախ է իրեն իբրև սադրիչ դրսևորում, իսկ ամբողջ Արևմուտքին պակասում է ողջամտությունը: Ո՞րն է ՈՒկրաինայի ԵՄ-ին միանալու իմաստը` իր թերզարգացած տնտեսությամբ ու կոռումպացված կառավարությամբ: Մեզ քի՞չ են Ռումինիան, Բուլղարիան: Մերձբալթիկան, Հունաստանը: Կամ վաղը գուցե Բելառուսը, Մոլդովան ու Մոնղոլիան, որ անմիջապես ֆինանսական օգնություն կխնդրեն ու պատրաստակամություն կհայտնեն Ստրասբուրգ ուղարկել իրենց պատվիրակություններին` ոչ քիչ ամենամսյա աշխատավարձերով: Գաղտնիք չէ, որ ընդլայնման այդ ախտը ԵՄ-ի գործունակության նվազման պատճառներից մեկն է: Առավել խելամիտ, հեշտ ու արդյունավետ չէ՞ր լինի կանգ առնել 6 հիմնադիրների ու առավելագույնը 8, բայց ոչ 27 պետությունների վրա: Հասկանու՞մ ենք մենք պատասխանատվությունը Մերձավոր Արևելքում, այսինքն` պատերազմների գարնան ու ժողովրդավարության ներմուծմամբ ժողովուրդների մեջ, որոնց կառավարում է տոտալիտար ու այդպես էլ 7-րդ դարում մնացած կրոնը: Մենք այսօր պիտի հետևություններ անենք այդ ռազմավարական սխալների հետևանքներից` խաղաղ բնակչության հարյուր հազարավոր զոհեր, ավերված քաղաքներ ու այնպիսի քաոս, որ պիտի գերմասնագետ լինես, որ գլուխ հանես ռուսների, ամերիկացիների, իսրայելցիների, ֆրանսիացիների, անգլիացիների, թուրքերի, քրդերի, սիրիացիների, մուսուլմանների, քրիստոնյաների, եզդիների խառնիխուռն շահերից: Այդ մշտափոփոխ քաոսում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այլևս թշնամական վերաբերմունք ունի ալյանսի մյուս երկրների նկատմամբ ու դառնում է Պուտինի դաշնակիցը: Նա պետության միակ ղեկավարն էր, որ օգնության ձեռք մեկնեց Արևմուտքից անամոթաբար լքված արևելյան քրիստոնյաներին: Իսկ դա պարզապես զայրացուցիչ էր: Համաշխարհային խճճված գործերուն հատկապես տագնապ է հարուցում առաջնորդի բացակայությունը Արևմուտքում: Ո՞վ կարող է լինել արևմտյան այն ղեկավարը, որ առանձնանում է բոլորի կողմից ընդունված գիտակությամբ, հեղինակությամբ ու իմաստնությամբ: Նման մեկը չկա: Արևմուտքը ղեկավարում են (շատ վատ) կարճատես քաղաքական գործիչները, որ ցուցադրում են սեփական անզորությունն ու անընկալունակությունը պրոբլեմներից առաջ, ում միակ նպատակը իրենց վերընտրությունն ապահովելն է: Նրանց դիմաց ոչ միայն Պուտինն է, այլև Չինաստանի նոր միապետ Սի Ցզինպինը, ում աջ ձեռք Վան Ցիշանը պակաս ուժեղ անհատականություն չէ: Հյուսիսկորեացի ղեկավար Կիմ Չեն Ինը ցույց տվեց, որ կարողանում է գործել ու հաջողության հասնել: Պետությունների այդ հանրագումարը 2 միլիարդ բնակչությամբ ու միջուկային զենքով ունի երրորդ աշխարհի համակրանքը, որ առանձնապես տրամադրված չէ ժամանակին գաղութարար եղած Արևմուտքի նկատմամբ: Առաջին հերթին իսլամիստական Պակիստանը, որ նույնպես ատոմային ռումբ ունի: Այս ամենը ճակատագրական լարումի վտանգ է պարունակում, որ կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, այսինքն` անհավանական զոհերի ու ավերածությունների (նրանք տասնապատիկ ավելին կլինեն Երկրորդ աշխարհամարտի վնասներից):

Հիշենք` ինչպես Իսրայելը 2007-ի սեպտեմբերի 5-ին ռմբակոծեց սիրիական ռեակտորը: Իսրայելցիները հայտարարում են, որ լիովին պատրաստ են հարվածել Իրանին, եթե վստահ լինեն, որ Իրանը հասել է ատոմային ռումբի ստեղծմանը: «Իսրայելը թույլ չի տա միջուկային զենք ունենալ երկրի, որ սպառնում է իր գոյությանը»` հայտարարեց Իսրայելի ԱԳ նախարարը: Ի՞նչ կանի Պուտինը, եթե Իսրայելը սկսի ռմբակոծել Իրանին: Նա սառն ու հաշվենկատ միտք ունի, նրան խորթ է գաղափարախոսության ֆանատիկ պաշտպանությունը, բայց նա ունի սպառնալիքի բարդույթ. ՙԵթե ինձ թվա, որ կոնֆլիկտն անխուսափելի է, ես առաջինը կհարվածեմ»:


Ռեալիզմը, խելամտությունը, համաշխարհային պատերազմների հանցավոր սխալները պետք է արևմտյան ղեկավարությանը դրդեն մի կողմ թողնել քաղաքականություն խաղալն ու նախընտրական մտքիկները և սկսեն գործել իբրև պետական գործիչներ: Ցանկանում ենք, թե ոչ` Ռուսաստանի հետ պետք է խոսել` հենվելով ռեալիզմի, համբերության ու հեռատեսության վրա: Ներկա կոնֆլիկտները հնարավոր է կարգավորել միայն երկխոսությամբ: Խաղաղության համընդհանուր ապահովումը ամենակարևոր հարցն է, որ այսօր պիտի լուծի համաշխարհային ղեկավարությունը:
Լամբեր ՔՐԻՍՏԻԱՆ, Les4vérités, Ֆրանսիա


Հ.Գ. Ֆրանսիայում Եվրոպայի ներկայի ու ապագայի մասին կան այլ տեսակետներ ևս` նվազ հոռետեսական: Սկրիպալների գործին Արևմուտքի արձագանքն աննախադեպ էր իր մասշտաբով ու համակարգվածությամբ` գրում է Le Monde-ը: Le Figaro-ն ընդգծում է, որ փորձելով թուլացնել ու խառնակել ԵՄ-ն` Պուտինը ավելի համերաշխ դարձրեց: ՙՎլադիմիր Պուտինը հիանալի հասկանում է` ինչ է նշանակում հարաբերությունն ուժի դիրքերից: Ռուսաստանի հետ հարաբերությունների ոսկի կանոնն է` թուլության որևէ նշան չցուցաբերել» մեջբերում է Le Figaro-ն անանուն դիվանագետին: Ֆրանսիան, ինչպես Գերմանիան, արտաքսում է երկրում հավատարմագրված 90 դիվանագետներից 4-ին` ռազմական ատաշեին, տնտեսական առաքելության ղեկավարին, Ստրասբուրգի կոնսուլին և Մարսելի հյուպատոսության մի աշխատակցի: Բացահայտված է այդ չորսի հետախուզական գործունեությունը: Le Monde-ը հիշեցնում է, որ դա դիվանագետների ամենամեծ արտաքսումն է 1983-ից հետո, երբ նախագահ Ֆրանսուա Միտերանը վտարեց 47 ռուսների` գերազանցապես դիվանագետների: Նրանց մեղադրեցին ՊԱԿ-ի համար աշխատելու մեջ` ՊԱԿ-ի փոխգնդապետ Վլադիմիր Վետրովի ցուցմունքների հիման վրա, ում արևմտյան հետախուզությունը հավաքագրել էր:

«Ռուսաստանն անցել է կարմիր գիծը»` գրում է Le Figaro-ն: Հունաստանն ու Կիպրոսը չմիացան դիվանագիտական քայլերին, բայց ԵՄ-ն միանշանակ է համարում Ռուսաստանի առնչությունը Սոլսբերիում կատարվածին: Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդգծում է, որ Փարիզը շարունակելու է «պահանջկոտ ու խիստ երկխոսությունը» Մոսկվայի հետ սիրիական ու ուկրաինական կոնֆլիկտների հաղթահարման ուղղությամբ: Էմանուել Մակրոնը մայիսին պիտի մասնակցեր Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին: Այցը կարող է հետաձգվել, նույնիսկ բեկանվել` Le Monde-ի տեղեկություններով: Le Figaro-ն նշում է, որ չնայած պատժամիջոցներին` ֆրանս-ռուսական առևտրական հարաբերությունները վերջին տարիներին աճում են: Մեծ Բրիտանիայի Brexit-ը, Դոնալդ Թրամփի անկանխատեսելիությունը, կառավարական ճգնաժամը Գերմանիայում Էմանուել Մակրոնին դարձրին Արևմուտքի գլխավոր ներկայացուցիչ միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի համար հիմա գլխավորն է հավատարիմ մնալ ավանդական գործընկերներին ու պատմական ալյանսներին` ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ