Աստծո կանչը
Հունվարի 6
Առաջնորդիր ինձ, ո՛վ մեծազոր Աստված, քանզի պանդուխտ եմ այս օտար երկրի մեջ, ես տկար եմ միշտ, բայց դու զորավոր, առաջնորդիր ինձ Քո հզոր ձեռքով:
Պետք է աղոթես: Ճանապարհը կբացվի: Աստված հոգ կտանի և Իր ծրագրերի էջերը մեկ առ մեկ կբացի քեզ համար: Պարզապես սիրիր և սպասիր:
Սերը բանալի է:
Չկա դուռ, որ սերը չկարողանա բացել:
Վախենալու պատճառ չկա բնավ:
Աստված հոգ տարավ ու պաշտպանեց քեզ:
Հուսա շարունակ և ուրախ եղիր:
Քո հույսն առանց կասկածի թող լինի:
Հանդարտ եղիր: Հանդարտ` Իմ հզոր ներկայությամբ:
Երբեք մի՛ հրաժարվիր աղոթքի ու առանձնության մեջ ներամփոփվելու այս ժամերից, աղոթիր ու կարդա Սուրբ Գիրքը, սովորիր ու ջանա ներդաշնակության մեջ պահել քո ներքին կյանքը:
Սա քո անելիք գործն է, իսկ Իմը` քեզ գործածելը: Իմ գործիքները պետք է կազմ ու պատրաստ լինեն, որ ես կարողանամ լավագույն ձևով գործածել նրանց:
Քեզ ենթարկիր խիստ կարգ ու կանոնի և որքան հնարավոր է կատարելագործիր քեզ: Դու այսպես վարվիր և կտեսնես, որ շուտով պատասխան կստանաս անգամ քո ամենաթռուցիկ մտածումների համար. քո բոլոր ցանկությունները գոհացում կստանան, և քո կատարած յուրաքանչյուր գործը իր նպատակին կհասնի:
Հզոր ու ահավոր է Իմ զորությունը: Դու միայն ուշադիր եղիր, որ սխալ բան չցանկանաս, չկամենաս մի բան, որ անհամաձայն լինի Իմ Հոգուն:
Բոլոր վնասակար մտածումները պետք է դուրս շպրտվեն: Իմ հրաշագործ զորությունը սխալ ձեռքերի մեջ կարող է վերածվել կախարդության: Ահա թե ինչու եմ Ես անհրաժեշտ համարում հոգալ նախ և առաջ ձեր իսկ կյանքի մաքրության ու բարության համար: Շուտով, շատ շուտով դու պիտի խնդրես, և Ես անմիջապես պիտի կատարեմ քո ցանկությունը: Սիրով կատարիր քո ինքնակրթանքը: Որովհետև առանց դրա Ես չեմ համարձակվի Իմ ուժը քո տրամադրության տակ դնել: Այլապես կարող է վնասել քեզ:
Շատ մի՛ մտահոգվիր ուրիշների կյանքի համար: Թո՛ղ այդ ամենը Աստծո հայեցողությանը` զորության միջոցով: