Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բոլորի պայքարը բոլորի դեմ

Բոլորի պայքարը բոլորի դեմ
25.04.2018 | 19:04

Մինչ քաղաքն աղմկում ու իշխանափոխություն էր պահանջում, «Նորավանք» հիմնադրամում ապրիլի 25-ին կազմակերպվել էր կլոր սեղան` «ԵԱՏՄ. Առաջին երեք տարիների արդյունքները և տեսանելի հեռանկարները» թեմայով, որին հակառակ խցանումներին ու փակ փողոցներին, մասնակցում էին ՌԴ, Բելառուսի ու Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչները, Երևանի պետհամալսարանի Արևելագիտության ֆակուլտետի ուսանողները:

Պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արմեն Մանվելյանի զեկույցի թեման էր «Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու եվրասիական ինտեգրումը` էներգետիկ զարգացման հեռանկարները»: Նրա գնահատականով` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական էֆեկտը հատկապես նկատելի է Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումների մեծացումով` 25%, բայց լիակատար էֆեկտի համար պետք է ԵԱՏՄ երկրներ արտահանել նաև էլեկտրաէներգիա: Տնտեսագետները նշում են, որ ինտեգրման գործընթացների առանցքային նպատակը երկրի մրցունակության բարձրացումն է:

Հատկապես փոքր տնտեսությամբ երկրների համար շատ կարևոր է պատրաստի արտադրանքի արտահանման աճը, որը ավելի մեծ ԱԱՀ ունի: ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծումը էներգետիկայի արտահանման նոր հնարավորություններ է ստեղծում և ոլորտում նոր ներդրումներ կարող է բերել: Այդ հեռանկարը մեծացնում է երկրի մրցունակությունը էներգետիկ ոլորտում, որ դրականորեն կազդի երկրի էներգետիկ անվտանգության բարձրացման վրա:


Իսկ Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրները հատուկ տեղ ունեն ազգային անվտանգության համակարգում: Էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակ պահանջարկը խոչընդոտ է էնեգետիկ շուկայի զարգացման համար: ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը թելադրված էր նաև էներգետիկ խնդիրներով: Հայաստանի առաջ նոր հնարավորություններ են բացվում էներգասպառող երկրից վերածվելու էներգաարտահանող երկրի: Պարոն Մանվելյանը կարծիքով` Հայաստանի, իբրև էներգետիկ սպառողի ինքնաբավությունը չի կարող համարվել ռազմավարական առումով նրա էներգետիկ անվտանգության երաշխիք: Պատճառը էներգիայի պահանջարկի մեծացումն ու նոր տեխնոլոգիաների, ներդրումների պահանջարկի մեծացումն է այդ ոլորտում: Սահմանափակ սպառումը խոչընդոտում է էներգետիկ ոլորտում մեծ ներդրումների ներգրավումը, որովհետև փոքր շուկան ներդրողների համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում` նույնիսկ պետական երաշխիքների առկայությամբ: Մինչդեռ նոր էլեկտրակայանների կառուցման համար Հայաստանին ֆինանսական մեծ ներդրումներ են պետք: Հայաստանը սպառում է 1300 մեգավատ էլէներգիա և արտահանման սահմանափակ հնարավորություններով գրավիչ հարթակ չէ ներդրողների համար, ուստի պետք է կայուն ելք ունենալ մեծ էներգասպառող շուկաներ: ԵԱՏՄ-ին անդամակցումը կարող է նոր շնչռություն բացել էներգետիկ արդյունաբերության համար: Հայաստանը էներգասպառողից կարող է դառնալ էներգաարտահանող: Այդ հեռանկարը փոխում է էներգետիկ ոլորտի դերը տնտեսության ընդհանուր կառուցվածքում` հնարավորություն տալով դառնալ տնտեսական աճի լոկոմոտիվ: Հայաստանի էներգետիկ շահերի առաջմղման համար ԵԱՏՄ էներգետիկ շուկայում կարևոր է էլէներգիայի մրցունակությունը: Մրցակցությունը կարող է դրական ազդել Հայաստանում էլէներգիայի գնի նվազման վրա:


Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գրիգոր Բալասանյանը նախընտրել էր մեկնաբանել «Ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածքում»:


Նա հիշեցրեց, որ «քաղաքակրթություն» հասկացությունը գիտական գրականության մեջ օգտագործվում է հիմնականում երկու նշանակությամբ` «համաշխարհային քաղաքակրթություն»` իբրև մարդկության զարգացման փուլ և «լոկալ քաղաքակրթություն», որ Նիկոլայ Դանիլևսկին բնութագրում է իբրև հասարակության հատուկ «պատմամշակութային տիպ»: Առնոլդ Թոյնբիի կարծիքով` լոկալ քաղաքակրթության էությունը «մարդկանց կայուն հանրությունն է, որ միավորվել են գլխավորապես հոգևոր ավանդույթներով ու տարածքային սահմաններով», Սեմյուել Հանտինգտոնի կարծիքով` «մարդկանց ամենաբարձր մշակութային ընդհանրությունը և մշակութային նույնականացման ամենալայն մակարդակը` բացի նրանից, որ մարդուն բաժանում է կենսաբանական մյուս տեսակներից»: Գրիգոր Բալասանյանի գնահատականով` լոկալ քաղաքակրթությունը ուշադրությունը կենտրոնացնում է մշակութային գործոններին` փաստացի քաղաքակրթությունը նույնացնելով մշակույթի հետ: 2017-ը բեկումնային տարի դարձավ առաջատար աշխարհաքաղաքական սուբյեկտների համար` ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի: 2017-ի նորությունը փաստն էր, որ 5-6 քաղաքակրթությունների տնտեսական չափումը դարձավ տարադրամային գոտի ձևավորելու նրանց ունակությունը: Դոլարի, եվրոյի, յուանի, իենի ու ռուբլու գոտիները հիպոթետիկ պետք է համընկնեն սուբգլոբալ քաղաքակրթությունների հետ: Այսինքն` եվրասիական քաղաքակրթության սահմանները պետք է համընկնեն եվրասիական դրամական միավորի գործունեության սահմանների հետ: Հետխորհրդային տարածքի նոր պետությունների համար առանցքային հասկացություն է իրենց ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ազգային շահը, բայց պետք է հասկանալ իմաստը և տարբերակել կոնկրետ քաղաքական լուծումներում ազգային, հակազգային ու կեղծազգային շահերը, որ ինտեգրման գործընթացներում հասկացվի ազգայինի ու վերազգայինի չափը: Եվրաինտեգրումը կարող է վերազգային լինել ձևով, բայց հակաազգային բովանդակությամբ` խոսքը սեփական քաղաքակրթության սահմաններից դուրս գալու մասին է: Շատ դժվար է միաժամանակ երկու քաղաքակրթություններում լինել:


«Նորավանք» հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց եվրասիականության հայեցակարգային հիմքերը` եվրասիական ինտեգրումը իբրև տարածաշրջանային մեգանախագիծ: Եվրասիականության հայեցակարգի պատմությունը հիշեցնելուց հետո պարոն Հարությունյանը անցավ անցած դարի 90-ականներին և հասավ մեր օրերին: Նա նշեց, որ միաբևեռ աշխարհակարգի դեպքում ամեն ինչ ենթարկվում է միասնական կենտրոնին, որը թելադրում է խաղի կանոնները իր գաղափարական, քաղաքական ու տնտեսական պատկերացումների համաձայն: Այդ դեպքում լիովին անտեսվում են այլ երկրների շահերը: Եվրասիական գաղափարներին հակված վերլուծաբանները անհամբեր սպասում էին այն ժամանակներին, երբ աշխարհը կդառնա բազմաբևեռ, իսկ ժողովուրդները կսկսեն զարգանալ իրենց քաղաքակրթական ավանդույթների ու գաղափարական պատկերացումների համապատասխան:

Նրա կարծիքով` միակենտրոն համակարգից բազմակենտրոնին անցումը քաոտիկ է: Սկզբում թվում էր, որ դրանք անցումային շրջանի «արատներն» են, բայց գործընթացը դժվարացել է և շատերն են հիմա ասում, որ քաոսը դեռ երկար կտևի: Ժամանակակից իրականությունը բարդացնում է կանխատեսել այն իրականության բնութագրիչները, որ գալու է քաոսից հետո: Արդյունք ունենալու համար պետք է համարժեք ընկալել կատարվողը և վերաիմաստավորել որոշ կարծրատիպեր: Ներկա իրավիճակի առանձնահատկություններից է, որ գործնականում ջնջված են պատերազմի ու խաղաղության սահմանները, վերջնականապես արժեզրկվում է միջազգային իրավունքը: Որոշ վերլուծաբաններ այս վիճակը բնորոշում են «բոլորի պայքարը բոլորի դեմ: Ակդ պատճառով աշխարհն այսօր նույնացվում է ոչ թե շախմատի տախտակի, այլ քիքբոքսինգի հարթակի հետ: Այս պայմաններում քաղաքականություն վարելը պահանջում է ինտելեկտուալ ու բազում այլ ռեսուրսներ, բայց նախևառաջ` շախմատիստի մտածելակերպից այլ մտածելակերպ:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աշոտ Թավադյանը գտնում է, որ ԵԱՏՄ-ն զրոյից չի ստեղծվել, այլ այն ինֆրակակառույցների հիման վրա, որ ձևավորվել էին նորանկախ պետությունների Ռուսական կայսրությունում ու ԽՍՀՄ-ում գտնվելու 100-ամյակում: Նրա զեկուցման թեման ԵԱՏՄ-ի նշանակությունն էր Հայաստանի տնտեսության համար:

Անփոփոխ են մնացել էներգետիկ ու տրանսպորտային համակարգերը, ԽՍՀՄ-ի ժամանակ կառուցված խողովակաշարերը, երկաթուղիներն ու ավտոմայրուղիները: Նա գտնում է, որ էներգետիկան ու տրանսպորտային համակարգն են դարձել եվրասիական ինտեգրման լոկոմոտիվը: Ռեալ, ակտիվ, ազգային դիվանագիտությանը, ավանդական արժեքներին ու միջազգային իրավունքի վրա հենված քաղաքականությունը աստիճանաբար ստեղծել է եվրասիական տարածքը: ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը և այլ նախագծեր հետխորհրդային տարածքում դինամիկ զարգացել են: Նրա կարծիքով` ԵԱՏՄ-ն բոլոր հնարավորություններն ունի դառնալ լիարժեք և մրցունակ վերազգային միավորում, որ ի զորու է արդյունավետ ու համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն վարել, համակարգել տարադրամային քաղաքականությունը և ձեռքբերել ֆինանսական ու տնտեսական ինքնիշխանություն: Աշոտ Թավադյանի գնահատականով` Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ապա ԵԱՏՄ-ին ռազմավարական քայլեր էին, որ երաշխավորեցին Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական զարգացումը: Տարածաշրջանի մարտահրավերները հաշվի առնելով`Հայաստանի անվտանգության առանցքային երաշխիքը եվրասիական ինտեգրումն է, տնտեսական ու ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի ու նրա դաշնակիցների հետ: Ինտեգրացիոն գործընթացները և ռազմաքաղաքական համագործակցությունը սերտ փոխկապակցված են: Նա արդիական է համարում Չինաստանի, Հնդկաստանի հետ միասնական տարածքի ձևավորումը` կարևորելով ՇՀԿ-ի ներուժը: Նա նշեց, որ 2017-ին առաջին անգամ Հայաստանից արտահանումը կազմեց 2.2 միլիարդ դոլար և արտահանման 25% աճ գրանցվեց: ԵԱՏՄ անդամակցության 2 տարիներին Հայաստանի արտահանումը աճել է 50%, որ մրցունակության համար կարևոր գործոն է: Ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ աճել է 30%` կազմելով 1,750 միլիոն դոլար: Առաջնահերթ խնդիր է արտահանման դիվերսիֆիկացումը: 2017-ին աճել է քիմիական ու դեղագործական արտադրանքի արտահանումը (71.4 %), փայտանյութի (50.5%), տեքստիլի (35%), սննդի (27%): Պետք է օգտագործել ԵԱՏՄ պայմանագրի բոլոր հնարավորությունները համաետղ ձեռնարկությունների ստեղծման համար: Հեռանկարներ կան ԵԱՏՄ երկրների հետ պաշտպանական արդյունաբերության, նանոտեխնոլոգիայի, մեքենաշինության, սարքաշինության ոլորտներում, ներդրումների ներգրավման հեռանկարներ կան շինանյութերի և գունավոր մետաղների, քիմիական ու թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերութան մեջ:


Անահիտ Ադամյան
Հ.Գ. Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը հավարտ կլոր սեղանի` ամփոփեց արդյունքները.
-Եվրասիական փորձագիտական ակումբը այս քննարկումը կազմակերպում էր ավելի քան մեկ ամիս: Այն զեկուցումները, որ այսօր հնչեցին, մեր մշակումներն են եվրասիական տնտեսական ինտեգրման հեռանկարային զարգացման հարցեր, որ դարձել են արդիական, երբ հարկ էր իմաստավորել մեր երկրի տեղն ու դերը եվրասիական ինտեգրման գործընթացում: Եվ ՌԴ, և Բելառուսի, և Ղազախստանի դեսպանատները տեղյակ էին մեր փորձագիտական ուսումնասիրությունների մասին, մեծ հետաքրքրություն են դրսևորում և այսօր այստեղ ունեին իրենց ներկայացուցիչներին: Մենք անպայման տարածելու ենք մեր ուսումնասիրությունները, նաև Հայաստանի սահմաններից դուրս: Հուսամ, որ ԵԱՏՄ կենտրոնակայանում` ԵՏՀ-ում ևս մեր նյութերը պահանջարկված են լինելու` նկատի ունենալով, որ Եվրասիական շաբաթն այս տարի անցլացվելու է Հայաստանում հոկտեմբերի` 23-26-ին և կարևոր է այդ շաբաթը դարձնել ինտելեկտուալ մտքի տոն, երբ եվրասիական տարածքի լավագույն մտածողները կկարողանան միմյանց հետ փոխանակել իրենց տեսակետները: Եվրասիական փորձագիտական ակումբը եվրասիական շաբաթին մասնակցելու է ամենաակտիվ կերպով:
«Նորավանքում» կազմակերպված քննարկման բոլոր նյութերը տեղակայված են soyuzinfo.am կայքում:

Դիտվել է՝ 3070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ