Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ոչ ոք ճրագը չի վառի և մահճակալի տակ չի դնի այն»

«Ոչ ոք ճրագը չի վառի և մահճակալի տակ չի դնի այն»
07.06.2013 | 11:34

Վերջերս իմ անձնական գրադարանը հարստացավ երկու արժեքավոր գրքով` Գրիգոր Մովսիսյանի «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» և անգլերենից նրա թարգմանությամբ` Սադհու Սունդար Սինգհի «Տիրոջ ոտքերի մոտ» աստվածաբանական երկերով: Երկու գիրքն էլ նկարազարդել է գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը` ընթերցողին նաև պատկերների լեզվով հասու դարձնելով այդ գրքերի խորախորհուրդ բովանդակությունը: Գրքերը հատվածաբար տպագրվում են «Իրատես de facto»-ի համարներում, ինչպես և տեղադրված են մեր կայքի «Օնլայն ընթերցում» բաժնում:
Իմ հյուրն այսօր ԳՐԻԳՈՐ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ է:

-Գրիգոր, իբրև գրող և թարգմանիչ` Դուք ընտրել եք աստվածաբանության թեման: Ինչպե՞ս Ձեր բուն մասնագիտությունից` տնտեսագիտությունից, հասաք մինչև աստվածաբանություն և ինչպե՞ս հղացաք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ու հայ հեթանոսական դիցարանի աստված Վահագնի միջև զուգահեռներ նշմարելու և դրանք բանաստեղծորեն վերլուծելու գաղափարը:
-Նախ` ասեմ, որ գրողի կամ թարգմանչի կոչումն ինձ վերագրել չեմ համարձակվում. դրանք շատ բարձր կոչումներ են: Կարծում եմ` առայժմ դրանց չեմ հասել: Իսկ գրքիս ծնունդն ունի նախապատմություն: Դրա ստեղծումից մեկ տարի առաջ վարպետի` Մայիս Մխիթարյանի հետ կյանքի էինք կոչել Սուրբ խորանի վարագույրը: Աստվածաշնչում մի տեղ կա, ուր Տերը Մովսեսին նկարագրում է, թե ինչպիսին պիտի լինեն Սուրբ խորանի պարագաները, ասում է, որ խորանի վարագույրը պատրաստի կարմիր, կապույտ, ծիրանի կտավներից ու զարդարի քերովբեներով: Վարագույրը սրբությունը պիտի առանձնացնի սրբությունների սրբությունից. այսպես է ասում Տերը: Կարմիրը Երկիր մոլորակի խորհուրդը կրող գույնն է: Տերը մարդացավ, մեր մեղքերի համար թափեց Իր արյունը և Իր արյամբ մաքրագործեց Երկիր մոլորակը: Կապույտը խորհրդանշում է երկինքը: Երբ Տիրոջը խաչեցին, և Տերն ավանդեց հոգին, ըստ ավետարանիչների, խորանի վարագույրը վերից վար պատռվեց, բաժանվեց երկու մասի: Այսինքն` Տերն Իր խաչելությամբ, մեր մեղքերի համար Իր զոհաբերությամբ բացեց երկինքը՝ ճանապարհը դեպի երկնային արքայություն: Տերն ասել էր, որ պիտի տեսնեն երկինքը բացված և Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս ու իջնելիս մարդու Որդու վրա: Ծիրանին խորհրդանշում է տիեզերքը: Աստվածաշնչի սկզբում, ուր նկարագրվում է արարչագործությունը, Տերն ասում է, թե թող տարածությունը բաժանի տարածության ներքևում եղած ջրերը տարածության վերևում եղած ջրերից, և տարածությունը երկինք է կոչում: Այսինքն` խոսքը երկնքից վեր գտնվող ջրերի՝ տարածության մասին է: Սաղմոսերգուն սաղմոսներում ասում է. «Օրհնեցե՛ք նրան, երկինքների երկինքներ և ջրեր, որ վեր եք երկնքից»:
-Այս խորհուրդները, փաստորեն, իրենց արտացոլումն են գտել Ձեր ստեղծած վարագույրում:
-Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և վարպետ Մայիս Մխիթարյանի հետ որոշեցինք վարագույրը կյանքի կոչել և նվիրել Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ: Վարպետը շուրջ չորս-հինգ ամիս աշխատեց քերովբեների կերպարների վրա: Արդյունքում հրաշալի մի աշխատանք ստացվեց: Վարագույրը ներկայումս կախված է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց առաջնորդանիստ եկեղեցու խորանում: Խորանի աստվածացույց վարագույրի պատրաստման աշխատանքներն ավարտելուց հետո ես երկար խորհում էի «կարմիր», «կապույտ», «ծիրանի» գույների` «երկնքի», «երկրի», «երկնքից վեր գտնվող ջրերի» խորհուրդն ունենալու մասին: Զուգադրում էի դրանք «Վահագնի ծնունդը» մարգարեական գրվածքին, որն սկսվում է «երկինք», «երկիր», «ծով ծիրանի» բառերով: Մի՞թե այն նվիրված է հեթանոսության աստծուն. ես չէի հավատում նման զուգադիպությանը: Եվ Աստվածաշնչի հերթական ընթերցանության ժամանակ Տերը թույլ տվեց տեսնել այն հատվածները, որոնք պարզորոշ բացահայտում են բանաստեղծության տողերը և հաստատում, որ դա նկարագրությունն է մեր Տիրոջ երկրորդ գալստյան, Նրա արդար դատաստանի իրականացման, Նրա լուսեղեն կերպարի: Ավետարաններում մի հատված կա, որտեղ աշակերտները հարցնում են Տիրոջը, թե երբ է լինելու Նրա երկրորդ գալուստը, կամ որն է լինելու Նրա երկրորդ գալստյան նշանը: Տերը պատասխանում է, թե կլսվեն պատերազմի ձայներ, կլինեն ավերածություններ, սով, համաճարակ ու երկրաշարժեր: Սակայն այդ ամենը լինելու է սկիզբը երկունքի: Երկունքի ցավեր ունենում են մեր մայրերը, մեր կանայք, երբ լույս աշխարհ են բերում մեզ՝ սովորական մահկանացուներիս: Իսկ ո՞վ պիտի կրի Տիրոջ գալստյան երկունքի ցավերը: Բնականաբար՝ երկինքը, երկիրը և ողջ տիեզերքը, ինչպես անչափ նրբորեն ներկայացված է բանաստեղծության առաջին մասում.
Երկնում էր երկինք,
երկնում էր երկիր,
Երկնում էր և
ծովը ծիրանի.
Երկունքը բռնել էր
ծովում
Նաև կարմրիկ
եղեգնիկին:
Եվ եթե երկնքի, երկրի և երկնքից վեր գտնվող ջրերի՝ ծով ծիրանու երկունքը նշանն է մեր Տիրոջ երկրորդ գալստյան, ապա կարմրիկ եղեգնիկի երկունքը նշանն է մեր գործած անօրինությունների հատուցման: ՈՒ ինչպես եղեգն է կրակից անմիջապես այրվում, մոխրանում, նույնպես և Տիրոջ լուսեղեն ու հրեղեն ներկայությունից իրենց գործած մեղքերի ամոթից այրվելու են բոլոր անօրենները: Մեր թվարկությունից առաջ 7-6-րդ դարերում, եթե չեմ սխալվում, ժամանակներն այնպես էին դասավորվել, որ Եսավի (Եդոմի) տունը թշնամաբար էր տրամադրված իր եղբայրակից, արյունակից Հակոբի և Հովսեփի տների նկատմամբ: Այդ թշնամանքը հասավ իր ծայրահեղությանը, երբ թշնամիները գրավեցին Երուսաղեմը, և Եսավի տունը, միանալով իր ազգակիցների թշնամիներին, մասնակիցը եղավ նրանց կեղեքման, կողոպտման ու սպանության: Պարզ է, որ Տերը դա չէր ներելու, և Աբդիուի մարգարեության մեջ ասվում է.
«Հակոբի տունը կրակ կդառնա,
Հովսեփի տունը՝ բոց,
իսկ Եսավի տունը՝ եղեգ.
նրանք կվառվեն նրա շուրջը և կուտեն այն,
և Եսավի տանը կրակ անող չի մնա, քանի որ Տերը խոսեց»:
Կարմրիկ եղեգնիկի օրինակով Եսավի տան, այսինքն` բոլոր անօրենների, պատվիրանազանցների նկատմամբ անխուսափելի արդար դատաստանի իրականացումն է հենց պատգամում բանաստեղծության երկրորդ մասը.
Եղեգնի փողովը ծուխ էր ելնում
Եղեգնի փողովը բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում
Մի պատանեկիկ:
Աստվածաշնչյան մի շարք գրվածքներում (Եսայու, Հովելի, Մաղաքիայի, Դանիելի մարգարեություններ, Ղուկասի, Մատթեոսի ավետարաններ, Գործք առաքելոց, Հովհաննեսի հայտնություն և այլն) Տերը ներկայացվում է արեգակնային՝ լուսեղեն և հրեղեն նկարագրով: Օրինակ` Հովհաննես ավետարանիչը հայտնության մեջ ասում է. «Նրա աչքերն էին ինչպես կրակի բոց... և Նրա երեսը փայլում էր ինչպես ճառագայթող արեգակը»: Տիրոջ արեգակնային՝ լուսեղեն և հրեղեն նկարագրի շունչն է արտահայտում բանաստեղծության երրորդ մասը.
Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ,
Նա հուր մազեր ուներ, (ապա թե`)
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ:

-Ինչպե՞ս Ձեզ համար բացահայտեցիք «Տիրոջ ոտքերի մոտ» գրքի հեղինակին, ինչպե՞ս գտաք այս գիրքը:
-Հեղինակի մասին իմացա տարիներ առաջ: «Անահիտ» հրատարակչությունը` Արտակ Ոսկանյանի գլխավորությամբ, լույս էր ընծայել Սադհու Սունդար Սինգհի մասին պատմող մի հրաշալի գիրք: Այն ինձ հասել էր վարպետ Մայիս Մխիթարյանի միջոցով: Այնուհետև Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հայերեն թարգմանեց Սադհու Սունդար Սինգհին առնչվող մեկ այլ աշխատություն` «Սադհուի իմաստությունը»: Կարդացել էի ու շատ տպավորվել: Դրանից հետո սկսեցի համացանցում որոնել հեղինակի մասին այլ նյութեր, նրա գրած ստեղծագործությունները: Իմ փնտրտուքի արդյունքն էլ այն եղավ, որ համացանցում գտա «Տիրոջ ոտքերի մոտ» գիրքը, և վարպետ Մայիս Մխիթարյանի հետ որոշեցինք այն կյանքի կոչել ու անպայման հանրությանը մատուցել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության օրը՝ սուրբ Զատկին:
-«Իմ աղոթքն է, որ ինչպես ինձ է Աստված իր ողորմածությամբ ու գթասրտությամբ երանություն պարգևել այդ ճշմարտություններով, դրանք երանություն լինեն նաև յուրաքանչյուր ընթերցողի համար»,- կարդում ենք գրքի «Նախաբանում»: Երանության այդ զգացողությունը Դուք ապրե՞լ եք` այսքան խորացած լինելով «Տիրոջ ոտքերի մոտ» աշխատության մեջ:
-Ես գիտակցում եմ, որ արժանի չեմ Սադհու Սունդար Սինգհի չափ ապրելու այդ երանությունը, բայց ինչ-որ չափով Տերը նաև ինձ է դա թույլ տվել: Դրա շնորհիվ էլ կյանքի ենք կոչել այս գիրքը:
-Գրքի «Աղոթք, Մաս 2-րդ» հատվածում մի հետաքրքիր պատմություն է ներկայացվում. մոր ապահով գրկում գտնվող երեխան հրապուրվում է գեղեցիկ ծաղկով, նետվում է դեպի այն և գլխիվայր ընկնում ժայռից ու մահանում: Մենք` սովորական մահկանացուներս, ունե՞նք այնքան իմաստնություն, խորագիտություն, որ կարողանանք իսկական գեղեցկությունը, աստվածահաճո արժեքները տարբերել ամեն քայլափոխի մեզ գայթակղող և հրապուրող թվացյալ գեղեցկից ու արժեքավորից: Ո՞րն է դեպի այդ իմաստնությունը տանող ճանապարհը` ըստ Ձեզ:
-Այդ ճանապարհը Տիրոջ տասը պատվիրաններն են: Դրանք մեզ առաջնորդում են և կանգնեցնում դեպի Տերը տանող ճանապարհի վրա: Մենք ամեն օր` երեկոյան, մեր ապրած այդ օրվա կյանքի համար պետք է ինքներս մեզ հաշվետվություն տանք: Ի՞նչն ենք սխալ արել, ինչքանո՞վ ենք շեղվել Աստծու պատվիրաններից, ինչո՞ւ չենք պահել դրանք: ՈՒ հաջորդ օրը պետք է արթնանանք` այդ պատվիրանները պահելու ձգտումով: Եվ պատվիրաններից, Աստծու խոսքը ներկայացնող գրքերից բխող իմաստնություններով առաջնորդվելով էլ կկարողանանք Տիրոջ օրենքներով ապրել, տարբերել իսկական արժեքները կեղծից: Հասկանալի է, որ պատվիրաններով ապրելը, դրանց խստորեն, անշեղորեն հետևելը շատ դժվար է: Մարդու շուրջը կատարվող իրադարձությունները, գայթակղությունները, նրա կենսակերպը զուգորդող սոսկ երկրային երևույթները այնքան շատ են, որ դրանց առկայության պայմաններում դժվար է լիովին հավատարիմ մնալ պատվիրաններին, բայց մենք ամեն կերպ պետք է փորձենք չշեղվել ճշմարիտ ուղուց և գնալ այն ճանապարհով, որը տանում է դեպի լույսը, դեպի Տերը:
-Գիրքը վկայում է այն մասին, որ աստվածային հրաշագործությունների մեջ մարդը, սովորական մահկանացուն էլ ունենում է մասնակցության իր բաժինը: Մահացած Ղազարոսին վերակենդանացնելու օրինակով ասվում է, թե գերեզմանաքարը տեղաշարժելը եղավ մարդու` Հիսուսի աշակերտների ձեռքով, իսկ մահացածին կյանք տալը` Տիրոջ: «Իմ աշակերտների գործն է հեռացնել արգելքի ու դժվարության գերեզմանաքարերը, սակայն կյանք պարգևելն Իմ գործն է»,- պարզաբանում է Տերը: Այսինքն` Տիրոջ ցանկությունն է մարդուն օժտել իր հրաշագործությանը մասնակից, աջակից դառնալու շնորհներո՞վ:
-Հիշենք հայտնի առակը մանանեխի հատիկի չափ հավատ ունենալու մասին: Հավատի զորությունը բխում է ապրած կյանքի մաքրությունից: Եվ կրկին ասեմ. եթե մենք պատվիրանները պահենք, օժտված կլինենք սովորական մարդու համար աներևակայելի հնարավորություններով:
-Ի՞նչ ազդեցություն են ունեցել հայ աստվածաբանները, նրանց երկերը այս գրքերի վրա աշխատելու ընթացքում:
-Ամենակարևոր գիրքը՝ Աստվածաշունչը, կարդում եմ շատ հաճախ, մյուս գրքերը` ոչ այնքան: Դժվար է քաղցրահամ և սառնորակ ջրի ջինջ աղբյուրով ծարավը հագեցնող մարդու համար հագենալ այլ ջրով: Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ ինձ վրա, անշուշտ, կա մեր հավատավոր ժողովրդի շնորհաշատ զավակների ազդեցությունը` սերնդեսերունդ մեզ փոխանցված հոգևոր-մշակութային պարարտ միջավայրի, գեների միջոցով: Օրինակ` սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աստվածաշնչահենք աշխատությունը միայն տարիներ առաջ էր, որ սկսեցի կարդալ: Մինչ այդ, կարծում եմ, հասու չէի, արժանի չէի Նարեկացի կարդալուն: Բայց դեռ դպրոցական վաղ տարիներից սկսած` երբ Նարեկացու մասին խոսք էի լսում, անմիջապես զգաստանում էի` առանց հասկանալու, թե ինչն էր այդ հոգենորոգ ազդեցության պատճառը: «Մատյան ողբերգությանը» կարդալիս ինձ միշտ թվում էր, թե տիեզերքի մեղեդին եմ լսում: Տերն ասում է, թե ոչ ոք ճրագը չի վառի և մահճակալի տակ չի դնի այն, այլ կվառի և կդնի աշտանակի վրա: Մենք փորձել ենք ընդամենը կյանքի կոչել Տիրոջ այդ խոսքերը՝ վառելով և աշտանակի վրա դնելով ստացած ճրագները՝ հանձնելով մեր հավատավոր ժողովրդի իմացությանն ու դատին:
-Այսօրինակ այլ գրքերի ծնունդ սպասվո՞ւմ է առաջիկայում:
-Եթե Տերը թույլ տա, կարողանանք առօրյա հոգսերից կտրվել, կենտրոնանալ Կենաց խոսքի վրա, Աստվածաշնչից բխող մեկ-երկու աշխատություն ևս կփորձենք կազմել և ներկայացնել հանրությանը գրքի տեսքով:
-Այսօր շատ հաճախադեպ են դարձել հոգևոր այրերի վերաբերյալ հնչող քննադատական գնահատականները, առավել շատ ուշադրություն են գրավում նրանց վարած երկնային կյանքը, նյութական աժեքներին նախապատվություն տալու փաստերը: Ինչպե՞ս եք գնահատում այս երևույթը:
-Կարծում եմ` դա սխալ մոտեցում է: Նախ ես շատ փոքր եմ մեր ժողովրդի նկարագրի մասին խոսելու, դատելու համար, բայց մի բան ակնհայտ է. մենք ավելի շատ հարգանքով ենք խոսում գնացածների, մահացածների մասին: Քանի դեռ մարդը կենդանի է, մեր ժամանակակիցն է, փորձում ենք քարկոծել նրան, իջեցնել մեր մակարդակին և չափել մեր պատկերացումներով: Տերն ասում է` ուրիշի աչքի միջի շյուղը տեսնելուց առաջ սեփական աչքի գերանը պետք է հանել: Մեր կողքին ապրողին գնահատելով, օգնելով կամ գոնե չխանգարելով` կնպաստենք, որ նա ավելի ճիշտ և լավ ծառայի մեր ժողովրդին, մարդկանց` ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի: Եվ դրանից կշահենք բոլորս:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ