«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է դրամատիկ դերերի դերասանուհին
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի այս տարվա պատվավոր հյուրերից մեկի՝ Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը մեկնարկեց Հարավ-արևմտյան թաղամասի նորաբաց «Հայաստան» կինոթատրոնում՝ դերասանուհու ներկայությամբ: Ցուցադրվեց Ռոման Պոլանսկու «Թես» ֆիլմը՝ նկարահանված 1979 թվականին: Դեռատի աղջնակը երեք ժամ տևողությամբ ֆիլմում մարմնավորել է դրամատիկ մի կերպար, որի տպավորությունը դժվար է հաղթահարել ֆիլմը դիտելուց հետո՝ ոչ միայն սյուժեի, այլև Նաստասյա Կինսկիի անօրինակ դերասանական խաղի շնորհիվ:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ հանդիսատեսը բախտ ունեցավ անձամբ տեսնելու Նաստասյա Կինսկիին և շփվելու նրա հետ: Դերասանուհուն ներկայացրին «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և կինոգետ Դավիթ Մուրադյանը: Վերջինս նկատեց, որ Կինսկիի դերերում ասելիքը չի սահմանափակվում այնքանով, ինչ մենք լսում ենք նրա շուրթերից. «Նա չասվածների տաղանդն է»: Ապա հավելեց, որ կնոջ գեղեցկությունը դառնում է կրկնակի, երբ դրան գումարվում է տաղանդը, և Նաստասյա Կինսկիի դեպքում գեղեցկությունը կրկնակի է:
Նաստասյա Կինսկին հայտարարեց, որ զգացված է Հայաստանում իր հանդեպ տածած ջերմ վերաբերմունքից ու ևս մեկ անգամ ընդգծեց իր ուրախությունը Օռնելա Մուտիի հետ Հայաստանում միաժամանակ գտնվելու առիթով:
«Ես կյանքում շատ հաջողություններ եմ ունեցել,- ասաց նա,- և երբ հաջողությունը գալիս է մեզ մոտ, մենք պետք է արագ վերցնենք այն: Հրաշալի բան է երիտասարդ մնալը: Բայց մեծանալն էլ մարտահրավեր է, դժվար: Պետք է այդ ընթացքում աշխատենք չսայթաքել, սխալներ չգործել: «Թեսը» պատմում է մի աղջկա մասին, որին պետք էր ուժեղ լինել: Դժվարն այն է, որ միշտ կա սայթաքելու վտանգը, բայց պետք է ուշադիր լինել, որպեսզի դա չպատահի: Մենք պետք է միշտ հավատանք կյանքին և հավատանք ինքներս մեզ, մանավանդ այն պահերին, երբ դժվար է»:
Մեկ օր անց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ նա նշեց. «Երազանքին հասնելու համար պետք է շատ աշխատել: Եվ պետք է լավ ճանաչել թե՛ հաղթանակը, թե՛ պարտությունը»:
Նա պատմեց, որ շատ է սիրում ճամփորդել և նախընտրում է միայնակ զբոսնել՝ քաղաքը բացահայտելու համար: Ինչ և արել է Երևանում՝ հանգելով այն եզրակացությանը, որ մեր քաղաքը շատ հյուրընկալ է ու բաց: «Ես պատմելու շատ բան ունեմ Հայաստան կատարած իմ առաջին այցի մասին,- ասաց դերասանուհին:- Այնքա՜ն տեսնելու ու սովորելու բան կա այստեղ: Եվ ամեն ինչ այնքան գեղեցիկ է, որ ինձ թվում է, թե ես որոշ բաներ նախապես իմացել եմ: Ինձ համար կարևոր է հատկապես հիմա լինել այստեղ, որովհետև գիտեմ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մասին»:
Հարություն Խաչատրյանն ակնարկեց հետագա տարիներին փառատոնի շրջանակներում հնարավոր հանդիպման մասին՝ նոր ֆիլմով, նոր հետահայաց ցուցադրություններով, ժյուրիի նախագահի կամ ռեժիսորի կարգավիճակով /Կինսկին այժմ նկարահանում է վավերագրական ֆիլմ/:
Նաստասյա Կինսկին նկատեց, որ Հարություն Խաչատրյանը լավ վավերագրող է, և ինքը նրանից սովորելու շատ բան ունի:
Ես փորձեցի հնարավորինս պարզ հարց ուղղել Նաստասյա Կինսկիին, քանի որ Օռնելա Մուտիին ուղղած իմ «բարդ» հարցը հուզել էր որոշ դյուրագրգիռ լրագրողների և առիթ տվել այն համարելու ինտելեկտուալ ճնշում դերասանուհու /թե՞ հենց իրենց/ նկատմամբ: Ինչևէ:
«Դուք միշտ դրամատիկ կերպարներ եք մարմնավորում ֆիլմերում: Երկա՞ր ժամանակ եք մնում նրանց ազդեցության տալ, թե՞ հեշտությամբ եք բաժանվում նրանցից»,- հարցրի:
«Բոլոր դերասաններն էլ իրենց խաղացած դերերի միջով անցնում են և, իհարկե, այդ դերերից մի մասնիկ վերցնում ու պահում են իրենց մեջ: Դա նման է սպորտսմենների կյանքին. մի գործ վերջացնում ես և վերադառնում քո իրական կյանքին»,- պատասխանեց Կինսկին:
Հավելենք, որ Նաստասյա Կինսկիի մասնակցությամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագրում, «Թեսից» բացի, ընդգրկված են նաև «Փարիզ-Տեքսաս» և «Մարիայի սիրեցյալները» ֆիլմերը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ