Նիկոլ Փաշինյանն իրեն կցվածների բերանով շարունակում է հանցավոր կերպով մոլորեցնել, քնեցնել մեր հանրությանը և բթացնել մարդկանց զգոնությունը:
Ինչպես որ 2023-ին Արցախի պահով էին գիտակցված ձևով խաբում ժողովրդին, այնպես էլ հիմա են մոլորեցնում, թե բա՝ անհանգստանալու կարիք չկա, Արևմուտքը մեզ կօգնի: Իրենք 2022-ի հոկտեմբերի 6-ին պաշտոնապես հանձնել էին Արցախը, բայց 2023-ին, երբ Արցախը շրջափակված էր, փափուկ բարձ էին դնում, թե, իբր, Արևմուտքը թույլ չի տա էթնիկ զտում:
Հիմա էլ, դեմքի նույն արտահայտությամբ և Աստծո անունը տալով, խոսում են Սյունիքի մասին, ինչը շատ վատ նշան է:
«Ադրբեջանի իշխանությունը բռնատիրական երկրի մի փոքր սուլթանիկ է, որը ուզում է արցախցիներին բռնի տեղահանել, բայց դա տեղի չի ունենալու, որովհետև էդ դեմ է Միացյալ Նահանգների և Եվրոպայի ընդհանուր գաղափարախոսությանը»: «ԱՄՆ-ի համար, ի բախտավորություն մեզ` Սյունիքի միջանցքը կարմիր գիծ է, և՝ փառք Տիրոջը...»:
Այս երկու հայտարարությունները Նիկոլին կցված նույն մարդն է արել: Տեղին է նաև հիշեցնելը, թե ինչպես էր Նիկոլը հայտարարում, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ ու ինչ եղավ դրանից հետո, և հիմա ինչ է հայտարարում:
Այնպես որ, մեր երկրի անվտանգության թիվ մեկ մարտահրավեր է շարունակում մնալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը, և որը իր ու տնաբույծ եվրաթուրքերի բերանով պարբերաբար խաբում է ՀՀ քաղաքացիներին՝ խաղաղություն խոստանալով, բայց պատերազմ ու պարտություն բերելով:
Անդրանիկ Թևանյան